ԵԼՔ 12:1-51

ԵԼՔ 12:1-51 ՆՎԱԱ

Տերը Եգիպտոսի երկրում խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ՝ ասելով. «Այս ամիսը թող ձեզ համար լինի ամիսների սկիզբը. այն ձեզ համար թող լինի տարվա ամիսների առաջինը։ Խոսե՛ք Իսրայելի ամբողջ ժողովրդի հետ՝ ասելով. “Այս ամսի տասին ամեն մեկն իր համար թող մի գառ առնի, ամեն մի տունը՝ մեկ գառ, ըստ իրենց հայրերի ընտանիքի։ Եթե մի ընտանիքի անդամները քիչ լինեն մեկ գառի համար, թող այդ ընտանիքը իր տան մոտ եղած հարևանի հետ առնի՝ ըստ անձերի թվի. այդ գառի համար հաշվե՛ք, թե ամեն մի անձը որչա՛փ կարող է ուտել։ Ձեր գառը պետք է լինի անարատ, արու և մեկ տարեկան գառ. այն ոչխարներից կամ այծերի՛ց վերցրեք։ Այն պահե՛ք ձեզ համար մինչև ամսի տասնչորսերորդ օրը, և Իսրայելի ժողովրդի ամբողջ բազմությունը այն կմորթի երեկոյան դեմ։ Թող վերցնեն նրա արյունից ու քսեն տների երկու կողմի դրանդիներին և վերևի սեմին, որտեղ այն ուտելու են։ Այդ գիշերը թող ուտեն կրակի վրա խորոված նրա միսը. այն թող ուտեն բաղարջ հացով և դառը խոտերով։ Նրանից հում կամ ջրի մեջ խաշած չուտեք, այլ կրակի վրա խորովելով։ Նրա գլուխը, ոտքերը և փորոտիքը միասին կուտեք։ Դրանից ոչինչ չթողնեք մինչև առավոտ. դրանից մնացածն այրե՛ք կրակով։ Այն կուտեք այսպես. ձեր գոտիները ձեր մեջքին, ձեր կոշիկները ձեր ոտքերին, ձեր ցուպերը ձեր ձեռքին կլինեն։ Այն կուտեք շտապով, որովհետև դա Տիրոջ զատիկն է։ Այդ գիշեր պիտի անցնեմ Եգիպտոսի երկրով և հարվածեմ Եգիպտոսի երկրի բոլոր առաջնեկներին՝ մարդուց մինչև անասունը։ Եգիպտոսի բոլոր աստվածների դեմ դատաստան պիտի անեմ. ես եմ Տերը։ Արյունը թող ձեզ համար նշան լինի տների վրա, ուր որ լինելու եք, և տեսնելով արյունը՝ պիտի անցնեմ ձեր վրայով, և հարվածը չպիտի իջնի ձեզ վրա՝ կորստյան մատնելու համար ձեզ, երբ հարվածեմ Եգիպտոսի երկիրը։ Այդ օրը ձեզ համար թող լինի հիշատակի համար, և տոնե՛ք այն իբրև Տիրոջ տոն, տոնե՛ք այն սերնդից սերունդ՝ իբրև հավիտենական կանոն։ Յոթ օր բաղարջ հա՛ց կերեք. հենց առաջին օրը ձեր տներից դո՛ւրս գցեք թթխմորը, որովհետև առաջին օրվանից մինչև յոթերորդ օրը թթխմորով հաց ուտող անձը կվերացվի Իսրայելից։ Առաջին օրը սուրբ ժողով թող լինի. յոթերորդ օրը նույնպես սուրբ ժողով թող լինի ձեզ համար։ Այդ օրերին ոչ մի աշխատանք թող չկատարվի, այլ պատրաստե՛ք միայն ամեն մեկի ուտելիքը։ Պահե՛ք բաղարջների տոնը, որովհետև հենց այդ օրը կհանեմ ձեր ժողովրդին Եգիպտոսի երկրից։ Ուրեմն ձեր սերունդների մեջ պահե՛ք այդ օրը իբրև հավիտենական կանոն։ Առաջին ամսվա տասնչորսերորդ օրվա երեկոյից սկսած՝ բաղարջ հաց կուտեք մինչև ամսի քսանմեկերորդ օրվա երեկոն։ Յոթ օր ձեր տներում թթխմոր չպետք է գտնվի, որովհետև թթխմորով հաց ուտող անձը, օտարական լինի, թե տեղացի, պիտի վերացվի Իսրայելի ժողովրդի միջից։ Խմորված ոչ մի բան չպիտի ուտեք. ձեր բոլոր բնակավայրերում բաղարջ կուտեք”»։ Մովսեսը կանչեց Իսրայելի բոլոր ծերերին և ասաց նրանց. «Ընտրե՛ք ձեր ընտանիքներին համապատասխան մի գառ, առե՛ք և մորթե՛ք զատիկը։ Վերցրե՛ք զոպայի մի փունջ, այն թաթախե՛ք կոնքի մեջ լցված արյան մեջ, կոնքի մեջ եղած արյունից քսե՛ք դռան վերևի սեմին և երկու դրանդիներին, և մինչև առավոտ ձեզանից ոչ ոք թող իր տան դռնից դուրս չգա։ Տերն անցնելու է եգիպտացիներին հարվածելու համար և տեսնելով դռան վերևի սեմին ու երկու դրանդիների վրա եղած արյունը՝ Տերը կանցնի դռան վրայով և չի թողնի սատակիչին, որ մտնի ձեր տները՝ ձեզ հարվածելու համար։ Այս բանը կպահեք իբրև հավիտենական կանոն ձեզ համար և ձեր որդիների համար։ Երբ գաք այն երկիրը, որ Տերն իր խոստման համաձայն տալու է ձեզ, այն ժամանակ կկատարեք այս պաշտամունքը։ Եվ երբ պատահի, որ ձեր որդիները հարցնեն ձեզ. “Ի՞նչ է նշանակում ձեր այս պաշտամունքը”, այն ժամանակ կպատասխանեք, որ սա զատկի զոհն է Տիրոջ համար, որը Եգիպտոսում Իսրայելի որդիների տների վրայով անցավ եգիպտացիներին հարվածելիս և ազատեց մեր տները»։ Ժողովուրդը խոնարհվեց ու երկրպագություն արեց։ Իսրայելի որդիները գնացին և արեցին այնպես, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին ու Ահարոնին. նրանք այդպես էլ արեցին։ Կեսգիշերին Տերը Եգիպտոսի երկրում հարվածեց բոլոր առաջնեկներին՝ իր գահին նստած փարավոնի անդրանիկ որդուց մինչև բանտում գտնվող կալանավորի անդրանիկը, նաև բոլոր անասունների առաջնեկներին։ Գիշերը վեր կացան փարավոնն ինքը, նրա բոլոր ծառաներն ու բոլոր եգիպտացիները։ Եգիպտոսում մեծ աղաղակ բարձրացավ, որովհետև տուն չկար, որտեղ մեռել չլիներ։ Փարավոնը նույն գիշերը կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Վեր կացեք դո՛ւրս ելեք իմ ժողովրդի միջից դուք էլ, Իսրայելի որդիներն էլ. գնացեք պաշտե՛ք Տիրոջը, ինչպես որ ասացիք։ Առե՛ք ձեր ոչխարներն ու ձեր արջառներն էլ, ինչպես որ ասացիք, գնացե՛ք և ինձ էլ օրհնե՛ք»։ Եգիպտացիները բռնադատում էին ժողովրդին և շտապում երկրից դուրս ուղարկել նրանց, որովհետև ասում էին. «Ամենքս էլ կմեռնենք»։ Ժողովուրդը, իր հունցած խմորը դեռ չհասած, իրենց խմորի տաշտերն իրենց կտավներով փաթաթելով, դրեց իր ուսին։ Իսրայելի որդիները Մովսեսի խոսքի համաձայն արեցին. եգիպտացիներից նրանք ուզեցին արծաթյա ու ոսկյա զարդեր և զգեստներ։ Տերը շնորհ տվեց իր ժողովրդին եգիպտացիների առաջ, և եգիպտացիները նրանց ուզածը տվեցին, և նրանք կողոպտեցին եգիպտացիներին։ Իսրայելի որդիները Ռամսեսից գնացին դեպի Սոկքովթ. նրանք, բացի երեխաներից, վեց հարյուր հազարի չափ հետիոտն տղամարդիկ էին։ Նրանց հետ ելավ նաև խառնիճաղանջ մի բազմություն, և ոչխարների ու արջառների շատ մեծ հոտեր։ Եգիպտոսից իրենց հանած խմորի զանգվածից անթթխմոր շոթեր եփեցին, որովհետև դեռ չէր խմորվել, քանի որ Եգիպտոսից քշվելով՝ ժամանակ չէին ունեցել և իրենց համար պաշար էլ չէին արել։ Եգիպտոսում Իսրայելի որդիները բնակվեցին չորս հարյուր երեսուն տարի։ Երբ չորս հարյուր երեսուն տարին լրացավ, հենց նույն օրը Տիրոջ ամբողջ ժողովուրդը ելավ Եգիպտոսի երկրից։ Սա Տիրոջ համար պահելու մի գիշեր է, որ նրանց հանեց Եգիպտոսի երկրից. սա Տիրոջ համար պահելու այն գիշերն է, որ պիտի պահեն Իսրայելի բոլոր որդիներն ու նրանց սերունդները։ Տերն ասաց Մովսեսին և Ահարոնին. «Սա է զատկի կանոնը. ոչ մի օտարական չպիտի ուտի դրանից։ Դրամով ձեռք բերված որևէ ստրուկ, երբ թլփատես նրան, այն ժամանակ միայն թող ուտի դրանից։ Օտարականն ու վարձկանը չպիտի ուտեն դրանից։ Այն պետք է ուտվի մեկ տան մեջ. միսը տնից դուրս չպիտի հանեք և դրա ոչ մի ոսկորը չջարդեք։ Իսրայելի ամբողջ ժողովուրդը պետք է կատարի դա։ Եթե պանդուխտ մի օտարական քեզ մոտ գա և ուզենա Տիրոջ զատիկը կատարել, նրա ընտանիքի ամեն արուն պետք է թլփատվի, և դրանից հետո մոտենա՝ զատիկը կատարելու, և նա կհամարվի երկրի բնիկ։ Որովհետև ոչ մի անթլփատ դրանից չպետք է ուտի։ Տեղացու և ձեր մեջ բնակվող օտարականի համար մե՛կ օրենք պիտի լինի»։ Իսրայելի բոլոր որդիներն արեցին այնպես, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին և Ահարոնին. այդպես էլ արեցին։ Ահա այդ օրն էր, որ Տերը Եգիպտոսի երկրից հանեց Իսրայելի որդիներին իրենց զորքերով։

ԵԼՔ 12:1-51 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր