Եփեսացիներին 1:1-23

Եփեսացիներին 1:1-23 ՆՎԱԱ

Պողոսը՝ Աստծու կամքով Հիսուս Քրիստոսի առաքյալ, Եփեսոսում գտնվող սրբերին և Քրիստոս Հիսուսին հավատացողներին. Աստծուց՝ մեր Հորից, ու Տեր Հիսուս Քրիստոսից շնորհ և խաղաղություն ձեզ։ Օրհնյալ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ մեզ Քրիստոսով օրհնեց երկնքում ամեն հոգևոր օրհնությամբ, ինչպես որ մեզ նրա միջոցով ընտրեց աշխարհի ստեղծումից առաջ, որպեսզի մենք սուրբ և անարատ լինենք նրա առաջ սիրո մեջ։ Մեզ նախասահմանեց, որ Հիսուս Քրիստոսի միջոցով իրեն որդեգիր լինենք՝ ըստ իր կամքի հաճության, որպեսզի գովերգվի նրա շնորհի փառքը, որ մեզ շնորհվեց իր Սիրելիի միջոցով։ Նրանով փրկություն ունենք իր արյան միջոցով, մեղքերի թողություն՝ համաձայն իր շնորհի առատության, որ ավելացավ մեր մեջ ամեն իմաստությամբ ու գիտությամբ։ Իր բարեհաճության համաձայն մեզ ճանաչեցրեց իր կամքի խորհուրդը, որ նախապես նրանով սահմանել էր. որպեսզի ժամանակներն իրենց լրումին հասնեն, որ ամեն բան Քրիստոսի մեջ բովանդակվի, ինչ որ երկնքում է և ինչ որ երկրի վրա։ Նրանով մենք էլ ժառանգություն ստացանք՝ հետևելով նրա նախասահմանած ծրագրին, որ ամեն բան հաջողեցնում է իր կամքի խորհրդի համաձայն, որպեսզի իր փառքի գովքը լինենք մենք, որ Քրիստոսին առաջինը հուսացողներն ենք։ Նրանով դուք էլ հուսացիք, երբ ճշմարտության խոսքը լսեցիք՝ ձեր փրկության Ավետարանը, որին հավատացիք, խոստացված Սուրբ Հոգով կնքվեցիք, որը մեր ժառանգության գրավականն է մինչև ժողովրդի փրկությունը, որպեսզի նրա փառքը գովերգենք։ Դրա համար ես էլ, լսելով Տեր Հիսուսի հանդեպ ձեր ունեցած հավատի և բոլոր սրբերի հանդեպ սիրո մասին, ձեզ համար գոհություն հայտնելուց չեմ դադարում՝ ձեզ իմ աղոթքներում հիշելով, որպեսզի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը՝ փառքի Հայրը, իրեն ճանաչելու համար տա ձեզ իմաստության և հայտնության հոգի, որ ձեր սրտի աչքերը լուսավորի, և ճանաչեք, թե ի՛նչ է նրա կոչման հույսը, ինչքա՛ն է սրբերի մեջ նրա փառավոր ժառանգության առատությունը, և որքա՛ն գերազանց ու մեծ է նրա զորությունը, որով նա զորացնում է մեզ՝ հավատացյալներիս՝ համաձայն իր զորավոր ուժի ներգործության։ Նա այն Քրիստոսով գործադրեց՝ նրան մեռելներից հարություն տալով, և նրան նստեցրեց իր աջ կողմում՝ երկնքում, ամեն իշխանությունից և պետությունից, զորությունից և տերությունից առավել վերև, ամեն անունից էլ վեր, որ անվանվում է ոչ միայն այս աշխարհում, այլև հանդերձյալում։ Եվ ամեն բան նրա ոտքերի տակ հնազանդեցրեց, նրան եկեղեցու գլուխ դրեց՝ ամեն ինչից վեր, որ է նրա մարմինը, այն լրումը, որ ամեն ինչ լցնում է ամեն ինչում։

Եփեսացիներին 1:1-23 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում