ԺՈՂՈՎՈՂ 5:8-20

ԺՈՂՈՎՈՂ 5:8-20 ՆՎԱԱ

Եթե մի գավառում տեսնես մի աղքատի հարստահարությունը և իրավունքի ու արդարության հափշտակվելը, մի՛ զարմացիր այդ բանի վրա, որովհետև բարձրին հսկում է մեկ ավելի բարձրը, և նրանց վրա՝ առավել բարձրերը։ Երկրի ամենամեծ հսկողը թագավորն է. նա է տնօրինում մշակված արտը։ Դրամ սիրողը դրամից չի կշտանա, և ոչ էլ հարստություն սիրողը՝ շահույթից։ Սա էլ է ունայնություն։ Երբ շատանում են բարիքները, շատանում են այն ուտողները, ուրեմն նրանց տերերի համար ի՞նչ օգուտ կա, բացի իրենց աչքով տեսնելուց։ Աշխատողի քունը քաղցր է, քիչ ուտի, թե շատ. բայց հարուստի կուշտ փորը թույլ չի տալիս, որ հանգիստ քնի։ Տեսա, որ դառը չարիք կա արեգակի տակ. այն հարստությունը, որ դիզվում է ի վնաս իր տիրոջ։ Եվ եթե այդ հարստությունը մի չարաղետ զբաղմունքով կորչի, և նրան որդի ծնվի, նա ձեռքում ոչինչ չի ունենա։ Նա ինչպես որ ելավ իր մոր որովայնից, մերկ էլ ետ կդառնա. կգնա, ինչպես որ եկել էր, և իր աշխատանքից ոչինչ չի վերցնի, որ իր ձեռքով տանի իր հետ։ Սա էլ է մի դառը չարիք, որ ինչպես որ եկավ, այնպես էլ գնալու է, և նրան ի՞նչ օգուտ կա, որ աշխատեց քամուն հետապնդել։ Նա իր բոլոր օրերը խավարում կսպառի կսկիծով, հիվանդությամբ և բարկությամբ։ Ահա իմ տեսածը. լավ և վայելուչ է ուտել ու խմել և արեգակի տակ իր կատարած աշխատանքով բարիք վայելել կյանքի այն քիչ օրերին, որ Աստված տվել է, որովհետև դա է նրա բաժինը։ Ամեն մարդու, որին Աստված հարստություն և ստացվածք է տվել, նրան նաև իշխանություն է տալիս դրանից ուտելու, իր բաժինն առնելու և իր աշխատանքով ուրախանալու. սա Աստծու պարգևն է։ Որովհետև նա իր կյանքի օրերը շատ չի հիշելու, որովհետև Աստված նրան զբաղ է պահում նրա սրտի ուրախությամբ։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում