ԵԼՔ 18:7-27

ԵԼՔ 18:7-27 ՆՎԱԱ

Մովսեսը դիմավորելու գնաց իր աներոջը, խոնարհվեց և համբուրեց նրան. հարցրին միմյանց ողջության մասին և մտան Մովսեսի վրանը։ Մովսեսն իր աներոջը պատմեց այն ամենը, ինչ արել էր Տերը փարավոնին և եգիպտացիներին Իսրայելի պատճառով, այն բոլոր չարչարանքները, որ կրել էին ճանապարհին, և Տերն ազատել էր իրենց։ Հոթորն ուրախացավ այն բոլոր բարությունների համար, որ Տերն արել էր Իսրայելին և փրկել նրանց եգիպտացիների ձեռքից։ Հոթորն ասաց. «Օրհնյալ լինի Տերը, որ ազատեց ձեզ եգիպտացիների ձեռքից և փարավոնի ձեռքից, որ ազատեց ժողովրդին եգիպտացիների լծից։ Հիմա գիտեմ, որ Տերը բոլոր աստվածներից մեծ է հենց այն բանում, որով եգիպտացիները հպարտանում էին նրանց դեմ»։ Մովսեսի աներ Հոթորը ողջակեզ և զոհեր մատուցեց Աստծուն։ Ահարոնն ու Իսրայելի բոլոր ծերերը Մովսեսի աներոջ հետ եկան Աստծու առջև հաց ուտելու։ Հետևյալ օրը Մովսեսը նստեց ժողովրդին դատելու, և ժողովուրդը առավոտից մինչև երեկո կանգնել էր Մովսեսի մոտ։ Մովսեսի աները, տեսնելով ամենը, ինչ անում էր Մովսեսը ժողովրդին, ասաց. «Այդ ի՞նչ ես անում դու ժողովրդին. ինչո՞ւ ես դու մենակ նստում, իսկ ամբողջ ժողովուրդը առավոտից մինչև երեկո կանգնում է քեզ մոտ»։ Մովսեսն ասաց իր աներոջը. «Ժողովուրդը գալիս է ինձ մոտ՝ Աստծուց դատաստան հայցելու։ Երբ նրանք որևէ վեճ են ունենում, գալիս են ինձ մոտ. ես դատաստան եմ անում նրանց միջև և նրանց հասկացնում Աստծու հրամաններն ու նրա օրենքները»։ Մովսեսի աներն ասաց նրան. «Քո արածը լավ բան չէ. այդպես անպատճառ դու էլ կտանջվես, քեզ հետ եղած ժողովուրդն էլ, որովհետև քեզ համար շատ ծանր է այդ գործը. դու միայնակ չես կարող անել դա։ Հիմա լսի՛ր իմ խոսքին. ես քեզ մի խորհուրդ եմ տալիս, և Աստված քեզ հետ կլինի։ Ժողովրդի համար դո՛ւ գնա Աստծու առաջ և դատերը դո՛ւ ներկայացրու Աստծուն։ Սովորեցրո՛ւ նրանց Աստծու հրամաններն ու օրենքները, հասկացրո՛ւ նրանց իրենց գնալու ճանապարհը և իրենց անելու գործը։ Դու ամբողջ ժողովրդի միջից ընտրի՛ր կարող, աստվածավախ, հավատարիմ, ագահությունն ատող մարդկանց և նրանց վրա հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ և տասնապետնե՛ր կարգիր։ Եվ ամեն ժամանակ թող նրանք դատեն ժողովրդին և քեզ ներկայացնեն բոլոր մեծ գործերը, իսկ փոքր գործերն իրենք դատեն։ Թեթևացրո՛ւ բեռը քո վրայից, և նրանք թող այն կրեն քեզ հետ։ Եթե այս անես, և Աստված էլ պատվիրի քեզ, այն ժամանակ կկարողանաս կանգնել, և այս ամբողջ ժողովուրդն էլ խաղաղությամբ կգնա իր տեղը»։ Մովսեսն անսաց իր աներոջ խոսքին և նրա բոլոր ասածներն արեց։ Մովսեսը ամբողջ Իսրայելից ընտրեց կարող մարդկանց և ժողովրդի վրա նրանց կարգեց գլխավորներ, այսինքն՝ հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ և տասնապետներ։ Ամբողջ ժամանակ սրանք էին դատում ժողովրդին։ Դժվար գործերը բերում էին Մովսեսին, իսկ բոլոր փոքր գործերը դատում էին իրենք։ Մովսեսը ճանապարհ դրեց իր աներոջը, և նա գնաց իր երկիրը։