Բ ՕՐԵՆՔ 8:1-20

Բ ՕՐԵՆՔ 8:1-20 ՆՎԱԱ

«Զգո՛ւյշ եղեք, որ գործադրեք այն բոլոր պատվիրանները, որ ես պատվիրում եմ ձեզ այսօր, որպեսզի ապրեք, բազմանաք և մտնեք ու ժառանգեք այն երկիրը, որ Տերը երդումով խոստացավ ձեր հայրերին։ Հիշի՛ր այն ամբողջ ճանապարհը, որով քո Տեր Աստվածը քառասուն տարի ման ածեց քեզ անապատում, որպեսզի քեզ խոնարհեցնի քեզ փորձելու համար և իմանալու, թե ի՛նչ կա քո սրտում, և թե կպահե՞ս արդյոք նրա պատվիրանները, թե՞ ոչ։ Նա քեզ խոնարհեցրեց և քաղցած պահեց ու կերակրեց մանանայով, որին ո՛չ դու էիր ծանոթ և ո՛չ էլ քո հայրերը, որպեսզի քեզ հասկացնի, թե մարդը ոչ միայն հացով է ապրում, այլ մարդն ապրում է նաև այն ամեն խոսքով, որ դուրս է ելնում Տիրոջ բերանից։ Քո հագուստը չհնացավ քեզ վրա, և քո ոտքերը չուռեցին այս քառասուն տարում։ Իմացի՛ր քո սրտում, որ ինչպես մարդը խրատում է իր որդուն, այնպես էլ քո Տեր Աստվածը խրատում է քեզ։ Ուրեմն կպահես քո Տեր Աստծու պատվիրանները, որպեսզի նրա ճանապարհներով գնաս և վախենաս նրանից, որովհետև քո Տեր Աստվածը քեզ տանում է մի լավ երկիր, մի առատ երկիր՝ դաշտերից և լեռներից բխող գետերով, աղբյուրներով և խոր ջրերով, մի երկիր՝ առատ ցորենով, գարիով, այգիներով, թզենիներով և նռնենիներով, յուղատու ձիթենիների ու մեղրի երկիր, մի երկիր, որտեղ չքավորության մեջ չես ուտի քո հացը և որտեղ ոչ մի բանի պակասություն չես ունենա, մի երկիր, որի քարերը երկաթ են, և որի լեռներից պղինձ կհանես։ Երբ ուտես ու կշտանաս, կօրհնես քո Տեր Աստծուն այն լավ երկրում, որ նա կտա քեզ։ Զգո՛ւյշ եղիր. չլինի թե մոռանաս քո Տեր Աստծուն ու չպահես նրա պատվիրանները, հրամաններն ու կանոնները, որոնք ես այսօր պատվիրում եմ քեզ։ Չլինի թե ուտես ու կշտանաս, գեղեցիկ տներ կառուցես ու դրանց մեջ բնակվես, քո արջառներն ու հոտերը շատանան, քո արծաթն ու ոսկին շատանա, քո ունեցած ամեն ինչը շատանա, և հետո սիրտդ գոռոզանա, ու մոռանաս քո Տեր Աստծուն, որը քեզ դուրս բերեց եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից, քեզ առաջնորդեց այդ մեծ և ահարկու, խայթող օձերով ու կարիճներով լեցուն, չոր ու անջուր անապատի միջով և քեզ համար ապառաժ քարից ջուր բխեցրեց, որ անապատում քեզ կերակրեց քո հայրերին անծանոթ մանանայով, որպեսզի քեզ խոնարհեցնի քեզ փորձելու համար և վերջում բարիք անի քեզ։ Քո սրտում չասես. “Այս հարստությունը ես իմ կարողությամբ և իմ ձեռքի ուժով եմ վաստակել”, այլ հիշի՛ր քո Տեր Աստծուն, որովհետև նա է այդ հարստությունը ձեռք բերելու համար քեզ ուժ տվողը, որպեսզի հաստատի քո հայրերի հետ երդումով արած իր ուխտը, ինչպես այսօր։ Եթե քո Տեր Աստծուն մոռանալով՝ գնաս ուրիշ աստվածների հետևից, դրանց պաշտես և դրանց երկրպագություն անես, ես այսօր վկայում եմ ձեզ, որ անպատճառ կկորչեք. այն ազգերի նման, որոնց Տերը կորստյան է մատնում ձեր առջևից, որովհետև ձեր Տեր Աստծու խոսքը չլսեցիք»։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում