ԵԼՔ 1:8-14

ԵԼՔ 1:8-14 ՆՎԱԱ

Արդ, Եգիպտոսի վրա մի նոր թագավոր ելավ, որը Հովսեփին չէր ճանաչում։ Նա ասաց իր ժողովրդին. «Ահա Իսրայելի որդիների ժողովուրդը մեզանից շատ և հզոր է։ Եկեք խորամանկությամբ վարվենք նրա հետ. գուցե բազմանան, և այնպես լինի, որ երբ պատերազմ ծագի, նրանք էլ միանան մեր թշնամիներին և պատերազմեն մեր դեմ ու դուրս ելնեն այս երկրից»։ Դրա համար գործավարներ դրեցին նրանց վրա, որպեսզի չարչարեն նրանց իրենց ծանր աշխատանքներով։ Եվ փարավոնի համար կառուցեցին շտեմարան-քաղաքներ՝ Փիթոմը և Ռամսեսը։ Բայց որքան չարչարում էին նրանց, նրանք այնքան ավելի էին բազմանում և աճում։ Նրանք երկյուղ էին կրում Իսրայելի որդիներից։ Եգիպտացիները բռնությամբ ծառայեցնում էին Իսրայելի որդիներին։ Եվ դառնացնում էին նրանց կյանքը ծանր աշխատանքով՝ կավով ու աղյուսաշինությամբ և դաշտային ամեն տեսակ գործերով։ Ինչ աշխատանք էլ որ անել էին տալիս նրանց, բռնությամբ էր լինում։