ԺՈՂՈՎՈՂ 7:7-18

ԺՈՂՈՎՈՂ 7:7-18 ՆՎԱԱ

Որովհետև բռնությունը խենթացնում է իմաստունին. իսկ կաշառքն ապականում է միտքը։ Ավելի լավ է մի բանի վախճանը, քան նրա սկիզբը. համբերատար մարդը գոռոզ մարդուց լավ է։ Մի՛ շտապիր հոգով բարկանալ, քանի որ բարկությունը անմիտների ծոցում է հանգչում։ Մի՛ ասա. «Ինչո՞ւ էին առաջվա օրերը այս օրերից լավը», որովհետև իմաստությունից չէ, որ հարցնում ես այս բանը։ Իմաստությունը լավ է ժառանգության հետ և օգտակար է արեգակը տեսնողների համար։ Որովհետև իմաստության հովանին արծաթի հովանու պես է, բայց գիտության օգուտը սա է, որ իմաստությունն իր տերերին ապրեցնում է։ Նայի՛ր Աստծու գործին. որովհետև ո՞վ կարող է ուղղել նրա ծռածը։ Բարօրության օրը ուրա՛խ եղիր և չարիքի օրը՝ զգուշավոր. Աստված թե՛ մեկը, թե՛ մյուսը ստեղծեց, որ մարդ իրենից հետո լինելիք ոչ մի բան չգտնի։ Ամեն բան տեսա իմ ունայնության օրերում. արդար կա, որ կորչում է իր արդարության մեջ, և անիրավ կա, որ երկարացնում է իր կյանքը իր անիրավության մեջ։ Չափազանց արդար մի՛ եղիր և քեզ չափազանց իմաստուն մի՛ կարծիր. ինչի՞ համար քեզ կործանես։ Խիստ ամբարիշտ մի՛ եղիր և անխելք մի՛ եղիր. ինչի՞ համար տարաժամ մեռնես։ Լավ է, որ մեկին բռնես և մյուսից էլ ձեռքդ չքաշես, որովհետև Աստծուց վախեցողը ամեն ինչից դուրս կգա։