ԵԼՔ 24
24
Կնքված ուխտը
1 Աստված ասաց Մովսեսին. «Բարձրացի՛ր Տիրոջ մոտ դու, Ահարոնը, Նադաբը, Աբիուդը և Իսրայելի ծերերից յոթանասուն հոգի և երկրպագությո՛ւն արեք հեռվից։ 2Միայն Մովսեսը թող մոտենա Տիրոջը, իսկ մյուսները թող չմոտենան. ժողովուրդը նրա հետ թող չբարձրանա»։
3Մովսեսը եկավ և ժողովրդին պատմեց Տիրոջ բոլոր խոսքերն ու բոլոր օրենքները։ Ողջ ժողովուրդը միաձայն պատասխան տվեց և ասաց. «Կկատարենք Տիրոջ բոլոր խոսքերը, որ ասել է»։ 4Մովսեսը գրի առավ Տիրոջ բոլոր խոսքերը։
Առավոտյան վեր կենալով՝ զոհասեղան շինեց լեռան ստորոտին և տասներկու քարե սյուներ կանգնեցրեց Իսրայելի տասներկու ցեղերի համեմատ։ 5Նա Իսրայելի որդիներից երիտասարդներ ուղարկեց, որոնք ողջակեզներ մատուցեցին և խաղաղության զոհերի համար զվարակներ զոհաբերեցին Տիրոջը։ 6Մովսեսը, զոհերի արյան կեսն առնելով, լցրեց կոնքերի մեջ, իսկ մյուս կեսը ցողեց զոհասեղանի վրա։ 7Նա, վերցնելով ուխտի գիրքը, բարձրաձայն կարդաց ժողովրդին։ Նրանք ասացին. «Տիրոջ բոլոր ասածները կանենք և կհնազանդվենք»։ 8Մովսեսն առավ արյունը, ցողեց ժողովրդի վրա և ասաց. «Ահա այն ուխտի արյունը, որ Տերը կնքեց ձեզ հետ այս բոլոր խոսքերի համաձայն»։
9Այն ժամանակ վեր բարձրացան Մովսեսը, Ահարոնը, Նադաբը, Աբիուդը և Իսրայելի ծերերից յոթանասուն հոգի։ 10Նրանք տեսան Իսրայելի Աստծուն. նրա ոտքերի տակ շափյուղա աղյուսներով հարդարված հատակի պես և բուն երկնքի պես պայծառ էր։ 11Նա իր ձեռքը չտարածեց Իսրայելի որդիների ընտրյալների վրա։ Նրանք տեսան Աստծուն և կերան ու խմեցին։
Մովսեսը Սինա լեռան վրա
12Տերն ասաց Մովսեսին. «Բարձրացի՛ր ինձ մոտ՝ լեռը, և կանգնի՛ր այնտեղ. քեզ պիտի տամ քարե տախտակները և իմ գրած օրենքներն ու պատվիրանները, որպեսզի սովորեցնես նրանց»։ 13Մովսեսն ու նրա օգնական Հեսուն վեր կացան, և Մովսեսը բարձրացավ Աստծու լեռը։ 14Նա ասաց ծերերին. «Դուք այստեղ սպասե՛ք մեզ, մինչև որ մենք վերադառնանք ձեզ մոտ։ Ահա Ահարոնն ու Ովրը ձեզ հետ են. ով որ որևէ վեճ ունենա, թող գնա նրանց մոտ»։
15Մովսեսը բարձրացավ լեռը, և ամպը ծածկեց լեռը։ 16Տիրոջ փառքը կանգնեց Սինա լեռան վրա, և ամպը այն ծածկեց վեց օր։ Յոթերորդ օրը Տերն ամպի միջից կանչեց Մովսեսին։ 17Տիրոջ փառքի տեսիլքը լափող կրակի պես էր լեռան գագաթին, Իսրայելի որդիների աչքի առաջ։ 18Մովսեսը մտավ ամպի մեջ ու բարձրացավ լեռը։ Մովսեսը լեռան վրա մնաց քառասուն օր և քառասուն գիշեր։
Արդեն Ընտրված.
ԵԼՔ 24: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018