ԵԼՔ 2:11-20

ԵԼՔ 2:11-20 ՆՎԱԱ

Երբ Մովսեսը մեծացավ, գնաց իր ազգակից եղբայրների մոտ և տեսավ նրանց ծանր աշխատանքները։ Տեսավ, որ մի եգիպտացի ծեծում է իր եբրայեցի եղբայրներից մեկին։ Նայեց այս ու այն կողմ և տեսնելով, որ մարդ չկա, սպանեց եգիպտացուն և նրան թաղեց ավազի մեջ։ Հետևյալ օրը դուրս եկավ, և ահա երկու եբրայեցի մարդիկ կռվում էին իրար հետ։ Եվ ասաց հանցավորին. «Ինչո՞ւ ես ծեծում քո ընկերոջը»։ Սա ասաց. «Ո՞վ է քեզ իշխան կամ դատավոր դրել մեզ վրա. ի՞նչ է, ի՞նձ էլ սպանելու միտք ունես, ինչպես որ սպանեցիր եգիպտացուն»։ Մովսեսը վախեցավ և ասաց իր մտքում. «Անշուշտ այս բանն իմացված է»։ Փարավոնը լսեց այդ մասին և ուզում էր սպանել Մովսեսին։ Բայց Մովսեսը փախավ և բնակվեց Մադիամի երկրում։ Նա նստեց մի ջրհորի մոտ։ Մադիամի քուրմը յոթ աղջիկ ուներ։ Նրանք եկան, ջուր քաշեցին և լցրին ավազանները, որպեսզի խմեցնեն իրենց հոր հոտին։ Բայց հովիվները եկան և քշեցին նրանց։ Իսկ Մովսեսը վեր կացավ, պաշտպանեց նրանց և ջուր խմեցրեց նրանց հոտին։ Երբ նրանք եկան իրենց հոր՝ Ռագուելի մոտ, նա հարցրեց նրանց. «Ինչո՞ւ շուտ եկաք այսօր»։ Նրանք պատասխանեցին. «Մի եգիպտացի մեզ ազատեց հովիվների ձեռքից, նույնիսկ մեզ համար ջուր քաշեց և խմեցրեց ոչխարներին»։ Հայրը հարցրեց իր աղջիկներին. «Իսկ ո՞ւր է նա, ինչո՞ւ այդ մարդուն այդպես թողեցիք. կանչե՛ք նրան, որ հաց ուտի»։

ԵԼՔ 2:11-20 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր