ԵԼՔ 15:1-21

ԵԼՔ 15:1-21 ՆՎԱԱ

Այդ ժամանակ Մովսեսն ու Իսրայելի որդիները այս երգը երգեցին Տիրոջը՝ ասելով. «Օրհներգում եմ Տիրոջը, որովհետև փառքով է փառավորված. Ձիուն ու ձիավորին ծովը գցեց։ Տերն իմ զորությունն ու իմ գովասանքն է Եվ իմ փրկությունը եղավ։ Նա՛ է իմ Աստվածը, և ես կփառավորեմ նրան. Նա իմ հոր Աստվածն է, ես կբարձրացնեմ նրան։ Տերը հզոր պատերազմող է. Տեր է անունը նրա։ Փարավոնի կառքերն ու նրա զորքերը ծովը գցեց. Նրա ընտիր կառամարտիկներն ընկղմվեցին Կարմիր ծովում։ Անդունդները ծածկեցին նրանց. Նրանք իջան խորքերը, ինչպես քար։ Քո աջ ձեռքը, ո՛վ Տեր, փառավորվեց զորությամբ. Քո աջ ձեռքը, ո՛վ Տեր, խորտակեց թշնամուն։ Դու քո փառքի մեծությամբ խորտակում ես քո դեմ վեր կացողներին. Ուղարկում ես քո բարկությունը, և ուտում է հարդի պես։ Քո շնչի փչելով հավաքվեցին ջրերը, Հեղեղները կանգնեցին դեզի պես, Անդունդները քարացան ծովում։ Թշնամին ասաց. “Հալածեմ, հասնեմ, Ավարը բաժանեմ, անձս հագենա նրանցից, քաշեմ սուրս, ձեռքս հափշտակի նրանց”։ Փչեցիր քո քամիով, ծովը ծածկեց նրանց. Կապարի պես ընկղմվեցին զորավոր ջրերի մեջ։ Աստվածների մեջ ո՞վ է քեզ նման, ո՛վ Տեր. Ո՞վ է քեզ նման սրբության մեջ փառավորված սքանչելի օրհնություններով, Հրաշքներ անող։ Մեկնեցիր քո աջ ձեռքը, Երկիրը կուլ տվեց նրանց։ Քո ողորմությամբ առաջնորդեցիր այս ժողովրդին, որին դու փրկեցիր. Քո զորությամբ տարար նրանց քո սուրբ բնակարանը։ Ժողովուրդները լսում են և կսարսափեն. Ցավ է բռնելու փղշտացի բնակիչներին։ Այն ժամանակ կտագնապեն Եդովմի իշխանները. Մովաբի զորավորներին դող է բռնելու. Կհալվեն Քանանի բոլոր բնակիչները։ Ահ ու դող կընկնի նրանց վրա. Քո բազկի մեծությունից կսառչեն քարի պես, Մինչև որ անցնի քո ժողովուրդը, ո՛վ Տեր, Մինչև որ անցնի այս ժողովուրդը, որին ստացար։ Դու կբերես նրանց և կտնկես նրանց քո ժառանգության սարի վրա, Այն վայրը, որ դու պատրաստեցիր քո բնակության համար, ո՛վ Տեր. Այն սրբարանը, Տե՛ր, որ քո ձեռքերը շինեցին։ Տերը պիտի թագավորի հավիտյանս հավիտենից, Որովհետև փարավոնի ձիերը նրա կառքերով ու ձիավորներով ծովը մտան, և Տերը ծովի ջրերը թափեց նրանց վրա, բայց Իսրայելի որդիները ցամաքով գնացին ծովի միջով»։ Ահարոնի քույր Մարիամ մարգարեուհին իր ձեռքն առավ թմբուկը, և բոլոր կանայք թմբուկներով ու պարերով դուրս եկան նրա ետևից։ Մարիամը երգեց նրանց. «Օրհներգե՛ք Տիրոջը, որովհետև փառքով է փառավորված. Ձիուն ու ձիավորին ծովը գցեց»։

ԵԼՔ 15:1-21 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում