ԺՈՂՈՎՈՂ 2:1-11

ԺՈՂՈՎՈՂ 2:1-11 ՆՎԱԱ

Սրտումս ասացի. «Արի քեզ ուրախության միջոցով փորձեմ, բարի՛ք վայելիր»։ Բայց ահա սա էլ էր ունայն։ Ծիծաղի մասին ասացի. «Խենթ է», իսկ ուրախության մասին՝ «Ի՞նչ է արածը»։ Մտքումս մտածեցի, որ մարմինս գինով զվարթացնեմ և սիրտս իմաստությամբ առաջնորդելով՝ հիմարությունն ըմբռնեմ, մինչև որ տեսնեմ, թե մարդկանց որդիների համար ի՛նչն է բարին, որ անեն երկնքի տակ իրենց կյանքի սակավաթիվ օրերին։ Ես մեծ գործեր կատարեցի. ինձ համար տներ կառուցեցի, ինձ համար այգիներ տնկեցի։ Պարտեզներ և մրգաստաններ պատրաստեցի և նրանց մեջ ամեն տեսակ պտղաբեր ծառեր տնկեցի։ Ինձ համար ջրավազաններ սարքեցի, որպեսզի նրանցից ոռոգվի աճող անտառը։ Ստրուկներ և աղախիններ գնեցի, նաև իմ տանը ծնված ծառաներ ունեցա, շատ արջառներ և հոտեր ունեցա, ինձանից առաջ Երուսաղեմում եղածների մեջ ամենից ավելի։ Ինձ համար արծաթ և ոսկի, թագավորների և գավառների գանձեր կուտակեցի, ինձ համար երգիչներ ու երգչուհիներ ձեռք բերեցի և մարդկանց որդիների զվարճությունները՝ բազմաթիվ հարճեր։ Մեծ եղա և գերազանցեցի ինձանից առաջ Երուսաղեմում եղած բոլորին. ահա իմաստությունս ինձ մոտ էր մնում։ Եվ ամեն բան, աչքերիս բոլոր ցանկությունները, չարգելեցի նրանց, սիրտս չզրկեցի ոչ մի ուրախությունից, և սիրտս ուրախացավ իմ բոլոր աշխատանքներով։ Սա էր իմ վարձատրությունն իմ ամբողջ աշխատանքից։ Եվ ես նայեցի իմ ձեռքերի արած բոլոր գործերին և դրանք կատարելիս՝ իմ տքնությանը։ Եվ ահա ամբողջն ունայն էր և քամու աշխատանք, և արեգակի տակ ոչ մի օգուտ չկար։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում