Ժողովուրդը, տեսնելով, որ Մովսեսն ուշացավ լեռից իջնելու, հավաքվեց Ահարոնի մոտ և ասաց նրան. «Վե՛ր կաց, մեզ համար աստվածնե՛ր շինիր, որպեսզի մեր առջևից գնան. որովհետև այդ մարդը՝ Մովսեսը, որ մեզ դուրս հանեց Եգիպտոսի երկրից, չգիտենք, թե ի՛նչ եղավ»։ Ահարոնն ասաց նրանց. «Ձեր կանանց, ձեր որդիների և ձեր աղջիկների ականջներից հանե՛ք ոսկե օղերը և բերե՛ք ինձ մոտ»։ Ամբողջ ժողովուրդն իր ականջներից հանեց ոսկե օղերը և բերեց Ահարոնի մոտ։ Նա դրանք վերցրեց նրանց ձեռքից և քանդակագործի գործիքով ձև տալով դրան՝ կերտեց մի ձուլածո հորթ։ Եվ ասացին. «Սա է քո աստվածը, ո՛վ Իսրայել, որ քեզ հանեց Եգիպտոսի երկրից»։ Ահարոնը, տեսնելով այդ, զոհասեղան շինեց դրա առաջ։ Նա հայտարարեց՝ ասելով. «Վաղը տոն է Տիրոջ համար»։ Հետևյալ առավոտյան կանուխ վեր կենալով՝ ողջակեզներ մատուցեցին և խաղաղության զոհեր բերեցին։ Ժողովուրդը նստեց ուտելու և խմելու։ Ու վեր կացան պարելու։
Տերն ասաց Մովսեսին. «Գնա՛, իջի՛ր, որովհետև ապականվեց քո ժողովուրդը, որին դուրս հանեցիր Եգիպտոսի երկրից։ Նրանք շուտով շեղվեցին այն ճանապարհից, որ պատվիրեցի իրենց։ Ձուլածո հորթ շինեցին իրենց համար, երկրպագեցին նրան, զոհեր մատուցեցին նրան և ասացին. “Սրանք են քո աստվածները, ո՛վ Իսրայել, որ քեզ հանեցին Եգիպտոսի երկրից”»։ Տերն ասաց Մովսեսին. «Տեսա այս ժողովրդին. ահավասիկ խստապարանոց ժողովուրդ է նա։ Այժմ թո՛ւյլ տուր ինձ, որ իմ բարկությունը բորբոքվի նրանց դեմ, և կոտորեմ նրանց, բայց քեզ մեծ ազգ դարձնեմ»։ Մովսեսն աղաչեց իր Տեր Աստծուն՝ ասելով. «Ո՛վ Տեր, ինչո՞ւ բորբոքվի քո բարկությունը քո ժողովրդի վրա, որին դուրս հանեցիր Եգիպտոսի երկրից քո մեծ զորությամբ և հզոր բազկով։ Ինչո՞ւ եգիպտացիները խոսեն և ասեն, թե չար մտադրությամբ դուրս հանեց նրանց, որպեսզի լեռների վրա սպանի և երկրի երեսից բնաջնջի նրանց։ Մեղմացրո՛ւ քո սաստիկ բարկությունը և վերացրո՛ւ այս չարիքը քո ժողովրդի վրայից։ Հիշի՛ր քո ծառաներ Աբրահամին, Իսահակին և Իսրայելին, որոնց դու երդվեցիր քո անձով և ասացիր նրանց. “Երկնքի աստղերի չափ պիտի շատացնեմ ձեր սերունդը և այս ամբողջ երկիրը, որի մասին խոսեցի, ձեր սերնդին պիտի տամ, և հավիտյան պիտի ժառանգեն”»։ Եվ Տերը ետ կանգնեց այն չարիքից, որ ասել էր, թե պիտի աներ իր ժողովրդին։
Մովսեսը դարձավ և իջավ լեռից։ Նրա ձեռքին էին վկայության երկու տախտակները։ Տախտակների երկու երեսին էլ գրված էր. թե՛ այս կողմից և թե՛ այն կողմից նրանք գրված էին։ Տախտակներն Աստծու գործն էին, և գրվածքն Աստծու գրվածքն էր՝ տախտակների վրա փորագրված։ Հեսուն, լսելով աղաղակող ժողովրդի ձայնը, ասաց Մովսեսին. «Բանակատեղիում պատերազմի ձայն կա»։ Մովսեսն ասաց. «Դա ո՛չ հաղթության աղաղակ է և ո՛չ էլ պարտության աղաղակ. այլ երգի ձայն եմ լսում ես»։ Երբ մոտեցավ բանակատեղիին և տեսավ հորթն ու պարողներին, Մովսեսի բարկությունը բորբոքվեց, տախտակները շպրտեց իր ձեռքից և դրանք կոտրատեց լեռան ստորոտին։ Վերցրեց նրանց կերտած հորթը և կրակով այրեց ու մանրեց, մինչև որ փոշու վերածեց. ցանեց ջրի վրա և խմեցրեց Իսրայելի որդիներին։
Մովսեսն ասաց Ահարոնին. «Այս ժողովուրդն ի՞նչ արեց քեզ, որ դու նրանց վրա այս մեծ մեղքը բերեցիր»։ Ահարոնն ասաց. «Թող իմ տիրոջ բարկությունը չբորբոքվի. դու գիտես այս ժողովրդին, որ հակված է չարին։ Նրանք ինձ ասացին. “Մեզ համար աստվածնե՛ր շինիր, որպեսզի մեր առջևից գնան, որովհետև այդ մարդը՝ Մովսեսը՝ Եգիպտոսի երկրից մեզ դուրս հանողը, չգիտենք, թե ի՛նչ եղավ”։ Ես նրանց ասացի. “Ով որ ոսկի ունի, թող հանի, և բերեն ինձ մոտ”։ Ես այն նետեցի կրակը, և դուրս եկավ այս հորթը»։
Մովսեսը տեսավ, որ ժողովուրդը անզուսպ է (որովհետև Ահարոնը անզուսպ էր դարձրել նրանց՝ իրենց թշնամիների մեջ խայտառակ լինելու համար)։ Մովսեսը, կանգնելով բանակատեղիի դռան մոտ, ասաց. «Ով որ Տիրոջն է պատկանում, ինձ մոտ թող գա»։ Եվ Ղևիի բոլոր որդիները հավաքվեցին նրա մոտ։ Եվ ասաց նրանց. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Ամեն մարդ իր սուրը թող կապի իր մեջքին։ Բանակատեղիի մի դռնից մյուսն անցեք-դարձե՛ք, և ձեզնից յուրաքանչյուրը թող սպանի իր եղբորը, յուրաքանչյուրը՝ իր ընկերոջը, յուրաքանչյուրը՝ իր հարևանին”»։ Ղևիի որդիները Մովսեսի խոսքի պես արեցին, և այդ օրը ժողովրդի միջից մոտ երեք հազար մարդ ընկավ։ Ապա Մովսեսն ասաց. «Այսօր դուք նվիրվեցիք Տիրոջը. ձեզնից ամեն մեկն իր որդու և իր եղբոր դեմ ելավ. Տերը ձեզ օրհնեց այսօր»։
Հաջորդ օրը Մովսեսն ասաց ժողովրդին. «Դուք մեծ մեղք գործեցիք. հիմա ես կբարձրանամ Տիրոջ մոտ, գուցե քավություն անեմ ձեր մեղքերի համար»։ Մովսեսը վերադարձավ Տիրոջ մոտ և ասաց. «Ա՜հ, այս ժողովուրդը մեծ մեղք գործեց. նրանք իրենց համար ոսկե աստվածներ կերտեցին։ Բայց հիմա եթե ներելու ես նրանց մեղքերը, ների՛ր, ապա թե ոչ, աղաչում եմ, ջնջի՛ր ինձ քո գրած գրքից»։ Տերն ասաց Մովսեսին. «Ով մեղանչել է իմ դեմ, ես նրա՛ն կջնջեմ իմ մատյանից։ Իսկ հիմա գնա՛ և ժողովրդին տա՛ր այնտեղ, ուր քեզ ասացի։ Ահա իմ հրեշտակը կգնա քո առջևից. բայց իմ այցելության օրը նրանց մեղքը իրենց վրա պիտի բերեմ»։ Եվ Տերը հարվածեց ժողովրդին պատրաստված այն հորթի համար, որ շինել էր Ահարոնը։