ԵԼՔ 12:1-13

ԵԼՔ 12:1-13 ՆՎԱԱ

Տերը Եգիպտոսի երկրում խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ՝ ասելով. «Այս ամիսը թող ձեզ համար լինի ամիսների սկիզբը. այն ձեզ համար թող լինի տարվա ամիսների առաջինը։ Խոսե՛ք Իսրայելի ամբողջ ժողովրդի հետ՝ ասելով. “Այս ամսի տասին ամեն մեկն իր համար թող մի գառ առնի, ամեն մի տունը՝ մեկ գառ, ըստ իրենց հայրերի ընտանիքի։ Եթե մի ընտանիքի անդամները քիչ լինեն մեկ գառի համար, թող այդ ընտանիքը իր տան մոտ եղած հարևանի հետ առնի՝ ըստ անձերի թվի. այդ գառի համար հաշվե՛ք, թե ամեն մի անձը որչա՛փ կարող է ուտել։ Ձեր գառը պետք է լինի անարատ, արու և մեկ տարեկան գառ. այն ոչխարներից կամ այծերի՛ց վերցրեք։ Այն պահե՛ք ձեզ համար մինչև ամսի տասնչորսերորդ օրը, և Իսրայելի ժողովրդի ամբողջ բազմությունը այն կմորթի երեկոյան դեմ։ Թող վերցնեն նրա արյունից ու քսեն տների երկու կողմի դրանդիներին և վերևի սեմին, որտեղ այն ուտելու են։ Այդ գիշերը թող ուտեն կրակի վրա խորոված նրա միսը. այն թող ուտեն բաղարջ հացով և դառը խոտերով։ Նրանից հում կամ ջրի մեջ խաշած չուտեք, այլ կրակի վրա խորովելով։ Նրա գլուխը, ոտքերը և փորոտիքը միասին կուտեք։ Դրանից ոչինչ չթողնեք մինչև առավոտ. դրանից մնացածն այրե՛ք կրակով։ Այն կուտեք այսպես. ձեր գոտիները ձեր մեջքին, ձեր կոշիկները ձեր ոտքերին, ձեր ցուպերը ձեր ձեռքին կլինեն։ Այն կուտեք շտապով, որովհետև դա Տիրոջ զատիկն է։ Այդ գիշեր պիտի անցնեմ Եգիպտոսի երկրով և հարվածեմ Եգիպտոսի երկրի բոլոր առաջնեկներին՝ մարդուց մինչև անասունը։ Եգիպտոսի բոլոր աստվածների դեմ դատաստան պիտի անեմ. ես եմ Տերը։ Արյունը թող ձեզ համար նշան լինի տների վրա, ուր որ լինելու եք, և տեսնելով արյունը՝ պիտի անցնեմ ձեր վրայով, և հարվածը չպիտի իջնի ձեզ վրա՝ կորստյան մատնելու համար ձեզ, երբ հարվածեմ Եգիպտոսի երկիրը։

ԵԼՔ 12:1-13 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում