Բ ՕՐԵՆՔ 9:1-29

Բ ՕՐԵՆՔ 9:1-29 ՆՎԱԱ

«Լսի՛ր, Իսրայե՛լ, այսօր դու անցնում ես Հորդանան գետը, որպեսզի գնաս ու տիրանաս քեզանից մեծ և հզոր ազգերի, մինչև երկինք հասնող պարսպապատ մեծ քաղաքների, այն մեծ և երկարահասակ ժողովրդին՝ ենակիմների որդիներին, որոնց դու ճանաչում ես և լսել ես, թե՝ “Ո՞վ կդիմանա Ենակի որդիներին”։ Արդ, իմացի՛ր այսօր, որ քո Տեր Աստվածն ի՛նքը կգնա քո առջևից որպես լափող կրակ. նա կորստյան կմատնի ու կնվաճի նրանց քո առաջ, և դու նրանց կհալածես ու շուտով կբնաջնջես, ինչպես որ Տերն ասաց քեզ։ Երբ քո Տեր Աստվածը քո առջևից հալածի նրանց, քո սրտում չասես, թե՝ “Իմ արդար լինելու համար է, որ Տերն ինձ բերեց այստեղ, որ ժառանգեմ այս երկիրը”։ Որովհետև այս ազգերի անօրենության համար է, որ Տերը հալածում է նրանց քո առջևից։ Ոչ թե քո արդար լինելու և քո սրտի ուղղության համար ես դու մտնում նրանց երկիրը ժառանգելու, այլ այդ ազգերի անօրենության համար է քո Տեր Աստվածը քշում նրանց քո առջևից, նաև նրա համար, որպեսզի հաստատի քո հայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին երդումով արած իր խոսքը։ Իմացի՛ր, որ քո արդար լինելու համար չէ, որ քո Տեր Աստվածը քեզ է տալիս այս լավ երկիրը, որ ժառանգես այն. որովհետև դու համառ մի ժողովուրդ ես։ Հիշի՛ր, մի՛ մոռացիր, որ քո Տեր Աստծուն բարկացրիր անապատում։ Եգիպտոսի երկրից քո դուրս ելած օրից մինչև քո այստեղ գալը անհնազանդ էիք Տիրոջը։ Քորեբում էլ բարկացրիք Տիրոջը, և Տերը բարկացավ, որ կորստյան մատնի ձեզ։ Երբ ես բարձրացա լեռը, որ առնեմ քարե տախտակները, տախտակներն այն ուխտի, որ Տերն արեց ձեզ հետ, քառասուն օր և քառասուն գիշեր մնացի լեռան վրա. ո՛չ հաց կերա և ո՛չ էլ ջուր խմեցի։ Տերն ինձ տվեց Աստծու մատով գրված այդ երկու քարե տախտակները, որոնց վրա գրված էին բոլոր այն խոսքերը, որ Տերը լեռան վրա ասել էր ձեզ կրակի միջից հավաքի օրը։ Քառասուն օր և քառասուն գիշեր հետո Տերն ինձ տվեց քարե այդ երկու տախտակները՝ ուխտի տախտակները։ Տերն ինձ ասաց. “Վե՛ր կաց, շուտ իջի՛ր այստեղից, որովհետև ապականվեց Եգիպտոսի երկրից քո դուրս բերած ժողովուրդը։ Նրանք շատ շուտ շեղվեցին այն ճանապարհից, որ պատվիրել էի նրանց. իրենց համար ձուլածո կուռք շինեցին”։ Տերը, խոսելով ինձ հետ, նաև ասաց. “Տեսա այս ժողովրդին. ահա համառ մի ժողովուրդ է սա։ Թո՛ւյլ տուր ինձ, որ կոտորեմ նրանց, ջնջեմ նրանց անունը երկնքի տակից և քեզ նրանցից հզոր ու բազմամարդ մի ազգ դարձնեմ”։ Ես դարձա և իջա լեռից. լեռը այրվում էր կրակով. ուխտի երկու տախտակներն իմ երկու ձեռքերում էին։ Տեսնելով, որ ձեր Տեր Աստծու դեմ մեղք էիք գործել, ձեզ համար ձուլածո հորթ էիք շինել և շատ շուտ շեղվել էիք այն ճանապարհից, որ Տերը պատվիրել էր ձեզ, բռնեցի այդ երկու տախտակները, վայր գցեցի իմ երկու ձեռքերից և ձեր աչքերի առջև կոտրատեցի դրանք։ Առաջվա նման վայր ընկա Տիրոջ առաջ քառասուն օր և քառասուն գիշեր. ո՛չ հաց կերա և ո՛չ էլ ջուր խմեցի ձեր գործած բոլոր մեղքերի համար, որովհետև չարություն էիք արել Տիրոջ առաջ՝ բարկացնելու համար նրան։ Որովհետև վախեցա այն սոսկալի բարկությունից, որով Տերը բարկացավ ձեզ վրա՝ ձեզ կոտորելու համար։ Սակայն Տերն այդ անգամ էլ լսեց ինձ։ Տերը խիստ բարկացել էր Ահարոնի վրա, որպեսզի կորստյան մատներ նրան։ Բայց ես Ահարոնի համար էլ աղաչեցի։ Ձեր գործած մեղքը, այսինքն՝ այդ հորթը վերցրի և այրեցի կրակով. և ծեծելով փշուր-փշուր արեցի այն, մինչև որ մանր փոշու վերածվեց. ապա այդ փոշին թափեցի լեռից իջնող առվի մեջ։ Տիրոջը բարկացրիք նաև Տաբերայում, Մասսայում և Կիբրոթ-Հաթթավայում։ Երբ Տերը ձեզ ուղարկեց Կադես-Բառնեայից և ասաց՝ “Ելե՛ք ու ժառանգե՛ք այն երկիրը, որ ես տալիս եմ ձեզ”, այն ժամանակ անհնազանդ գտնվեցիք ձեր Տեր Աստծու հրամանին, չհավատացիք նրան և չլսեցիք նրա խոսքը։ Դուք անհնազանդ եք Տիրոջը այն օրից, ինչ ճանաչել եմ ձեզ։ Ես քառասուն օր և քառասուն գիշեր վայր ընկա Տիրոջ առաջ և աղաչեցի, որովհետև Տերն ասում էր, որ ձեզ կոտորի։ Ես Տիրոջն աղաչեցի և ասացի. “Ո՛վ Ամենակալ Տեր, մի՛ կոտորիր քո ժողովրդին և քո ժառանգներին, որոնց ազատեցիր քո մեծությամբ և հզոր ձեռքով դուրս բերեցիր Եգիպտոսից։ Հիշի՛ր քո ծառաներին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին, և ուշադրություն մի՛ դարձրու այս ժողովրդի համառությանը, անօրենությանն ու մեղքին։ Միգուցե այն երկրում, որտեղից դուրս բերեցիր մեզ, ասեն, թե՝ "Տերը չկարողացավ նրանց տանել այն երկիրը, որ խոստացել էր նրանց, կամ նրանց ատելով՝ դուրս հանեց նրանց, որպեսզի մեռցնի անապատում"։ Սակայն նրանք քո ժողովուրդն են և քո ժառանգները, որոնց դու դուրս բերեցիր քո մեծ զորությամբ և բարձր բազկով”»։