ԵԼՔ 16:1-30

ԵԼՔ 16:1-30 ՆՎԱԱ

Իսրայելի որդիների ամբողջ բազմությունը մեկնեց Եղիմից և եկավ Սին անապատը, որը գտնվում է Եղիմի և Սինայի միջև, Եգիպտոսի երկրից իրենց դուրս գալու երկրորդ ամսվա տասնհինգերորդ օրը։ Իսրայելի որդիների ամբողջ բազմությունն անապատում տրտնջաց Մովսեսի և Ահարոնի դեմ։ Իսրայելի որդիներն ասացին նրանց. «Երանի թե Տիրոջ ձեռքով մեռած լինեինք Եգիպտոսի երկրում, երբ մսի կաթսաների մոտ նստած էինք և կուշտ հաց էինք ուտում. որովհետև մեզ բերեցիք այս անապատը, որ այս ամբողջ ժողովրդին սովամահ անեք»։ Եվ Տերն ասաց Մովսեսին. «Ահա ես երկնքից հաց պիտի տեղացնեմ ձեզ համար. թող ժողովուրդը վեր կենա և օրվա համար պետք եղածը հավաքի նույն օրը, որպեսզի փորձեմ նրանց, թե իմ օրենքի համաձա՞յն պիտի գնան, թե՞ ոչ։ Վեցերորդ օրը, երբ նրանք պատրաստեն իրենց բերածը, իրենց ամեն օրվա հավաքածի կրկնապատիկը կլինի»։ Մովսեսն ու Ահարոնն ասացին Իսրայելի բոլոր որդիներին. «Այս երեկո դուք կիմանաք, որ ձեզ Եգիպտոսի երկրից հանողը Տերն է, իսկ առավոտյան կտեսնեք Տիրոջ փառքը, որովհետև Տիրոջ դեմ արած ձեր տրտունջն ինքը լսեց։ Մենք ո՞վ ենք, որ տրտնջում եք մեր դեմ»։ Մովսեսն ասաց. «Տերը երեկոյան ձեզ ուտելու միս, իսկ առավոտյան կշտանալու չափ հաց տալիս կիմանաք, որ Տերը լսել է իր դեմ ձեր արած տրտունջը։ Իսկ մենք ո՞վ ենք. ձեր տրտունջը մեր դեմ չէ, այլ Տիրոջ դեմ»։ Մովսեսն ասաց Ահարոնին. «Իսրայելի որդիների ամբողջ բազմությանն ասա՛. “Մոտեցե՛ք Տիրոջը, որովհետև ձեր տրտունջը լսեց”»։ Մինչ Ահարոնը խոսում էր Իսրայելի որդիների ամբողջ բազմության հետ, նրանք նայեցին դեպի անապատը, և ահա Տիրոջ փառքը երևաց ամպի մեջ։ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. «Ես լսեցի Իսրայելի որդիների տրտունջը. խոսի՛ր նրանց հետ և ասա՛. “Երեկոյան դեմ միս պիտի ուտեք, իսկ առավոտյան պիտի կշտանաք հացով. և կիմանաք, որ ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”»։ Երեկոյան լորամարգիներ ելան և ծածկեցին բանակատեղին, իսկ առավոտյան բանակատեղիի շուրջը ցող իջավ։ Երբ իջած ցողը վերացավ, անապատի երեսին մանր թեփաձև մի բան կար՝ գետնի վրայի եղյամի նման մանր։ Իսրայելի որդիները տեսան և ասացին միմյանց. «Ի՞նչ է սա». որովհետև չգիտեին, թե ինչ էր։ Մովսեսն ասաց նրանց. «Սա այն հացն է, որ Տերը տվեց ձեզ՝ ուտելու։ Տիրոջ պատվիրածն այս է. “Ամեն մեկդ դրանից հավաքե՛ք ձեր ուտելու չափ՝ մարդագլուխ մեկ օմեր՝ ըստ ձեր վրանի անդամների թվի. յուրաքանչյուրը թող վերցնի իր վրանում գտնվողների համար”»։ Իսրայելի որդիներն այդպես էլ արեցին. որը շատ, որը քիչ հավաքեց։ Չափում էին օմերով. շատ ունեցողինը չավելացավ, իսկ քիչ ունեցողինը չպակասեց։ Յուրաքանչյուրը հավաքեց իր ուտելու չափ։ Մովսեսն ասաց նրանց. «Ոչ ոք դրանից մինչև առավոտ չպահի»։ Բայց Մովսեսին չլսեցին, այլ ոմանք դրանից թողեցին մինչև առավոտ. որդնոտեց ու հոտեց։ Մովսեսը բարկացավ նրանց վրա։ Դրանից հետո ամեն առավոտ յուրաքանչյուրը հավաքում էր իր ուտելու չափ։ Երբ արևը տաքացնում էր, հալվում էր։ Վեցերորդ օրը հավաքեցին կրկնապատիկ ուտելիք, այսինքն՝ յուրաքանչյուրի համար՝ երկու օմեր։ Ժողովրդի բոլոր իշխանները եկան և պատմեցին Մովսեսին։ Նա ասաց նրանց. «Այս է Տիրոջ ասածը. “Վաղը հանգստյան սուրբ շաբաթն է Տիրոջ համար. ինչ որ եփելու եք, եփե՛ք, և ինչ որ եռացնելու եք, եռացրե՛ք, և ինչ որ կավելանա, պահե՛ք ձեզ առավոտվա համար”»։ Եվ նրանք դա թողեցին մինչև առավոտ, ինչպես որ հրամայել էր Մովսեսը. այն չհոտեց, ոչ էլ մեջը որդ ընկավ։ Մովսեսն ասաց. «Այսօ՛ր կերեք, որովհետև այսօր շաբաթ է Տիրոջ համար։ Դուք այսօր դրանից չեք գտնի դաշտում։ Վեց օր կհավաքեք դա, բայց յոթերորդ օրը, որ շաբաթ է, չի գտնվի»։ Յոթերորդ օրը ժողովրդից ոմանք գնացին հավաքելու, բայց չգտան։ Տերն ասաց Մովսեսին. «Մինչև ե՞րբ չեք ուզում պահել իմ պատվիրաններն ու օրենքները։ Տեսաք, որ Տերը ձեզ տվեց շաբաթը։ Դրա համար էլ նա վեցերորդ օրը ձեզ երկու օրվա հաց է տալիս։ Թող յուրաքանչյուրն իր տեղը նստի, և ոչ ոք իր տեղից չելնի յոթերորդ օրը»։ Եվ ժողովուրդը հանգստացավ յոթերորդ օրը։