ԵԼՔ 11

11
10. Անդրանիկների մահը
1Տերն ասաց Մովսեսին. «Մի հարված էլ պիտի հասցնեմ փարավոնին և Եգիպտոսին. դրանից հետո ձեզ կարձակի այստեղից։ Եվ հենց որ արձակի, շուտով ձեզ այստեղից դուրս կանի։ 2Հիմա ասա՛ ժողովրդին, որ ամեն տղամարդ իր հարևանից և ամեն կին իր հարևանուհուց արծաթյա և ոսկյա զարդեր խնդրի»։ 3Տերը շնորհ տվեց իր ժողովրդին եգիպտացիների առաջ։ Մովսեսն էլ Եգիպտոսի երկրում մեծ մարդ էր փարավոնի ծառաների աչքին և ժողովրդի աչքին։
4Մովսեսն ասաց. «Այսպես է ասում Տերը. “Կեսգիշերին ես դուրս կգամ Եգիպտոսում, 5և Եգիպտոսի երկրում կմեռնեն բոլոր առաջնեկները՝ իր գահին նստած փարավոնի առաջնեկից մինչև երկանքի ետևում գտնվող աղախնի առաջնեկը և բոլոր անասունների առաջնածինները։ 6Եգիպտոսի ամբողջ երկրում այնպիսի մեծ աղաղակ կբարձրանա, որի նմանը չի եղել և ոչ էլ կլինի։ 7Բայց Իսրայելի որդիներից ոչ մեկի դեմ՝ մարդուց մինչև անասունը, մի շուն անգամ չի շարժելու իր լեզուն, որպեսզի իմանաք, թե Տերն ինչպիսի տարբերություն է դնում եգիպտացիների և իսրայելացիների միջև։ 8Քո այս բոլոր ծառաները պիտի իջնեն ինձ մոտ և խոնարհություն անեն ինձ՝ ասելով. "Դո՛ւրս գնա դու և քեզ հետևող ամբողջ ժողովուրդը"։ Դրանից հետո ես կգնամ”»։ Եվ Մովսեսը դուրս եկավ փարավոնի մոտից բարկությամբ։
9Տերն ասաց Մովսեսին. «Փարավոնը ձեզ չի լսելու, որպեսզի Եգիպտոսի երկրում ես իմ հրաշքները բազմացնեմ»։ 10Մովսեսն ու Ահարոնը այս բոլոր հրաշքներն արեցին փարավոնի առաջ։ Տերը կարծրացրեց փարավոնի սիրտը, և նա Իսրայելի որդիներին չարձակեց իր երկրից։

Արդեն Ընտրված.

ԵԼՔ 11: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք