ԺՈՂՈՎՈՂ 6:1-12

ԺՈՂՈՎՈՂ 6:1-12 ՆՎԱԱ

Մի չարիք կա, որ տեսել եմ արեգակի տակ, և դա ծանր է մարդկանց համար։ Աստված մի մարդու հարստություն, ունեցվածք և պատիվ է տալիս, այնպես, որ իր հոգու ցանկացած բաներից ոչ մի պակասություն չունենա. բայց Աստված նրան իշխանություն չի տալիս դրանցից ճաշակելու, այլ մի օտար մարդ է ուտում այն։ Սա ունայնություն է և դառը չարիք։ Եթե մի մարդ հարյուր որդի ծնի և շատ տարիներ ապրի, և նրա տարիների օրերը բազմաթիվ լինեն, ու նրա անձը չկշտանա բարիքից, և նա թաղում էլ չունենա, ես ասում եմ, որ վիժածը նրանից լավ է։ Որովհետև նա ունայնությամբ է գալիս և խավարով գնում, ու խավարով է ծածկվում նրա անունը։ Արեգակին չի տեսել և ոչինչ չի իմացել. նա այդ մարդուց հանգիստ կլինի։ Եվ ահա, եթե նա կրկնակի հազար տարի էլ ապրի և մի բարիք չտեսնի. չէ՞ որ բոլորն էլ նույն տեղն են գնում։ Մարդու ամբողջ աշխատանքն իր բերանի համար է, սակայն նրա ախորժակը չի հագենում։ Որովհետև իմաստունն ի՞նչ առավելություն ունի անմիտից. ի՞նչ գերազանցություն՝ ապրողների մեջ ապրել իմացող աղքատը։ Աչքերի տեսնելն ավելի լավ է, քան թե ցանկության թափառելը. սա էլ է ունայն և քամուն հետապնդում։ Ինչ որ եղել է, իր անունով արդեն կոչված է. մարդն ինչ է, արդեն հայտնի է, և նա իրենից Զորավորի հետ չի կարող վիճել։ Որքան շատ են խոսքերը, այնքան շատացնում են ունայնությունը. ո՞րն է մարդու օգուտը։ Որովհետև ո՞վ գիտի, թե կյանքում ինչն է լավ մարդուն իր ունայն կյանքի սակավաթիվ բոլոր օրերի մեջ, որ ստվերի պես է անցկացնում. որովհետև ո՞վ պիտի մարդուն հայտնի, թե իրենից հետո ի՛նչ կլինի արեգակի տակ։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում