Բ ՕՐԵՆՔ 6:1-12

Բ ՕՐԵՆՔ 6:1-12 ՆՎԱԱ

«Սրանք են այն պատվիրանները, կանոններն ու հրամանները, որ Տերը՝ ձեր Աստվածը, պատվիրեց սովորեցնել ձեզ, որպեսզի դրանք գործադրեք այն երկրում, ուր մտնելու եք այն ժառանգելու համար, որպեսզի վախենաս քո Տեր Աստծուց և պահես նրա բոլոր կանոններն ու պատվիրանները, որ ես պատվիրում եմ քեզ, թե՛ դու, թե՛ քո որդիները և թե՛ քո որդիների որդիները քո կյանքի բոլոր օրերին, որ քո օրերը երկար լինեն։ Արդ, ո՛վ Իսրայել, լսի՛ր և զգո՛ւյշ եղիր, որ կատարես դրանք, որպեսզի լավ լինի քեզ համար, և դուք շատ բազմանաք այն երկրում, ուր կաթ ու մեղր է բխում, ինչպես որ քո հայրերի Տեր Աստվածը խոստացավ քեզ։ Լսի՛ր, ո՛վ Իսրայել, մեր Տեր Աստվածը՝ Տերը, մեկ է։ Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ ուժով։ Այս խոսքերը, որ ես այսօր պատվիրում եմ քեզ, քո սրտում լինեն։ Դրանք կրկին սովորեցրո՛ւ քո որդիներին, խոսի՛ր դրանց մասին քո տանը նստած ժամանակ, ճանապարհ գնալիս, պառկելիս և վեր կենալիս։ Դրանք որպես նշան կապի՛ր քո ձեռքին, դրանք ճակատանոց թող լինեն քո աչքերի միջև։ Դրանք նաև գրի՛ր քո տան դրանդիների վրա և քո դռների վրա։ Երբ քո Տեր Աստվածը քեզ տանի այն երկիրը, որ քո հայրերին՝ Աբրահամին, Իսահակին և Հակոբին երդվեց, որ տա քեզ, մեծ և գեղեցիկ քաղաքներ, որոնք դու չես կառուցել, և ամեն տեսակ բարիքներով լեցուն տներ, որոնք դու չես լցրել, և փորված ջրհորներ, որոնք դու չես փորել, այգիներ և ձիթենիներ, որոնք դու չես տնկել, և երբ ուտես ու կշտանաս, զգո՛ւյշ եղիր, միգուցե մոռանաս Տիրոջը, որ քեզ հանեց Եգիպտոսից՝ ստրկության տնից։