Եփեսացիներին 5:1-33

Եփեսացիներին 5:1-33 ՆՎԱԱ

Արդ Աստծուն նմանվե՛ք որպես սիրելի որդիներ։ Եվ սիրո՛վ վարվեք, ինչպես որ Քրիստոսն էլ մեզ սիրեց ու իրեն մեզ համար ընծա և զոհ մատուցեց Աստծուն՝ որպես անուշահոտություն։ Պոռնկության, ամեն պղծության կամ ագահության անունն անգամ թող չտրվի ձեր մեջ, ինչպես վայել է սրբերին, ինչպես նաև գռեհիկ կամ հիմար խոսքերը, կամ խեղկատակությունը, այլ հատկապես գոհություն թող մատուցվի Աստծուն։ Որովհետև մի բան իմացե՛ք, որ ոչ մի պոռնիկ կամ պիղծ կամ ագահ, որ կռապաշտ է, Քրիստոսի և Աստծու արքայության մեջ ժառանգություն չունի։ Ոչ ոք թող ձեզ դատարկ խոսքերով չխաբի, որովհետև այս պատճառով է Աստծու բարկությունը գալիս անհնազանդ զավակների վրա։ Ուրեմն դրանց հաղորդակից մի՛ եղեք։ Քանի որ թեպետ մի ժամանակ խավար էիք, իսկ հիմա լույս եք Տիրոջով, լույսի որդիների պե՛ս ընթացեք, որովհետև Հոգու պտուղը ամեն բարության, արդարության և ճշմարտության մեջ է։ Փորձե՛ք այն, ինչ Տիրոջը հաճելի է։ Եվ խավարի անպտուղ գործերին մասնակից մի՛ եղեք, ավելին՝ քննե՛ք դրանք, որովհետև նրանց մեջ ծածուկ կատարվածների մասին խոսելն անգամ ամոթ է։ Բայց քննության ենթարկված ամեն ծածուկ բան հայտնի է դառնում, քանի որ ամեն բան, որ հայտնի է, լույս է։ Դրա համար էլ ասում է. «Արթնացի՛ր, ո՛վ քնած, վե՛ր կաց մեռելների միջից, և Քրիստոսը քեզ կլուսավորի»։ Արդ ուշադրությո՛ւն դարձրեք ձեր վարքին. վարվե՛ք ոչ թե անխելքների պես, այլ իմաստունների. ճի՛շտ օգտագործեք ժամանակը, որովհետև օրերը չար են։ Դրա համար անմիտ մի՛ եղեք, այլ իմացե՛ք, թե որն է Տիրոջ կամքը։ Գինով մի՛ հարբեք, որ անառակության է տանում, այլ Հոգո՛վ լցվեք։ Միմյանց հետ սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերո՛վ խոսեք, ձեր սրտերում Տիրո՛ջը երգեք ու սաղմո՛ս ասեք։ Ամեն ժամ ու ամեն բանում մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով գոհությո՛ւն հայտնեք Աստծուն և Հորը։ Քրիստոսի երկյուղով միմյանց հնազա՛նդ եղեք։ Կանա՛յք, ձեր ամուսիններին հնազանդվե՛ք, ինչպես Տիրոջը, որովհետև ամուսինը կնոջ գլուխն է, ինչպես Քրիստոսն էլ եկեղեցու գլուխն է, և ինքն է մարմնի Փրկիչը։ Եվ ինչպես եկեղեցին հնազանդ է լինում Քրիստոսին, այնպես էլ կանայք իրենց ամուսիններին ամեն ինչում թող հնազանդ լինեն։ Ամուսիննե՛ր, սիրե՛ք ձեր կանանց, ինչպես որ Քրիստոսն էլ եկեղեցուն սիրեց ու իր անձը նրա համար մատնեց, որպեսզի նրան սրբացնի՝ մաքրելով ջրի ավազանով՝ խոսքով, որպեսզի եկեղեցին իր առաջ փառավոր կանգնեցնի, որպեսզի որևէ արատ կամ բիծ կամ որևէ նման բան չունենա, որ սուրբ ու անարատ լինի։ Ամուսիններն իրենց կանանց այնպես պետք է սիրեն, ինչպես իրենց մարմինները. ով իր կնոջը սիրում է, ինքն իրեն է սիրում։ Որովհետև ոչ ոք իր անձը երբեք չի ատել, այլ սնում և խնամում է այն, ինչպես որ Քրիստոսը՝ եկեղեցուն, որովհետև նրա մարմնի անդամներն ենք, նրա մարմնից ու ոսկորներից։ Դրա համար ամուսինն իր հորն ու մորը պետք է թողնի և իր կնոջը հետևի, ու երկուսը մեկ մարմին պիտի լինեն (Ծնն. 2.24)։ Այս խորհուրդը մեծ է, բայց ես Քրիստոսի և եկեղեցու մասին եմ ասում։ Սակայն դուք էլ, ձեզնից յուրաքանչյուրը թող իր կնոջն այնպես սիրի, ինչպես ինքն իրեն, և կինն էլ ակնածի իր ամուսնուց։

Եփեսացիներին 5:1-33 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր