Բ ՕՐԵՆՔ 4:15-40

Բ ՕՐԵՆՔ 4:15-40 ՆՎԱԱ

Մեծ ուշադրությո՛ւն դարձրեք ձեր հոգիներին, քանի որ այն օրը, երբ Տերը Քորեբում կրակի միջից խոսեց ձեզ հետ, դուք ոչ մի կերպարանք չտեսաք. միգուցե անօրինություն անեք և ձեզ համար կերտեք մի կուռք՝ մի ինչ-որ պատկեր՝ տղամարդու կամ կնոջ կերպարանքով, երկրի վրա գտնվող անասունի կերպարանքով, օդում թռչող թռչունի կերպարանքով, գետնի վրա սողացողի կերպարանքով կամ երկրի տակ՝ ջրերի մեջ գտնվող ձկան կերպարանքով. և կամ միգուցե քո աչքերը դեպի երկինք բարձրացնելով՝ տեսնես արեգակը կամ լուսինը կամ աստղերը՝ երկնքի բոլոր զարդերը, և խաբվես, դրանց երկրպագություն անես ու պաշտես դրանց, որոնց քո Տեր Աստվածը նշանակեց երկնքի տակ ապրող բոլոր ազգերի համար։ Իսկ Տերը ձեզ առավ և ձեզ դուրս հանեց Եգիպտոսից՝ երկաթե այդ հնոցից, որպեսզի լինեք իր սեփական ժողովուրդը, ինչպես որ այսօր եք։ Տերը ձեր պատճառով բարկացավ ինձ վրա և երդվեց, որ Հորդանանից չանցնեմ և չմտնեմ այն լավ երկիրը, որ քո Տեր Աստվածը տալիս է քեզ իբրև ժառանգություն։ Ուստի ես կմեռնեմ այս երկրում և Հորդանանից չեմ անցնի, բայց դուք կանցնեք և կժառանգեք այդ լավ երկիրը։ Զգո՛ւյշ եղեք. չլինի թե մոռանաք ձեզ հետ ձեր Տեր Աստծու արած ուխտը և ձեզ համար կերտեք մի կուռք՝ ինչ-որ արարածի կերպարանք ունեցող մի բան, որը քո Տեր Աստվածն արգելել է քեզ. որովհետև քո Տեր Աստվածը լափող կրակ է. նա նախանձոտ Աստված է։ Եթե դուք որդիներ, որդիների որդիներ ծնեք ու այդ երկրում բնակվեք և անօրինություն անեք՝ որևէ արարածի կերպարանքով մի կուռք կերտելով, ձեր Տեր Աստծու առաջ այդպիսի չար գործ կատարեք՝ զայրացնելու համար նրան, ապա այսօր երկինքն ու երկիրը ձեր դեմ վկա եմ կանչում, որ դուք անպատճառ շուտով կբնաջնջվեք այն երկրից, որը ժառանգելու եք՝ Հորդանան գետն անցնելով։ Այնտեղ ձեր կյանքի օրերը երկար չեն լինի, ամբողջովին կկոտորվեք։ Տերը ձեզ կցրի ազգերի մեջ, և դուք սակավաթիվ կմնաք այն ժողովուրդների մեջ, ուր Տերը կքշի ձեզ։ Այնտեղ կպաշտեք աստվածների, որոնք մարդու ձեռքի գործեր են՝ քար և փայտ, և որոնք ո՛չ տեսնում են, ո՛չ լսում, ո՛չ ուտում և ո՛չ էլ հոտառություն ունեն։ Այնտեղից դու կորոնես քո Տեր Աստծուն և կգտնես, եթե քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով փնտրես նրան։ Երբ նեղության մեջ գտնվես, և այս բոլոր բաները պատահեն քեզ վերջին օրերին, այն ժամանակ դու կդառնաս քո Տեր Աստծուն և կհնազանդվես նրա ձայնին, որովհետև քո Տեր Աստվածը ողորմած Աստված է. նա քեզ չի թողնի, քեզ չի կործանի և չի մոռանա քո հայրերին երդումով արած ուխտը։ Ուրեմն քննի՛ր քեզանից առաջ եղած առաջին օրերի մասին, այսինքն՝ սկսած այն օրից, երբ Աստված ստեղծեց մարդուն, թե երկրի մի ծայրից մինչև մյուս ծայրը արդյոք այսպիսի մի մեծ բան երբևէ կատարվե՞լ է, կամ այսպիսի մի բան լսվե՞լ է, արդյոք որևէ ազգ լսե՞լ է՝ Աստծու ձայնը խոսի կրակի միջից, ինչպես որ դու լսեցիր, և ողջ մնացած լինի. կամ մի Աստված փորձե՞լ է գալ և մի ազգի միջից իր համար ժողովուրդ ընտրել զարմանահրաշ գործերով, նշաններով, հրաշքներով, պատերազմով, հզոր ձեռքով, բարձր բազկով, մեծամեծ սարսափներով, ինչպես որ ձեր Տեր Աստվածը ձեզ համար Եգիպտոսում արեց այս բոլոր բաները ձեր աչքի առաջ։ Սա ցույց տրվեց քեզ, որ իմանաս, թե Տերն է Աստված, և չկա մի ուրիշը, բացի նրանից։ Նա երկնքից լսել տվեց քեզ իր ձայնը, որպեսզի խրատի քեզ, և երկրի վրա քեզ ցույց տվեց իր մեծ կրակը, և դու կրակի միջից լսեցիր նրա խոսքերը։ Քո հայրերին սիրելու համար նրանցից հետո ընտրեց նրանց սերունդը և ինքն անձամբ իր մեծ զորությամբ հանեց քեզ Եգիպտոսից, որպեսզի քեզանից մեծ և հզոր ազգերին քշի քո առաջից և քեզ տանի ու իբրև ժառանգություն քեզ տա նրանց երկիրը, ինչպես որ այսօր է։ Արդ, իմացի՛ր այսօր և սրտիդ մեջ դի՛ր, որ Տերն է Աստված վերևում՝ երկնքում, և ներքևում՝ երկրի վրա, և որ ուրիշը չկա։ Պահի՛ր նրա կանոններն ու պատվիրանները, որոնք այսօր ես պատվիրում եմ քեզ, որպեսզի քեզ համար և քեզանից հետո քո որդիների համար լավ լինի, և որպեսզի քո օրերը երկար լինեն այն երկրի վրա, որ քո Տեր Աստվածը ընդմիշտ տալիս է քեզ»։

Բ ՕՐԵՆՔ 4:15-40 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում