ԺՈՂՈՎՈՂ 2:1-26

ԺՈՂՈՎՈՂ 2:1-26 ՆՎԱԱ

Սրտումս ասացի. «Արի քեզ ուրախության միջոցով փորձեմ, բարի՛ք վայելիր»։ Բայց ահա սա էլ էր ունայն։ Ծիծաղի մասին ասացի. «Խենթ է», իսկ ուրախության մասին՝ «Ի՞նչ է արածը»։ Մտքումս մտածեցի, որ մարմինս գինով զվարթացնեմ և սիրտս իմաստությամբ առաջնորդելով՝ հիմարությունն ըմբռնեմ, մինչև որ տեսնեմ, թե մարդկանց որդիների համար ի՛նչն է բարին, որ անեն երկնքի տակ իրենց կյանքի սակավաթիվ օրերին։ Ես մեծ գործեր կատարեցի. ինձ համար տներ կառուցեցի, ինձ համար այգիներ տնկեցի։ Պարտեզներ և մրգաստաններ պատրաստեցի և նրանց մեջ ամեն տեսակ պտղաբեր ծառեր տնկեցի։ Ինձ համար ջրավազաններ սարքեցի, որպեսզի նրանցից ոռոգվի աճող անտառը։ Ստրուկներ և աղախիններ գնեցի, նաև իմ տանը ծնված ծառաներ ունեցա, շատ արջառներ և հոտեր ունեցա, ինձանից առաջ Երուսաղեմում եղածների մեջ ամենից ավելի։ Ինձ համար արծաթ և ոսկի, թագավորների և գավառների գանձեր կուտակեցի, ինձ համար երգիչներ ու երգչուհիներ ձեռք բերեցի և մարդկանց որդիների զվարճությունները՝ բազմաթիվ հարճեր։ Մեծ եղա և գերազանցեցի ինձանից առաջ Երուսաղեմում եղած բոլորին. ահա իմաստությունս ինձ մոտ էր մնում։ Եվ ամեն բան, աչքերիս բոլոր ցանկությունները, չարգելեցի նրանց, սիրտս չզրկեցի ոչ մի ուրախությունից, և սիրտս ուրախացավ իմ բոլոր աշխատանքներով։ Սա էր իմ վարձատրությունն իմ ամբողջ աշխատանքից։ Եվ ես նայեցի իմ ձեռքերի արած բոլոր գործերին և դրանք կատարելիս՝ իմ տքնությանը։ Եվ ահա ամբողջն ունայն էր և քամու աշխատանք, և արեգակի տակ ոչ մի օգուտ չկար։ Ապա դարձա իմաստությունը տեսնելու, նաև խենթությունն ու անխելքությունը։ Որովհետև ի՞նչ է անելու այն մարդը, որ թագավորից հետո է գալու. ինչ որ արդեն արվել է։ Եվ ես տեսա, որ իմաստությունն ավելի օգտակար է անխելքությունից. ինչպես որ լույսն է ավելի օգտակար խավարից։ Իմաստունի աչքերն իր գլխին են, իսկ անմիտը խավարի մեջ է քայլում։ Բայց ես հասկացա, որ նրանց բոլորի վախճանը մեկն է։ Եվ ես իմ սրտում ասացի. «Ինչպես որ անմիտին է պատահում, ինձ էլ է պատահելու. ուրեմն ես ինչո՞ւ հույժ իմաստուն եղա»։ Եվ իմ սրտում ասացի. «Սա էլ է ունայն»։ Որովհետև իմաստունի հիշատակը մշտակա չէ, ոչ էլ անմիտինը. գալիք օրերում բոլորն արդեն կմոռացվեն, և օ՜, ինչպե՞ս է մեռնում իմաստունը. անմիտի նման։ Ու ես ատեցի կյանքը, որովհետև ինձ համար չար էին արևի տակ եղած գործերը, որովհետև ամեն ինչ ունայն է և քամուն հետապնդում։ Եվ ես ատեցի արեգակի տակ արած ամբողջ աշխատանքս, որ թողնելու եմ ինձանից հետո եկող մարդու համար։ Եվ ո՞վ գիտի՝ ինքն իմաստո՞ւն կլինի, թե՞ անխելք, սակայն նա տիրելու է ամբողջ աշխատանքին, որ կատարեցի և որի մեջ իմաստություն ցույց տվեցի արեգակի տակ. սա էլ է ունայնություն։ Եվ ես ետ դարձա, որպեսզի սրտիս հույսը կտրեմ արեգակի տակ արած ամբողջ աշխատանքիցս։ Որովհետև մարդ կա, որի աշխատանքն իմաստությամբ, գիտությամբ և հաջողությամբ է եղել, բայց այն իբրև բաժին տալու է դրա մեջ չաշխատած մարդուն։ Սա էլ է ունայնություն և մի մեծ չարիք։ Որովհետև ի՞նչ է մնում մարդուն իր ամբողջ տաժանքից և իր մտատանջությունից, որ նա կատարեց արեգակի տակ։ Որովհետև նրա բոլոր օրերը ցավալի են, և նրա գործերը՝ տաղտկալի, նրա միտքը գիշերն իսկ հանգիստ չէ. սա էլ է ունայնություն։ Սրանից ավելի լավ բան չկա մարդու համար. որ ուտի և խմի ու իր աշխատանքով զվարթացնի իր սիրտը, բայց ես սա էլ տեսա, որ այդ բանն էլ Աստծու ձեռքով է լինում։ Որովհետև առանց նրա ո՞վ կարող է ուտել և ո՞վ կարող է զվարճանալ։ Որովհետև այն մարդուն, որ հաճելի է Աստծու առաջ, նա իմաստություն, գիտություն և ուրախություն է տալիս, իսկ մեղավորին զբաղմունք է տալիս, որ նա հավաքի և կուտակի ու տա Աստծու առաջ հաճելի եղողին։ Սա էլ է ունայն և քամուն հետապնդում։