ԺՈՂՈՎՈՂ 1:1-18

ԺՈՂՈՎՈՂ 1:1-18 ՆՎԱԱ

Երուսաղեմում թագավոր Դավթի որդի Ժողովողի խոսքերը. Ունայնություն ունայնությանց,- ասաց Ժողովողը,- ունայնություն ունայնությանց, ամեն ինչ ունայնություն է։ Մարդն ի՞նչ օգուտ ունի իր ամբողջ տքնանքից, որ կրում է արեգակի տակ։ Մի սերունդ գնում է, և մի սերունդ գալիս է, բայց երկիրը հավիտյան կմնա։ Եվ արեգակը ծագում է և արեգակը մայր է մտնում և շտապում դեպի ծագելու իր տեղը։ Քամին գնում է հարավ և դառնում դեպի հյուսիս, պտտաձև շրջվում է և իր շրջանակներին է վերադառնում։ Բոլոր գետերը ծով են գնում, բայց ծովը չի լցվում. ուր որ գնում են գետերը, կրկին այնտեղ են վերադառնում։ Ամեն ինչ հոգնեցնում է, մարդ չի կարողանում խոսել։ Աչքը տեսնելուց չի կշտանում, և ականջը լսելով չի լցվում։ Ինչ որ եղել էր, այն էլ կլինի, և ինչ որ կատարված էր, այն էլ կկատարվի, և արեգակի տակ նոր բան չկա։ Կա՞ արդյոք մի այնպիսի բան, որի համար ասվի, թե սա նոր է. դա արդեն եղել է մեզնից առաջվա դարերում։ Նախկինների հիշատակը չկա. հետինների մասին էլ, որ գալու են, հիշատակ չի լինելու նրանց մեջ, որ հետո են գալու։ Ես՝ Ժողովողս, Երուսաղեմում Իսրայելի վրա թագավոր էի։ Եվ իմ միտքը տվեցի, որպեսզի փնտրեմ և իմաստությամբ քննեմ այն ամենը, ինչ որ լինում է երկնքի տակ. սա մի տխուր զբաղմունք է, որ Աստված տվել է մարդկանց որդիներին, որպեսզի զբաղվեն դրանով։ Ես տեսա այն բոլոր գործերը, որ գործվել են արեգակի տակ, և բոլորն ահա ունայնություն էին, քամուն հետապնդում։ Ծուռը չի կարող ուղղվել, և պակասողը չի կարող հաշվվել։ Սրտումս ասացի. «Ահա ես մեծացել եմ և առավել իմաստություն եմ ստացել, քան Երուսաղեմում ինձնից առաջ բոլոր եղածները, և իմ սիրտը շատ իմաստություն և գիտություն է տեսել»։ Ես իմ միտքը տվեցի իմաստությունը հասկանալու և խենթությունն ու անխելքությունը հասկանալու. հասկացա, որ սա էլ է քամու աշխատանք եղել։ Որովհետև շատ իմաստության մեջ շատ վիշտ կա, և գիտություն ավելացնողը տրտմությունն էլ է ավելացնում։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում