Բ ՕՐԵՆՔ 5:1-17

Բ ՕՐԵՆՔ 5:1-17 ՆՎԱԱ

Մովսեսը կանչեց բոլոր իսրայելացիներին և ասաց նրանց. «Ո՛վ Իսրայել, լսի՛ր այն կանոններն ու հրամանները, որ ես այսօր ասում եմ ձեզ. սովորե՛ք դրանք և գործադրե՛ք զգուշությամբ։ Մեր Տեր Աստվածն ուխտ արեց մեզ հետ Քորեբ լեռան վրա։ Տերն այդ ուխտը մեր հայրերի հետ չարեց, այլ մեզ հետ, որ այստեղ այսօր բոլորս էլ ողջ ենք։ Տերը դեմ առ դեմ խոսեց ձեզ հետ լեռան վրա, կրակի միջից (Ես այն ժամանակ կանգնած էի Տիրոջ ու ձեր միջև, որպեսզի հաղորդեմ ձեզ Տիրոջ խոսքերը, որովհետև դուք, կրակից վախենալով, լեռը չբարձրացաք) և ասաց. “Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ քեզ դուրս հանեցի Եգիպտոսից՝ ստրկության տնից։ Ուրիշ աստվածներ չունենաս իմ առաջ։ Քեզ համար կուռքեր չշինես ոչ մի բանի կերպարանքով, որ գտնվում է վերևում՝ երկնքում, կամ ներքևում՝ երկրի վրա, և կամ երկրի տակ՝ ջրերի մեջ։ Երկրպագություն չանես դրանց և չպաշտես դրանց, որովհետև ես՝ քո Տեր Աստվածը, նախանձոտ Աստված եմ, որ հայրերի անօրենությունը հատուցում եմ որդիներին՝ մինչև երրորդ և չորրորդ սերունդը, որոնք ատում են ինձ, և ողորմություն եմ անում նրանց մինչև հազարերորդ սերունդը, որոնք սիրում են ինձ և պահում իմ պատվիրանները։ Քո Տեր Աստծու անունը իզուր բերանդ չառնես, որովհետև Տերն անպատիժ չի թողնի նրան, ով իր անունը իզուր բերանն է առնում։ Զգո՛ւյշ եղիր, որ հանգստյան օրը սուրբ պահես, ինչպես պատվիրել է քեզ քո Տեր Աստվածը։ Վեց օր կաշխատես և բոլոր գործերդ կկատարես։ Բայց յոթերորդ օրը քո Տեր Աստծու հանգստյան օրն է. այդ օրը ոչ մի գործ չպետք է անես, ո՛չ դու, ո՛չ քո որդին, ո՛չ քո աղջիկը, ո՛չ քո ծառան, ո՛չ քո աղախինը, ո՛չ քո եզը, ո՛չ քո էշը, քո անասուններից ո՛չ մեկը, ո՛չ էլ քո հարկի տակ գտնվող օտարականը, որպեսզի քո ծառան և քո աղախինն էլ հանգստանան քեզ նման։ Հիշի՛ր, որ դու ստրուկ էիր Եգիպտոսի երկրում, և քո Տեր Աստվածը քեզ այնտեղից դուրս հանեց հզոր ձեռքով և բարձր բազկով. դրա համար քո Տեր Աստվածը քեզ պատվիրեց, որ պահես հանգստյան օրը։ Պատվի՛ր քո հորն ու քո մորը, ինչպես պատվիրել է քեզ քո Տեր Աստվածը, որպեսզի քո օրերը երկար լինեն, և քեզ համար բարի լինի այն երկրի վրա, որ քո Տեր Աստվածը տալիս է քեզ։ Մի՛ սպանիր։