ԵՍԹԵՐ 1
1
Վաշթի թագուհին բարկացնում է թագավորին
1Ասուերոսի (սա այն Ասուերոսն էր, որ թագավորում էր Հնդկաստանից մինչև Եթովպիա հարյուր քսանյոթ գավառի վրա). 2այն օրերին, երբ Ասուերոս թագավորը նստած էր իր գահին, որ Շուշան մայրաքաղաքում է, 3իր թագավորության երրորդ տարում խնջույք արեց իր իշխանների և ծառաների համար, երբ պարսիկների և մարերի բանակի հրամանատարները, ավագանին և գավառների իշխաններն իր մոտ էին։ 4Եվ ցույց տվեց իր թագավորության մեծ հարստությունը և իր մեծության փառավոր շքեղությունը շատ օրեր, այսինքն՝ հարյուր ութսուն օր։
5Եվ երբ այն օրերը լրացան, այդ ժամանակ թագավորը Շուշան մայրաքաղաքում գտնվող ամբողջ ժողովրդի համար՝ մեծից մինչև փոքրը, յոթ օր խնջույք արեց թագավորական պալատի պարտեզի գավթում։ 6Սպիտակ բեհեզից, կերպասից ու կապուտակից վարագույրներ կային, որ մարմարյա սյուներից ամրացված էին քթանի և ծիրանագույն բարակ լարերով և արծաթե օղակներով, ոսկե և արծաթե նստարաններ՝ զմրուխտաքարի և սպիտակ մարմարի, աղաբաստրի և սև մարմարի սալահատակի վրա։ 7Խմիչքները տրվում էին ոսկե անոթներով, իսկ անոթները միմյանցից տարբեր էին։ Թագավորի գինին առատ էր, ինչպես թագավորին է վայել։ 8Օրենքի համաձայն էին խմում, և բռնադատող չկար, որովհետև թագավորն այդպես էր հրամայել իր տան բոլոր վերակացուներին, որ նրանք ամեն մեկի ուզածի պես անեն։ 9Վաշթի թագուհին էլ կանանց խնջույք արեց Ասուերոս թագավորի պալատում։ 10Յոթերորդ օրը, երբ թագավորի սիրտը գինով զվարթացել էր, ասաց այն յոթ ներքինիներին՝ Մեհումանին, Բիզթային, Արբոնային, Բիգթային, Աբագթային, Զեթարին և Քարքասին, որոնք ծառայում էին Ասուերոս թագավորի առաջ, 11որ նրանք Վաշթի թագուհուն արքայական թագով բերեն թագավորի առաջ, որ ժողովուրդն ու իշխանները տեսնեն նրա գեղեցկությունը, քանի որ տեսքով գեղեցիկ էր։ 12Սակայն Վաշթի թագուհին մերժեց գնալ թագավորի հրամանով, որ իրեն հաղորդվել էր ներքինիների միջոցով։ Թագավորը շատ բարկացավ, և նրա զայրույթը բորբոքվեց նրա մեջ։
13Եվ թագավորը հարցրեց իմաստուններին, որոնք գիտեին երկրի կարգն ու կանոնները, որովհետև թագավորը միշտ խորհուրդ էր հարցնում բոլոր օրենք և իրավունք իմացողներից, 14որոնք նրա մերձավորներն էին՝ Կարսենան, Սեթարը, Ադմաթան, Թարսիսը, Մերեսը, Մարսենան և Մեմուքանը՝ պարսիկների և մարերի յոթ իշխանները, որոնք թագավորին տեսնում էին ամեն օր և թագավորության գլխավոր խորհրդականներն էին. 15օրենքի համաձայն ի՞նչ պետք է անել Վաշթի թագուհուն, քանի որ Ասուերոս թագավորի հրամանը չկատարեց, որ ուղարկել էր ներքինիների միջոցով։
16Մեմուքանն ասաց թագավորի և իշխանների առջև. «Վաշթի թագուհին ոչ թե միայն թագավորի դեմ է հանցանք գործել, այլև բոլոր իշխանների և բոլոր այն ազգերի դեմ, որ Ասուերոս թագավորի բոլոր գավառներում են։ 17Որովհետև թագուհու արարքը տարածվելու է բոլոր կանանց մեջ, և նրանք անարգելու են իրենց ամուսիններին՝ ասելով, թե Ասուերոս թագավորը հրամայեց Վաշթի թագուհուն իր առջև բերել, բայց նա չգնաց։ 18Եվ այսօր, երբ պարսիկների և մարերի տիկինները լսեն թագուհու արարքի մասին, նույնը պիտի ասեն թագավորի բոլոր իշխաններին, և մեծ անարգանք ու ցասում պիտի լինի։ 19Եթե թագավորին հաճելի է, թող նրա կողմից հրովարտակ հրապարակվի և գրվի պարսիկների և մարերի օրենքում, որ չի կարելի փոխել. Վաշթին Ասուերոս թագավորի առաջը չպիտի գա, և թագավորը նրա թագուհությունը առավել լավին կտա։ 20Եվ երբ որ լսվի թագավորի հրամանը, որ հրամայված է նրա ընդարձակ ողջ թագավորության մեջ, այն ժամանակ բոլոր կանայք պատիվ կտան իրենց ամուսիններին՝ մեծից մինչև փոքրը»։
21Այս խոսքը հաճելի թվաց թագավորին և իշխաններին, և թագավորը Մամուքանի խոսքի համաձայն արեց։ 22Թագավորը նամակներ ուղարկեց բոլոր գավառներին. յուրաքանչյուր գավառին՝ իր գրով և յուրաքանչյուր ազգին՝ իր լեզվով, որ ամեն մարդ իր տան մեջ տեր լինի, և որ իր ժողովրդի լեզվով ասվի։
Արդեն Ընտրված.
ԵՍԹԵՐ 1: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018