ԵԼՔ 14:21-28

ԵԼՔ 14:21-28 ՆՎԱԱ

Մովսեսը մեկնեց իր ձեռքը ծովի վրա։ Տերն արևելյան սաստիկ քամիով ամբողջ գիշեր քշեց ծովը և ցամաքեցրեց այն, ու ջրերը ճեղքվեցին։ Իսրայելի որդիները ծովի միջով ցամաքով գնացին։ Ջրերը նրանց աջ և ձախ կողմերից պարիսպ դարձան։ Եգիպտացիները նրանց հետևից ընկան։ Փարավոնի բոլոր ձիերը, կառքերն ու ձիավորները նրանց ետևից գնացին ծովի մեջտեղը։ Առավոտը դեռ չբացված՝ Տերը կրակի և ամպի սյունից նայեց եգիպտացիների բանակին և խուճապի մատնեց եգիպտացիների բանակը։ Հանեց նրանց կառքերի անիվները, ու դժվարությամբ էին առաջ շարժվում. այնպես որ եգիպտացիներն ասում էին. «Փախչենք իսրայելացիներից, որովհետև Տերը նրանց համար պատերազմում է եգիպտացիների դեմ»։ Տերն ասաց Մովսեսին. «Մեկնի՛ր ձեռքդ ծովի վրա, որպեսզի ջրերը ետ դառնան եգիպտացիների վրա, նրանց կառքերի ու նրանց ձիավորների վրա»։ Մովսեսը ձեռքը մեկնեց ծովի վրա, և առավոտյան դեմ ծովը ետ դարձավ իր ընթացքից։ Եգիպտացիները նրա դիմացից փախան, և Տերը եգիպտացիներին թափեց ծովը։ Ջրերը վերադարձան և ծածկեցին փարավոնի կառքերը, ձիավորներին ու բոլոր զորքերին, որոնք ծովն էին մտել իսրայելացիների ետևից։ Նրանցից մեկն էլ չմնաց։