Մովսեսն արածեցնում էր իր աներոջ՝ Մադիամի քուրմ Հոթորի հոտը։ Նա, հոտը քշելով անապատի ետևը, եկավ Աստծու լեռը՝ Քորեբ։ Տիրոջ հրեշտակը երևաց նրան մորենու միջից կրակի բոցով։ Մովսեսը տեսավ, որ մորենին կրակով վառվում էր, բայց չէր սպառվում։ Մովսեսն ասաց. «Մի գնամ ու տեսնեմ այս մեծ երևույթը, թե ինչո՛ւ մորենին այրվելով չի սպառվում»։ Տերը տեսավ, որ նա դառնում է տեսնելու համար. և Աստված մորենու միջից կանչեց նրան և ասաց. «Մովսե՛ս, Մովսե՛ս»։ Նա ասաց. «Ահա ես այստեղ եմ»։ Աստված ասաց. «Մի՛ մոտեցիր այս տեղին. հանի՛ր կոշիկներդ քո ոտքերից, որովհետև այն տեղը, ուր դու կանգնած ես, սուրբ հող է»։ Նաև ասաց. «Ես եմ քո հոր Աստվածը՝ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»։ Եվ Մովսեսը ծածկեց իր երեսը, որովհետև վախեցավ նայել Աստծուն։
Տերն ասաց. «Ես տեսա Եգիպտոսում գտնվող իմ ժողովրդի չարչարանքը և լսեցի գործավարների պատճառով նրանց աղաղակը, որովհետև իմացա նրանց կրած նեղությունները։ Եվ իջա, որ նրանց ազատեմ եգիպտացիների ձեռքից, նրանց հանեմ այն երկրից ու տանեմ մի լավ ու լայնարձակ երկիր, ուր կաթ ու մեղր է բխում, որտեղ բնակվում են քանանացիները, քետացիները, ամորհացիները, փերեզացիները, խևացիները և հեբուսացիները։ Եվ հիմա Իսրայելի որդիների աղաղակը հասել է ինձ. ես տեսա նաև այն հարստահարությունները, որոնց ենթարկում են նրանց եգիպտացիները։ Ուստի արի՛ հիմա քեզ ուղարկեմ փարավոնի մոտ, և հանի՛ր Եգիպտոսից իմ ժողովրդին՝ Իսրայելի որդիներին»։ Մովսեսն ասաց Աստծուն. «Ես ո՞վ եմ, որ գնամ փարավոնի մոտ և Իսրայելի որդիներին հանեմ Եգիպտոսից»։ Աստված ասաց. «Ես քեզ հետ կլինեմ, և սա նշան կլինի քեզ համար, որ ես եմ ուղարկել քեզ. երբ ժողովրդին հանես Եգիպտոսից, այս լեռան վրա կպաշտեք Աստծուն»։
Մովսեսն ասաց Աստծուն. «Ահա ես գնում եմ Իսրայելի որդիների մոտ և կասեմ նրանց. “Ձեր հայրերի Աստվածն ինձ ուղարկել է ձեզ մոտ”։ Եվ եթե նրանք ինձ հարցնեն, թե ի՛նչ է նրա անունը, ես ի՞նչ պատասխան տամ նրանց»։ Աստված ասաց Մովսեսին. «Ես այն եմ, ՈՐ ԵՄ»։ Եվ ասաց. «Այսպես կասես Իսրայելի որդիներին. “ԵՄ-ը ուղարկեց ինձ ձեզ մոտ”»։ Աստված դարձյալ ասաց Մովսեսին. «Այսպես կասես Իսրայելի որդիներին. “Ձեր հայրերի Տեր Աստվածը՝ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածն ուղարկեց ինձ ձեզ մոտ”։ Այս է իմ անունը հավիտյան, և այս է իմ հիշատակը սերնդից սերունդ։ Գնա հավաքի՛ր Իսրայելի ծերերին և ասա՛ նրանց. “Ձեր հայրերի Տեր Աստվածը՝ Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը, երևաց ինձ ու ասաց. "Արդարև, այցելեցի ձեզ և տեսա ձեր քաշածը Եգիպտոսում և ասացի. "Դուրս հանեմ ձեզ Եգիպտոսի չարչարանքից և տանեմ դեպի քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, խևացիների և հեբուսացիների երկիրը, ուր կաթ ու մեղր է բխում"”։ Նրանք կլսեն քո ձայնը. դու և Իսրայելի ծերերը կմտնեք Եգիպտոսի թագավորի մոտ և կասեք նրան. “Եբրայեցիների Աստվածը՝ Տերը, հանդիպեց մեզ. հիմա թո՛ւյլ տուր երեք օրվա ճանապարհ գնանք դեպի անապատ, որպեսզի զոհ մատուցենք մեր Տեր Աստծուն”։ Ես գիտեմ, որ Եգիպտոսի թագավորը թույլ չի տա ձեզ, որ գնաք, եթե մի հզոր ձեռք չստիպի նրան։ Ես կերկարեմ իմ ձեռքը և կհարվածեմ Եգիպտոսին իմ բոլոր հրաշքներով, որ պիտի գործեմ նրա մեջ. դրանից հետո ձեզ թույլ կտա գնալ։ Եգիպտացիների աչքին շնորհ գտնել կտամ այս ժողովրդին, և երբ դուրս գաք, դատարկաձեռն դուրս չեք գա. այլ ամեն կին իր հարևանուհուց և իր տանը բնակվող կնոջից կխնդրի արծաթե զարդեր և ոսկե զարդեր, զգեստներ. դրանք կդնեք ձեր որդիների և աղջիկների վրա և կկողոպտեք եգիպտացիներին»։