Եփեսացիներին 3:1-21

Եփեսացիներին 3:1-21 ՆՎԱԱ

Դրա համար ես՝ Պողոսս, Հիսուս Քրիստոսի բանտարկյալն եմ ձեզ՝ հեթանոսներիդ համար. դուք անշուշտ լսել եք, որ Աստծու ծրագիրն իրականացնելու համար շնորհ է տրվել ինձ, որը ձեր օգուտի համար է։ Այն խորհուրդն ինձ հայտնությամբ ցույց տրվեց, ինչպես նախապես համառոտ գրեցի ձեզ, որպեսզի կարողանայիք կարդալ և հասկանալ իմ ըմբռնումը Քրիստոսի խորհրդի մասին։ Աստված այն մարդկության նախորդ սերունդներին ցույց չի տվել, ինչպես որ հիմա Հոգով իր սուրբ առաքյալներին ու մարգարեներին է հայտնել, որ հեթանոսները ժառանգակիցներ են ու Քրիստոսի նույն մարմնի անդամները և մասնակից են Հիսուս Քրիստոսով խոստմանը Ավետարանի միջոցով, որին ես սպասավոր եղա Աստծու շնորհի պարգևով, որ նրա զորության ներգործությամբ տրվեց ինձ։ Այս շնորհը տրվեց ինձ՝ բոլոր սրբերից հետինիս, որպեսզի Քրիստոսի անքննելի հարստությունը հեթանոսների մեջ ավետարանեմ և բոլորին լուսավորեմ, թե ի՛նչ է այն խորհրդի տնտեսությունը, որ դարեր շարունակ ծածկված էր Աստծու՝ տիեզերքի արարչի մեջ, որպեսզի այժմ եկեղեցու միջոցով երկնային իշխանություններին և պետություններին հայտնվի Աստծու բազմատեսակ իմաստությունը՝ համաձայն այն հավիտենական ծրագրի, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով իրագործեց։ Նրան հավատալով՝ համարձակություն ունենք վստահաբար Աստծուն մոտենալու։ Արդ աղաչում եմ, որ չվհատվեք ձեզ համար կրած իմ նեղությունների պատճառով, որոնք ձեր փառքն են։ Դրա համար ծնկի եմ գալիս մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հոր առաջ, որից երկնքում ու այս երկրի վրա եղող ամեն ծնունդ անուն է ստանում, որպեսզի ըստ իր հարուստ փառքի զորություն տա ձեզ՝ իր Հոգու միջոցով ներքնապես ամրանալու, որպեսզի Քրիստոսը ձեր սրտերում հավատի միջոցով բնակվի, և դուք սիրո մեջ արմատացած ու հաստատված լինեք, որպեսզի բոլոր սրբերի հետ կարողանաք հասկանալ, թե ի՛նչ են լայնությունը և երկարությունը, բարձրությունը և խորությունը, ճանաչեք Քրիստոսի սերը, որ գերազանցում է ամեն գիտություն, որպեսզի Աստծու ամբողջական լիությամբ լցվեք։ Բայց նրան, ով մեր մեջ ներգործող զորությամբ կարող է առատությամբ ամեն բանից ավելին անել, քան որ խնդրում ենք ու իմանում, փառք նրան եկեղեցու մեջ, որ Քրիստոս Հիսուսով է, սերնդեսերունդ, հավիտյանս հավիտենից։ Ամեն։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում