ԵԼՔ 24:1-11

ԵԼՔ 24:1-11 ՆՎԱԱ

Աստված ասաց Մովսեսին. «Բարձրացի՛ր Տիրոջ մոտ դու, Ահարոնը, Նադաբը, Աբիուդը և Իսրայելի ծերերից յոթանասուն հոգի և երկրպագությո՛ւն արեք հեռվից։ Միայն Մովսեսը թող մոտենա Տիրոջը, իսկ մյուսները թող չմոտենան. ժողովուրդը նրա հետ թող չբարձրանա»։ Մովսեսը եկավ և ժողովրդին պատմեց Տիրոջ բոլոր խոսքերն ու բոլոր օրենքները։ Ողջ ժողովուրդը միաձայն պատասխան տվեց և ասաց. «Կկատարենք Տիրոջ բոլոր խոսքերը, որ ասել է»։ Մովսեսը գրի առավ Տիրոջ բոլոր խոսքերը։ Առավոտյան վեր կենալով՝ զոհասեղան շինեց լեռան ստորոտին և տասներկու քարե սյուներ կանգնեցրեց Իսրայելի տասներկու ցեղերի համեմատ։ Նա Իսրայելի որդիներից երիտասարդներ ուղարկեց, որոնք ողջակեզներ մատուցեցին և խաղաղության զոհերի համար զվարակներ զոհաբերեցին Տիրոջը։ Մովսեսը, զոհերի արյան կեսն առնելով, լցրեց կոնքերի մեջ, իսկ մյուս կեսը ցողեց զոհասեղանի վրա։ Նա, վերցնելով ուխտի գիրքը, բարձրաձայն կարդաց ժողովրդին։ Նրանք ասացին. «Տիրոջ բոլոր ասածները կանենք և կհնազանդվենք»։ Մովսեսն առավ արյունը, ցողեց ժողովրդի վրա և ասաց. «Ահա այն ուխտի արյունը, որ Տերը կնքեց ձեզ հետ այս բոլոր խոսքերի համաձայն»։ Այն ժամանակ վեր բարձրացան Մովսեսը, Ահարոնը, Նադաբը, Աբիուդը և Իսրայելի ծերերից յոթանասուն հոգի։ Նրանք տեսան Իսրայելի Աստծուն. նրա ոտքերի տակ շափյուղա աղյուսներով հարդարված հատակի պես և բուն երկնքի պես պայծառ էր։ Նա իր ձեռքը չտարածեց Իսրայելի որդիների ընտրյալների վրա։ Նրանք տեսան Աստծուն և կերան ու խմեցին։