ԵԼՔ 14:10-20

ԵԼՔ 14:10-20 ՆՎԱԱ

Փարավոնը մոտեցավ, և Իսրայելի որդիները բարձրացրին իրենց աչքերն ու տեսան, որ եգիպտացիները գալիս էին իրենց ետևից։ Իսրայելի որդիները շատ վախեցան և աղաղակեցին Տիրոջը։ Եվ ասացին Մովսեսին. «Մի՞թե Եգիպտոսում գերեզմաններ չկային, որ մեզ բերեցիր անապատում մեռնելու. այս ի՞նչ արեցիր մեզ՝ դուրս հանելով Եգիպտոսից։ Սա այն խոսքը չէ՞, որ ասում էինք քեզ Եգիպտոսում, թե՝ “Թո՛ւյլ տուր մեզ, որ ծառայենք եգիպտացիներին, որովհետև մեզ համար ավելի լավ է ծառայել եգիպտացիներին, քան թե մեռնել անապատում”»։ Մովսեսն ասաց ժողովրդին. «Մի՛ վախեցեք, կանգնե՛ք ձեր տեղում և տեսե՛ք Տիրոջ փրկությունը, որ այսօր կանի ձեզ համար. որովհետև այսօր ձեր տեսած եգիպտացիներին այլևս հավիտյան չեք տեսնելու։ Տերը պիտի պատերազմի ձեզ համար, իսկ դուք հանգի՛ստ եղեք»։ Տերն ասաց Մովսեսին. «Ինչո՞ւ ես ինձ աղաղակում. ասա՛ Իսրայելի որդիներին, որ գնան։ Իսկ դու բարձրացրո՛ւ գավազանդ, մեկնի՛ր ձեռքդ ծովի վրա, ճեղքի՛ր այն, և Իսրայելի որդիները ծովի միջով գնան ցամաքով։ Եվ ես ահա պիտի կարծրացնեմ եգիպտացիների սիրտը, ու նրանք պիտի գնան սրանց ետևից. և ես պիտի փառավորվեմ փարավոնի, նրա բոլոր զորքերի, նրա կառքերի ու նրա ձիավորների առաջ։ Եգիպտացիները կիմանան, որ ես եմ Տերը, երբ ես փառավորվեմ փարավոնի, նրա կառքերի և նրա ձիավորների առաջ»։ Աստծու հրեշտակը, որ գնում էր Իսրայելի բանակի առջևից, ելավ ու գնաց նրանց ետևից. ամպի սյունն էլ ելավ նրանց առջևից և կանգնեց նրանց ետևում, եգիպտացիների բանակի և Իսրայելի բանակի մեջտեղը եկավ, և ամպ ու խավար եղավ մի կողմի համար, բայց մյուս կողմի համար գիշերը լույս էր տալիս։ Եվ բանակներն ամբողջ գիշեր չմոտեցան միմյանց։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում