ԵԼՔ 16:22-36

ԵԼՔ 16:22-36 ՆՎԱԱ

Վեցերորդ օրը հավաքեցին կրկնապատիկ ուտելիք, այսինքն՝ յուրաքանչյուրի համար՝ երկու օմեր։ Ժողովրդի բոլոր իշխանները եկան և պատմեցին Մովսեսին։ Նա ասաց նրանց. «Այս է Տիրոջ ասածը. “Վաղը հանգստյան սուրբ շաբաթն է Տիրոջ համար. ինչ որ եփելու եք, եփե՛ք, և ինչ որ եռացնելու եք, եռացրե՛ք, և ինչ որ կավելանա, պահե՛ք ձեզ առավոտվա համար”»։ Եվ նրանք դա թողեցին մինչև առավոտ, ինչպես որ հրամայել էր Մովսեսը. այն չհոտեց, ոչ էլ մեջը որդ ընկավ։ Մովսեսն ասաց. «Այսօ՛ր կերեք, որովհետև այսօր շաբաթ է Տիրոջ համար։ Դուք այսօր դրանից չեք գտնի դաշտում։ Վեց օր կհավաքեք դա, բայց յոթերորդ օրը, որ շաբաթ է, չի գտնվի»։ Յոթերորդ օրը ժողովրդից ոմանք գնացին հավաքելու, բայց չգտան։ Տերն ասաց Մովսեսին. «Մինչև ե՞րբ չեք ուզում պահել իմ պատվիրաններն ու օրենքները։ Տեսաք, որ Տերը ձեզ տվեց շաբաթը։ Դրա համար էլ նա վեցերորդ օրը ձեզ երկու օրվա հաց է տալիս։ Թող յուրաքանչյուրն իր տեղը նստի, և ոչ ոք իր տեղից չելնի յոթերորդ օրը»։ Եվ ժողովուրդը հանգստացավ յոթերորդ օրը։ Իսրայելի տունն այդ ուտելիքի անունը «ման» դրեց. դա գինձի սերմի պես սպիտակ էր, և համը մեղրով պատրաստված գաթայի նման էր։ Մովսեսն ասաց. «Այս է Տիրոջ հրամանը. “Դրանից լցրե՛ք մի օմեր, որ պահվի ձեր սերունդների համար, որպեսզի տեսնեն այն հացը, որով ձեզ կերակրեցի անապատում՝ ձեզ Եգիպտոսի երկրից հանելիս”»։ Մովսեսն ասաց Ահարոնին. «Վերցրո՛ւ մի սափոր, դրա մեջ մի լիքը օմեր մանանա՛ լցրու և դի՛ր Տիրոջ առաջ, որպեսզի պահվի ձեր սերունդների համար»։ Ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին, Ահարոնն այն դրեց վկայության տապանակի առաջ, որ պահվի։ Իսրայելի որդիները քառասուն տարի մանանա կերան, մինչև որ եկան շեն երկիր։ Մանանա կերան, մինչև որ եկան Քանանի երկրի սահմանը։ Մեկ օմերը մեկ արդուի տասներորդ մասն է։