ԺՈՂՈՎՈՂ 4:1-16

ԺՈՂՈՎՈՂ 4:1-16 ՆՎԱԱ

Եվ ես շրջվեցի ու տեսա արևի տակ կատարվող բոլոր կեղեքումները. ահա կեղեքվածների արտասուք կար, բայց մխիթարիչ չունեին. նրանց կեղեքիչների ձեռքում՝ ուժ, բայց նրանք մխիթարիչ չունեին։ Եվ ես գովաբանեցի մեռածներին, որոնք արդեն մեռել էին, ավելի, քան այն ապրողներին, որոնք դեռևս ապրում են։ Բայց այդ երկուսից էլ լավագույնը նա է, ով դեռևս չի եղել, որ չի տեսել արեգակի տակ գործվող չարությունը։ Եվ ես տեսա, որ ամբողջ տքնանքն ու բոլոր ձեռքբերումները մարդու նախանձից են իր ընկերոջ նկատմամբ. սա էլ է ունայն և քամուն հետապնդում։ Անմիտը ծալում է իր ձեռքերը և իր միսն ուտում։ Ավելի լավ է մի բուռ հանգստությամբ լի, քան թե երկու բուռ՝ տքնանքով և քամուն հետապնդելով։ Ես շրջվեցի և ունայնություն տեսա արեգակի տակ։ Մեկը կա, որ մի հաջորդ չունի. ո՛չ որդի և ո՛չ եղբայր, բայց նրա ամբողջ աշխատանքը վերջ չունի, և նրա աչքը չի կշտանում հարստությամբ. «Ո՞ւմ համար եմ ես աշխատում և իմ անձը զրկում բարիքից»։ Ահա սա էլ է ունայնություն և չար զբաղմունք։ Երկուսը մեկից լավ է, որովհետև նրանք լավ վարձ ունեն իրենց տանջանքից։ Որովհետև եթե վայր ընկնեն, մեկն իր ընկերոջը կկանգնեցնի. բայց վա՜յ մեկին, որ ընկնում է, և չկա մի երկրորդը, որ կանգնեցնի նրան։ Նաև, երբ որ երկուսը միասին պառկեն, կտաքանան, իսկ մեկն ինչպե՞ս կտաքանա։ Եվ եթե մեկը նրան բռնանա, երկուսը նրա դեմ կկանգնեն. եռապատիկ թելը շուտ չի կտրվի։ Լավ է աղքատ և իմաստուն տղան, քան թե ծեր և անմիտ թագավորը, որն այլևս խրատվել չգիտի։ Որովհետև մեկը կալանավորների տնից է դուրս գալիս, որ թագավորի, իսկ մյուսը, թագավոր ծնված լինելով, աղքատանում է։ Արեգակի տակ ման եկող բոլոր ապրողներին ես տեսա այն տղայի հետ, որ պիտի կանգնի թագավորի տեղում։ Թիվ չկա այն ամբողջ ժողովրդին՝ այն բոլորին, որ նրանցից առաջ էին, սակայն նրանց հաջորդները նրանով չեն ուրախանալու։ Սա էլ է ունայն և քամուն հետապնդում։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում