ԵԼՔ 17

17
Ջուր ապառաժից
(Թվ. 20.1-13)
1Իսրայելի որդիների ամբողջ բազմությունը, Տիրոջ խոսքի համաձայն, իր ճանապարհով մեկնեց Սին անապատից ու բնակություն հաստատեց Ռափիդիմում, որտեղ ժողովրդի համար խմելու ջուր չկար։ 2Ժողովուրդը վիճեց Մովսեսի հետ՝ ասելով. «Մեզ ջո՛ւր տվեք, որ խմենք»։ Մովսեսն ասաց նրանց. «Ի՞նչ եք ինձ հետ վիճում. ինչո՞ւ եք փորձում Տիրոջը»։ 3Ժողովուրդն այնտեղ ջրի ծարավից տրտնջաց Մովսեսի դեմ և ասաց. «Ինչո՞ւ մեզ հանեցիր Եգիպտոսից, որ ծարավից մեռցնես մեզ, մեր որդիներին ու հոտերին»։
4Մովսեսն աղաղակեց Տիրոջը՝ ասելով. «Ի՞նչ անեմ այս ժողովրդին. քիչ է մնում, որ ինձ քարկոծեն»։ 5Տերն ասաց Մովսեսին. «Անցի՛ր ժողովրդի առաջ, վերցրո՛ւ քեզ հետ Իսրայելի ծերերից, ձեռքդ ա՛ռ քո գավազանը, որով հարվածեցիր գետին, և գնա՛։ 6Ահա այնտեղ՝ Քորեբի ժայռի վրա, կկանգնեմ քո առջև. դու կհարվածես ժայռին, դրանից ջուր դուրս կգա, և ժողովուրդը կխմի»։ Մովսեսն այդպես էլ արեց Իսրայելի ծերերի առաջ։ 7Նա այդ տեղի անունը Մասսա և Մերիբա#17.7 Փորձություն և վեճ։ դրեց Իսրայելի որդիների այնտեղ վիճելու և Տիրոջը փորձելու համար, որ ասացին. «Արդյոք Տերը մեր մե՞ջ է, թե՞ ոչ»։
Պատերազմ Ամաղեկի դեմ
8Ամաղեկը եկավ և Ռափիդիմում պատերազմեց Իսրայելի դեմ։ 9Մովսեսն ասաց Հեսուին. «Մեզ համար մարդի՛կ ընտրիր և դո՛ւրս գնա պատերազմելու Ամաղեկի դեմ. վաղը ես կկանգնեմ բլրի գագաթին՝ Աստծու գավազանը ձեռքիս»։ 10Հեսուն արեց Մովսեսի ասածի պես և պատերազմեց Ամաղեկի դեմ։ Մովսեսը, Ահարոնը և Ովրը ելան բլրի գագաթը։ 11Երբ Մովսեսը վեր էր բարձրացնում իր ձեռքերը, հաղթում էին իսրայելացիները, իսկ հենց որ իջեցնում էր իր ձեռքերը, ամաղեկացիներն էին հաղթում։ 12Մովսեսի ձեռքերը հոգնությունից ծանրացան. նրանք մի քար առան և դրեցին նրա տակը։ Մովսեսը նստեց դրա վրա։ Ահարոնն ու Ովրը՝ մեկն այս կողմից, մյուսն այն կողմից, վեր պահեցին նրա ձեռքերը, և մինչև արեգակի մայր մտնելը նրա ձեռքերը հաստատուն մնացին։ 13Եվ Հեսուն սրի բերանով զարկեց Ամաղեկին ու նրա ժողովրդին։ 14Տերն ասաց Մովսեսին. «Սա գրի՛ առ գրքում որպես հիշատակ և հայտնի՛ր Հեսուին, որ ես ջնջելու եմ Ամաղեկի հիշատակը երկնքի տակ»։ 15Մովսեսը զոհասեղան շինեց և դրա անունը դրեց Եհովանիսի։#17.15 Տերն իմ դրոշակն է։ 16Եվ ասաց. «Որովհետև Տերը պատերազմ ունի Ամաղեկի դեմ սերնդից սերունդ»։

Արդեն Ընտրված.

ԵԼՔ 17: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում