Ես այս բոլորի մասին մտածեցի, որպեսզի այս բոլորն էլ քննեմ, որ արդարներն ու իմաստունները և նրանց գործերն Աստծու ձեռքին են. մարդը չգիտի թե՛ սերը, թե՛ ատելությունը, և ամեն բան, որ իր առջևում է։
Ամեն բան ամենքի համար է. նույն վախճանը լինում է արդարին և անիրավին, բարի և մաքուր մարդուն ու անմաքուրին, զոհ անողին և զոհ չանողին, ինչպես բարին է, այնպես էլ մեղավորն է, երդում անողը երդումից վախեցողի պես է։
Սա չարիք է արեգակի տակ եղած բոլոր գործերի մեջ, որ բոլորի վախճանը միևնույն է. ու նաև մարդկանց որդիների սիրտը լի է չարությամբ, և նրանց սրտում խենթություն կա, մինչև ապրում են, իսկ հետո իջնում են մեռելների մոտ։
Ով որ ընկեր է մյուս ապրողներին, հույս կա նրա համար, որովհետև ողջ շունը մեռած առյուծից լավ է։
Ողջերը գիտեն, որ մեռնելու են, բայց մեռելները ոչ մի բան չգիտեն և վարձատրություն էլ չունեն, որովհետև նրանց հիշատակը մոռացվել է։
Նրանց սերն էլ, նրանց ատելությունն էլ, նրանց նախանձն էլ վաղուց կորած են, և նրանց համար այլևս հավիտյան բաժին չկա արեգակի տակ եղած բոլոր բաներից։
Գնա՛, ուրախությամբ կե՛ր հացդ և զվարթ սրտով խմի՛ր գինիդ, որովհետև Աստված արդեն հավանել է քո գործերը։
Հանդերձներդ թող միշտ սպիտակ լինեն, և գլխիդ յուղը թող չպակասի։
Վայելի՛ր կյանքը քո սիրած կնոջ հետ քո ունայն կյանքի բոլոր օրերում, որ Աստված քեզ տվեց արևի տակ, որովհետև նա է քո բաժինը կյանքում և արեգակի տակ քո կատարած ծանր աշխատանքի մեջ։
Ամեն ինչ, որ ձեռքդ գտնի անելու համար, ամբողջ ուժովդ արա՛, որովհետև գերեզմանում, ուր որ գնալու ես, գործ, նշանակություն, գիտություն և իմաստություն չկա։
Դարձա ու արեգակի տակ տեսա, որ մրցավազքը թեթևաշարժներինը չէ, ոչ էլ պատերազմը՝ հզորներինը, ոչ էլ հացը՝ իմաստուններինը, հարստությունն էլ ողջամիտներինը չէ, շնորհքն էլ գիտուններինը չէ, որովհետև ժամանակն ու դիպվածը բոլորին են պատահում։
Քանի որ մարդը չգիտի իր ժամանակը. ինչպես որ ձկներն են բռնվում չար ուռկանով, ինչպես որ թռչուններն են բռնվում ծուղակի մեջ, նրանց նման էլ մարդկանց որդիներն են բռնվում որոգայթի մեջ մի չար ժամանակում, որը հանկարծ նրանց վրա է գալիս։