Այնտեղից դու կորոնես քո Տեր Աստծուն և կգտնես, եթե քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով փնտրես նրան։ Երբ նեղության մեջ գտնվես, և այս բոլոր բաները պատահեն քեզ վերջին օրերին, այն ժամանակ դու կդառնաս քո Տեր Աստծուն և կհնազանդվես նրա ձայնին, որովհետև քո Տեր Աստվածը ողորմած Աստված է. նա քեզ չի թողնի, քեզ չի կործանի և չի մոռանա քո հայրերին երդումով արած ուխտը։
Ուրեմն քննի՛ր քեզանից առաջ եղած առաջին օրերի մասին, այսինքն՝ սկսած այն օրից, երբ Աստված ստեղծեց մարդուն, թե երկրի մի ծայրից մինչև մյուս ծայրը արդյոք այսպիսի մի մեծ բան երբևէ կատարվե՞լ է, կամ այսպիսի մի բան լսվե՞լ է, արդյոք որևէ ազգ լսե՞լ է՝ Աստծու ձայնը խոսի կրակի միջից, ինչպես որ դու լսեցիր, և ողջ մնացած լինի. կամ մի Աստված փորձե՞լ է գալ և մի ազգի միջից իր համար ժողովուրդ ընտրել զարմանահրաշ գործերով, նշաններով, հրաշքներով, պատերազմով, հզոր ձեռքով, բարձր բազկով, մեծամեծ սարսափներով, ինչպես որ ձեր Տեր Աստվածը ձեզ համար Եգիպտոսում արեց այս բոլոր բաները ձեր աչքի առաջ։ Սա ցույց տրվեց քեզ, որ իմանաս, թե Տերն է Աստված, և չկա մի ուրիշը, բացի նրանից։ Նա երկնքից լսել տվեց քեզ իր ձայնը, որպեսզի խրատի քեզ, և երկրի վրա քեզ ցույց տվեց իր մեծ կրակը, և դու կրակի միջից լսեցիր նրա խոսքերը։ Քո հայրերին սիրելու համար նրանցից հետո ընտրեց նրանց սերունդը և ինքն անձամբ իր մեծ զորությամբ հանեց քեզ Եգիպտոսից, որպեսզի քեզանից մեծ և հզոր ազգերին քշի քո առաջից և քեզ տանի ու իբրև ժառանգություն քեզ տա նրանց երկիրը, ինչպես որ այսօր է։ Արդ, իմացի՛ր այսօր և սրտիդ մեջ դի՛ր, որ Տերն է Աստված վերևում՝ երկնքում, և ներքևում՝ երկրի վրա, և որ ուրիշը չկա։ Պահի՛ր նրա կանոններն ու պատվիրանները, որոնք այսօր ես պատվիրում եմ քեզ, որպեսզի քեզ համար և քեզանից հետո քո որդիների համար լավ լինի, և որպեսզի քո օրերը երկար լինեն այն երկրի վրա, որ քո Տեր Աստվածը ընդմիշտ տալիս է քեզ»։