Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. «Ասա՛ Իսրայելի որդիներին, որ ետ դառնան և բնակություն հաստատեն Փիաիրոթի առջև՝ Մագդողի ու ծովի միջև, Բեեղսեփոնի դիմաց։ Դրա դիմաց՝ ծովի մոտ, բնակություն կհաստատեք։ Փարավոնը Իսրայելի որդիների մասին կասի, թե՝ “Մոլորվել են այս երկրում, անապատը շրջափակել է նրանց”։ Կկարծրացնեմ փարավոնի սիրտը, և նա կհետապնդի նրանց. ես կփառավորվեմ փարավոնի ու նրա ամբողջ զորքի վրա, և եգիպտացիները կիմանան, որ ես եմ Տերը»։ Եվ նրանք այդպես էլ արեցին։
Եգիպտոսի թագավորին հայտնեցին, թե ժողովուրդը փախել է. փարավոնի ու նրա ծառաների սրտերը փոխվեցին ժողովրդի նկատմամբ, և ասացին. «Այս ի՞նչ արեցինք մենք, որ թույլ տվեցինք իսրայելացիներին՝ զրկվելով մեզ ծառայություն անելուց»։ Փարավոնը պատրաստեց իր կառքը ու ժողովրդին վերցրեց իր հետ։ Նա վերցրեց վեց հարյուր ընտիր կառքեր և Եգիպտոսի բոլոր կառքերը, և դրանց բոլորի վրա՝ զորականներ։ Տերը կարծրացրեց Եգիպտոսի թագավոր փարավոնի սիրտը, և նա հետապնդեց Իսրայելի որդիներին։ Իսրայելի որդիները դուրս եկան՝ ձեռքերը բարձր պահած։ Եգիպտացիները նրանց հետևից ընկան։ Փարավոնի բոլոր ձիերը, կառքերը, նրա ձիավորներն ու զորքերը հասան և գտան նրանց բանակատեղ դրած ծովի մոտ՝ Փիաիրոթին մոտիկ, Բեեղսեփոնի դիմաց։
Փարավոնը մոտեցավ, և Իսրայելի որդիները բարձրացրին իրենց աչքերն ու տեսան, որ եգիպտացիները գալիս էին իրենց ետևից։ Իսրայելի որդիները շատ վախեցան և աղաղակեցին Տիրոջը։ Եվ ասացին Մովսեսին. «Մի՞թե Եգիպտոսում գերեզմաններ չկային, որ մեզ բերեցիր անապատում մեռնելու. այս ի՞նչ արեցիր մեզ՝ դուրս հանելով Եգիպտոսից։ Սա այն խոսքը չէ՞, որ ասում էինք քեզ Եգիպտոսում, թե՝ “Թո՛ւյլ տուր մեզ, որ ծառայենք եգիպտացիներին, որովհետև մեզ համար ավելի լավ է ծառայել եգիպտացիներին, քան թե մեռնել անապատում”»։ Մովսեսն ասաց ժողովրդին. «Մի՛ վախեցեք, կանգնե՛ք ձեր տեղում և տեսե՛ք Տիրոջ փրկությունը, որ այսօր կանի ձեզ համար. որովհետև այսօր ձեր տեսած եգիպտացիներին այլևս հավիտյան չեք տեսնելու։ Տերը պիտի պատերազմի ձեզ համար, իսկ դուք հանգի՛ստ եղեք»։
Տերն ասաց Մովսեսին. «Ինչո՞ւ ես ինձ աղաղակում. ասա՛ Իսրայելի որդիներին, որ գնան։ Իսկ դու բարձրացրո՛ւ գավազանդ, մեկնի՛ր ձեռքդ ծովի վրա, ճեղքի՛ր այն, և Իսրայելի որդիները ծովի միջով գնան ցամաքով։ Եվ ես ահա պիտի կարծրացնեմ եգիպտացիների սիրտը, ու նրանք պիտի գնան սրանց ետևից. և ես պիտի փառավորվեմ փարավոնի, նրա բոլոր զորքերի, նրա կառքերի ու նրա ձիավորների առաջ։ Եգիպտացիները կիմանան, որ ես եմ Տերը, երբ ես փառավորվեմ փարավոնի, նրա կառքերի և նրա ձիավորների առաջ»։ Աստծու հրեշտակը, որ գնում էր Իսրայելի բանակի առջևից, ելավ ու գնաց նրանց ետևից. ամպի սյունն էլ ելավ նրանց առջևից և կանգնեց նրանց ետևում, եգիպտացիների բանակի և Իսրայելի բանակի մեջտեղը եկավ, և ամպ ու խավար եղավ մի կողմի համար, բայց մյուս կողմի համար գիշերը լույս էր տալիս։ Եվ բանակներն ամբողջ գիշեր չմոտեցան միմյանց։
Մովսեսը մեկնեց իր ձեռքը ծովի վրա։ Տերն արևելյան սաստիկ քամիով ամբողջ գիշեր քշեց ծովը և ցամաքեցրեց այն, ու ջրերը ճեղքվեցին։ Իսրայելի որդիները ծովի միջով ցամաքով գնացին։ Ջրերը նրանց աջ և ձախ կողմերից պարիսպ դարձան։
Եգիպտացիները նրանց հետևից ընկան։ Փարավոնի բոլոր ձիերը, կառքերն ու ձիավորները նրանց ետևից գնացին ծովի մեջտեղը։ Առավոտը դեռ չբացված՝ Տերը կրակի և ամպի սյունից նայեց եգիպտացիների բանակին և խուճապի մատնեց եգիպտացիների բանակը։ Հանեց նրանց կառքերի անիվները, ու դժվարությամբ էին առաջ շարժվում. այնպես որ եգիպտացիներն ասում էին. «Փախչենք իսրայելացիներից, որովհետև Տերը նրանց համար պատերազմում է եգիպտացիների դեմ»։
Տերն ասաց Մովսեսին. «Մեկնի՛ր ձեռքդ ծովի վրա, որպեսզի ջրերը ետ դառնան եգիպտացիների վրա, նրանց կառքերի ու նրանց ձիավորների վրա»։ Մովսեսը ձեռքը մեկնեց ծովի վրա, և առավոտյան դեմ ծովը ետ դարձավ իր ընթացքից։ Եգիպտացիները նրա դիմացից փախան, և Տերը եգիպտացիներին թափեց ծովը։ Ջրերը վերադարձան և ծածկեցին փարավոնի կառքերը, ձիավորներին ու բոլոր զորքերին, որոնք ծովն էին մտել իսրայելացիների ետևից։ Նրանցից մեկն էլ չմնաց։ Բայց Իսրայելի որդիները ծովի միջով ցամաքով գնում էին, իսկ ջրերը նրանց աջ ու ձախ կողմերից պարիսպ էին նրանց համար։ Տերն այդ օրը Իսրայելին ազատեց եգիպտացիների ձեռքից։ Իսրայելը ծովի ափին մեռած տեսավ եգիպտացիներին։ Իսրայելը տեսավ այն հզոր ձեռքը, որ Տերը ցույց տվեց եգիպտացիների վրա։ Եվ ժողովուրդը վախեցավ Տիրոջից, հավատաց Տիրոջն ու նրա ծառա Մովսեսին։