ԵԼՔ 23
23
Արդարություն
1«Սուտ լուր չտարածես. անօրենի հետ չմիանաս, որ անիրավ վկա դառնաս։ 2Չարություն անելու համար բազմության#23.2 Կամ մեծամասնության։ չհետևես։ Դատաստանի ժամանակ բազմության ետևից խոտորվելով չխոսես՝ իրավունքը խախտելու համար։ 3Աղքատին աչառություն չանես նրա դատի ժամանակ։
4Եթե հանդիպես քո թշնամու մոլորված եզանը կամ էշին, անպատճառ դրան ետ կդարձնես տիրոջը։ 5Եթե տեսնես քեզ ատողի էշն իր բեռան տակ ընկած, նրան մի՛ թող, տիրոջ հետ նրան անպատճառ ազատի՛ր։
6Քո աղքատի իրավունքը չծռես նրա հետ դատվելիս։ 7Հեռո՛ւ մնա սուտ խոսքերից և անմեղին ու արդարին մահվան մի՛ մատնիր, որովհետև ես չարին չեմ արդարացնի։
8Կաշառք չվերցնես, որովհետև կաշառքը կուրացնում է տեսնողներին և ծռում է արդարների իրավունքը։
9Օտարականին մի՛ նեղիր. դուք էլ գիտեք օտարականի սիրտը, որովհետև օտարական էիք Եգիպտոսի երկրում։
Յոթերորդ տարին և օրը
10Վեց տարի ցանի՛ր քո հողը և հավաքի՛ր դրա բերքը. 11բայց յոթերորդ տարում մի՛ մշակիր և թո՛ղ այն, որպեսզի քո ժողովրդի աղքատներն ուտեն, իսկ դրանից ավելացածը դաշտի անասուններն ուտեն։ Այդպես կանես նաև քո այգու և քո ձիթաստանի հետ։
12Վեց օր քո գո՛րծն արա, իսկ յոթերորդ օրը հանգստացի՛ր, որպեսզի հանգստանան քո եզն ու էշը, նաև քո աղախնի որդին ու օտարականը շունչ առնեն։ 13Ձեզ իմ բոլոր ասածները պահե՛ք և ուրիշ աստվածների անունը մի՛ հիշեք. թող ձեր բերանից չլսվի։
Երեք մեծ տոները
(Ելք 34.18-26, Բ Օր. 16.1-17)
14Տարին երեք անգամ տո՛ն կատարիր ինձ համար։ 15Բաղարջակերաց տոնը պահի՛ր. Աբիբ ամսի սահմանված ժամանակին յոթ օր անթթխմոր հա՛ց կեր, ինչպես պատվիրել եմ քեզ, որովհետև դու ա՛յդ ամսին դուրս ելար Եգիպտոսից։ Ոչ ոք դատարկաձեռն չերևա իմ առաջ։ 16Պահի՛ր դաշտում քո ցանքսի աշխատանքի երախայրիքը հնձելու տոնը և տարվա վերջին բերքահավաքի տոնը՝ դաշտից քո բերքը հավաքելիս։ 17Տարին երեք անգամ քո բոլոր արու մարդիկ պիտի ներկայանան Ամենակալի առջև՝ Տիրոջը։
18Իմ զոհի արյունը խմորյալ հացով չմատուցես, և իմ տոնի զոհի ճարպը չմնա մինչև առավոտ։ 19Քո հողի բերքի առաջին արդյունքը կբերես քո Տեր Աստծու տունը։ Ուլը իր մոր կաթի մեջ չեփես։
Խոստումներ և ուսուցումներ
20Ահա ես մի հրեշտակ եմ ուղարկելու քո առաջ, որպեսզի ճանապարհին պահպանի քեզ ու քեզ տանի իմ պատրաստած տեղը։ 21Զգո՛ւյշ եղիր նրա առաջ և լսի՛ր նրա խոսքը. մի՛ համառիր նրա դիմաց, որովհետև նա չի ների ձեր հանցանքը, քանի որ իմ անունը նրա մեջ է։ 22Բայց եթե լսես նրա խոսքը և կատարես իմ բոլոր ասածները, այն ժամանակ քո թշնամիներին թշնամի և քո հակառակորդներին հակառակորդ կլինեմ, 23որովհետև իմ հրեշտակը կգնա քո առջևից և քեզ կտանի ամորհացիների, քետացիների, փերեզացիների, քանանացիների, խևացիների և հեբուսացիների մոտ, ու ես պիտի կոտորեմ նրանց։ 24Նրանց աստվածներին երկրպագություն չանես և չպաշտես ու նրանց արածների պես չանես, այլ ամբողջովին կկործանես դրանք և նրանց կուռքերը կջարդես։ 25Պաշտե՛ք ձեր Տեր Աստծուն, և նա կօրհնի քո հացն ու ջուրը. ես քո միջից կհեռացնեմ հիվանդությունը։ 26Քո երկրում վիժող և ամուլ չի լինի։ Ես կավելացնեմ քո օրերի թիվը։ 27Իմ ահը կուղարկեմ քո առջևից և կշփոթեցնեմ այն բոլոր ժողովուրդներին, որոնց մեջ դու գնալու ես։ Եվ քո բոլոր թշնամիների թիկունքը քեզ կդարձնեմ։ 28Իշամեղուներ կուղարկեմ քո առջևից, և դրանք քո առաջից կքշեն խևացիներին, քանանացիներին և քետացիներին։ 29Նրանց մի տարվա մեջ չեմ քշի քո առջևից, որպեսզի երկիրը ամայի չդառնա, և դաշտի գազանները չբազմանան քո դեմ։ 30Նրանց կամաց-կամաց պիտի քշեմ քո առջևից, մինչև որ դու բազմանաս և ժառանգես երկիրը։ 31Ես քո սահմանները պիտի հաստատեմ Կարմիր ծովից մինչև փղշտացիների ծովը#23.31 Այսինքն՝ Միջերկրական ծովը։ և անապատից մինչև գետը, որովհետև քո ձեռքը պիտի հանձնեմ այդ երկրի բնակիչներին, և նրանց պիտի քշես քո առջևից։ 32Դաշինք չդնես նրանց հետ և նրանց աստվածների հետ։ 33Նրանք չպիտի բնակվեն քո երկրում, որպեսզի քեզ մեղք գործել չտան իմ դեմ, որովհետև եթե պաշտես նրանց աստվածներին, դա անպատճառ որոգայթ կդառնա քեզ համար»։
Արդեն Ընտրված.
ԵԼՔ 23: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018