ԺՈՂՈՎՈՂ 12:1-14

ԺՈՂՈՎՈՂ 12:1-14 ՆՎԱԱ

Հիշի՛ր քո Արարչին քո երիտասարդության օրերին, քանի դեռ չեն եկել թշվառության օրերը, և չեն հասել այն տարիները, որոնցում ասելու ես. «Դրանց մեջ ես հաճույք չեմ զգում»։ Քանի դեռ չեն խավարել արեգակն ու լույսը, լուսինն ու աստղերը, և անձրևից հետո ամպերը չեն վերադարձել. Այն օրը, երբ կդողդողան տան պահապանները, կկորանան զորավոր մարդիկ, քչանալու պատճառով կդադարեն աղացողները և պատուհանից նայողները կմռայլվեն, Փողոցի դռները կփակվեն, աղորիքի ձայնը կտկարանա, և նա թռչնի ձայնից կարթնանա, և երգի բոլոր դուստրերը կթուլանան։ Բարձր տեղից պիտի վախենան և պիտի սարսափեն ճանապարհին. նշենին պիտի ծաղկի, և մարախը պիտի ծանրանա, ախորժակը պիտի դադարի, որովհետև մարդը գնում է իր հավիտենական տունը, և փողոցում շրջում են սգացողները։ Քանի դեռ արծաթի թելը չի կտրվել, ոսկե բաժակը չի կոտրվել, և աղբյուրի մոտ չի փշրվել սափորը, ջրհորի վրա չի կոտրվել անիվը, Հողը առաջվա պես երկրին պիտի դառնա, հոգին պիտի դառնա Աստծու մոտ, որ այն տվել էր։ Ունայնություն ունայնությանց,- ասաց Ժողովողը,- ամեն բան ունայն է։ Իմաստուն լինելուց բացի Ժողովողը ժողովրդին նաև գիտություն սովորեցրեց, կշռադատեց ու քննեց և շատ առակներ շարադրեց։ Ժողովողը փորձեց վայելուչ խոսքեր գտնել և ուղղամտությամբ ճշմարտության խոսքեր գրեց։ Իմաստունների խոսքերը խթանների պես են. ժողովածուների տերերի ձեռքով գամված բևեռներ են՝ մեկ հովվից տրված։ Եվ վերջապես, որդյա՛կս, նրանցի՛ց խրատվիր. շատ գրքեր գրելը վերջ չունի, և շատ կարդալը մարմինը հոգնեցնում է։ Ամբողջ խոսքի վախճանը լսենք. Աստծուց վախեցի՛ր և պահի՛ր նրա պատվիրանները, որովհետև մարդու համար սա է իր ամբողջ պարտավորությունը։ Որովհետև Աստված բոլոր գործերը դատաստանի է բերելու ամեն ծածուկ բանի հետ՝ բարի թե չար։