ԵԼՔ 12:15-36

ԵԼՔ 12:15-36 ՆՎԱԱ

Յոթ օր բաղարջ հա՛ց կերեք. հենց առաջին օրը ձեր տներից դո՛ւրս գցեք թթխմորը, որովհետև առաջին օրվանից մինչև յոթերորդ օրը թթխմորով հաց ուտող անձը կվերացվի Իսրայելից։ Առաջին օրը սուրբ ժողով թող լինի. յոթերորդ օրը նույնպես սուրբ ժողով թող լինի ձեզ համար։ Այդ օրերին ոչ մի աշխատանք թող չկատարվի, այլ պատրաստե՛ք միայն ամեն մեկի ուտելիքը։ Պահե՛ք բաղարջների տոնը, որովհետև հենց այդ օրը կհանեմ ձեր ժողովրդին Եգիպտոսի երկրից։ Ուրեմն ձեր սերունդների մեջ պահե՛ք այդ օրը իբրև հավիտենական կանոն։ Առաջին ամսվա տասնչորսերորդ օրվա երեկոյից սկսած՝ բաղարջ հաց կուտեք մինչև ամսի քսանմեկերորդ օրվա երեկոն։ Յոթ օր ձեր տներում թթխմոր չպետք է գտնվի, որովհետև թթխմորով հաց ուտող անձը, օտարական լինի, թե տեղացի, պիտի վերացվի Իսրայելի ժողովրդի միջից։ Խմորված ոչ մի բան չպիտի ուտեք. ձեր բոլոր բնակավայրերում բաղարջ կուտեք”»։ Մովսեսը կանչեց Իսրայելի բոլոր ծերերին և ասաց նրանց. «Ընտրե՛ք ձեր ընտանիքներին համապատասխան մի գառ, առե՛ք և մորթե՛ք զատիկը։ Վերցրե՛ք զոպայի մի փունջ, այն թաթախե՛ք կոնքի մեջ լցված արյան մեջ, կոնքի մեջ եղած արյունից քսե՛ք դռան վերևի սեմին և երկու դրանդիներին, և մինչև առավոտ ձեզանից ոչ ոք թող իր տան դռնից դուրս չգա։ Տերն անցնելու է եգիպտացիներին հարվածելու համար և տեսնելով դռան վերևի սեմին ու երկու դրանդիների վրա եղած արյունը՝ Տերը կանցնի դռան վրայով և չի թողնի սատակիչին, որ մտնի ձեր տները՝ ձեզ հարվածելու համար։ Այս բանը կպահեք իբրև հավիտենական կանոն ձեզ համար և ձեր որդիների համար։ Երբ գաք այն երկիրը, որ Տերն իր խոստման համաձայն տալու է ձեզ, այն ժամանակ կկատարեք այս պաշտամունքը։ Եվ երբ պատահի, որ ձեր որդիները հարցնեն ձեզ. “Ի՞նչ է նշանակում ձեր այս պաշտամունքը”, այն ժամանակ կպատասխանեք, որ սա զատկի զոհն է Տիրոջ համար, որը Եգիպտոսում Իսրայելի որդիների տների վրայով անցավ եգիպտացիներին հարվածելիս և ազատեց մեր տները»։ Ժողովուրդը խոնարհվեց ու երկրպագություն արեց։ Իսրայելի որդիները գնացին և արեցին այնպես, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին ու Ահարոնին. նրանք այդպես էլ արեցին։ Կեսգիշերին Տերը Եգիպտոսի երկրում հարվածեց բոլոր առաջնեկներին՝ իր գահին նստած փարավոնի անդրանիկ որդուց մինչև բանտում գտնվող կալանավորի անդրանիկը, նաև բոլոր անասունների առաջնեկներին։ Գիշերը վեր կացան փարավոնն ինքը, նրա բոլոր ծառաներն ու բոլոր եգիպտացիները։ Եգիպտոսում մեծ աղաղակ բարձրացավ, որովհետև տուն չկար, որտեղ մեռել չլիներ։ Փարավոնը նույն գիշերը կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Վեր կացեք դո՛ւրս ելեք իմ ժողովրդի միջից դուք էլ, Իսրայելի որդիներն էլ. գնացեք պաշտե՛ք Տիրոջը, ինչպես որ ասացիք։ Առե՛ք ձեր ոչխարներն ու ձեր արջառներն էլ, ինչպես որ ասացիք, գնացե՛ք և ինձ էլ օրհնե՛ք»։ Եգիպտացիները բռնադատում էին ժողովրդին և շտապում երկրից դուրս ուղարկել նրանց, որովհետև ասում էին. «Ամենքս էլ կմեռնենք»։ Ժողովուրդը, իր հունցած խմորը դեռ չհասած, իրենց խմորի տաշտերն իրենց կտավներով փաթաթելով, դրեց իր ուսին։ Իսրայելի որդիները Մովսեսի խոսքի համաձայն արեցին. եգիպտացիներից նրանք ուզեցին արծաթյա ու ոսկյա զարդեր և զգեստներ։ Տերը շնորհ տվեց իր ժողովրդին եգիպտացիների առաջ, և եգիպտացիները նրանց ուզածը տվեցին, և նրանք կողոպտեցին եգիպտացիներին։

ԵԼՔ 12:15-36 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր