Բ ՕՐԵՆՔ 4
4
Մովսեսը Իսրայելին հորդորում է հնազանդվել
1«Այժմ, ո՛վ Իսրայել, լսի՛ր այն կանոններն ու օրենքները, որ ես ուսուցանում եմ ձեզ, որ անեք, որպեսզի ողջ մնաք և մտնեք ու ժառանգեք այն երկիրը, որ ձեր հայրերի Տեր Աստվածը տալիս է ձեզ։ 2Չավելացնեք այն խոսքի վրա, որ ես ձեզ պատվիրում եմ, և չպակասեցնեք դրանից։ Պահե՛ք ձեր Տեր Աստծու պատվիրանները, որոնք ես պատվիրում եմ ձեզ։ 3Ձեր աչքերը տեսան, ինչ որ Տերն արեց Բելփեգորին, որովհետև ձեր Տեր Աստվածը ձեր միջից վերացրեց այն բոլոր մարդկանց, որոնք հետևում էին Բելփեգորին։ 4Բայց դուք, որ հարեցիք ձեր Տեր Աստծուն, բոլորդ էլ այսօր ողջ եք։ 5Ահա ես ձեզ սովորեցրի կանոններ ու հրամաններ, ինչպես որ իմ Տեր Աստվածը պատվիրեց ինձ, որպեսզի գործադրեք դրանք այն երկրում, ուր դուք պիտի մտնեք և ժառանգեք այն։ 6Այժմ պահե՛ք և գործադրե՛ք դրանք, որովհետև հենց դրա մեջ է ձեր իմաստությունն ու խոհամտությունը ազգերի առաջ, որոնք, լսելով այս բոլոր կանոնները, պիտի ասեն. “Իսկապես այս մեծ ազգը իմաստուն և խոհեմ ժողովուրդ է”։ 7Որովհետև այդ ո՞ր մեծ ազգն է, որի աստվածներն այնքան մոտիկ լինեն իրեն, ինչպես մեր Տեր Աստվածն ամեն բանում, որ խնդրում ենք նրանից։ 8Եվ այդ ո՞ր մեծ ազգն է, որն ունենա այնպիսի արդար օրենքներ ու կանոններ, ինչպիսին այս բոլոր օրենքներն են, որ ես այսօր դնում եմ ձեր առաջ։ 9Միայն զգո՛ւյշ եղիր և մեծ ուշադրությո՛ւն դարձրու քո հոգուն. չլինի թե մոռանաս այն բաները, որ տեսան քո աչքերը, և չլինի թե քո սրտից դրանք դուրս գան քո կյանքի բոլոր օրերում, այլ դրանք սովորեցրո՛ւ քո որդիներին և որդիների որդիներին։ 10Այն օրը, երբ դու Քորեբում կանգնած էիր քո Տեր Աստծու առաջ, Տերն ինձ ասաց. “Հավաքի՛ր ժողովրդին ինձ մոտ, որ ես իմ խոսքերը լսել տամ նրանց, որպեսզի սովորեն վախենալ ինձանից այնքան ժամանակ, որ նրանք կապրեն երկրի վրա, և իրենց որդիներին էլ սովորեցնեն”։ 11Դուք մոտեցաք և կանգնեցիք այդ լեռան ստորոտին. լեռը մինչև երկնքի մեջտեղը բորբոքվել էր կրակով և պատվել խավարով, ամպով ու մառախուղով։ 12Տերը խոսեց ձեզ հետ կրակի միջից. դուք լսեցիք խոսքերի ձայնը, բայց կերպարանք չտեսաք, այլ միայն ձայն լսեցիք։ 13Եվ ձեզ հայտնեց իր ուխտը, պատվիրեց ձեզ, որ կատարեք տասը պատվիրանները, և դրանք գրեց քարե երկու տախտակների վրա։ 14Այդ ժամանակ Տերն ինձ պատվիրեց, որ կանոններ ու հրամաններ սովորեցնեմ ձեզ, որպեսզի դուք դրանք գործադրեք այն երկրում, ուր պիտի մտնեք այն ժառանգելու համար։
Զգուշացում կռապաշտությունից
15Մեծ ուշադրությո՛ւն դարձրեք ձեր հոգիներին, քանի որ այն օրը, երբ Տերը Քորեբում կրակի միջից խոսեց ձեզ հետ, դուք ոչ մի կերպարանք չտեսաք. 16միգուցե անօրինություն անեք և ձեզ համար կերտեք մի կուռք՝ մի ինչ-որ պատկեր՝ տղամարդու կամ կնոջ կերպարանքով, 17երկրի վրա գտնվող անասունի կերպարանքով, օդում թռչող թռչունի կերպարանքով, 18գետնի վրա սողացողի կերպարանքով կամ երկրի տակ՝ ջրերի մեջ գտնվող ձկան կերպարանքով. 19և կամ միգուցե քո աչքերը դեպի երկինք բարձրացնելով՝ տեսնես արեգակը կամ լուսինը կամ աստղերը՝ երկնքի բոլոր զարդերը, և խաբվես, դրանց երկրպագություն անես ու պաշտես դրանց, որոնց քո Տեր Աստվածը նշանակեց երկնքի տակ ապրող բոլոր ազգերի համար։ 20Իսկ Տերը ձեզ առավ և ձեզ դուրս հանեց Եգիպտոսից՝ երկաթե այդ հնոցից, որպեսզի լինեք իր սեփական ժողովուրդը, ինչպես որ այսօր եք։
21Տերը ձեր պատճառով բարկացավ ինձ վրա և երդվեց, որ Հորդանանից չանցնեմ և չմտնեմ այն լավ երկիրը, որ քո Տեր Աստվածը տալիս է քեզ իբրև ժառանգություն։ 22Ուստի ես կմեռնեմ այս երկրում և Հորդանանից չեմ անցնի, բայց դուք կանցնեք և կժառանգեք այդ լավ երկիրը։ 23Զգո՛ւյշ եղեք. չլինի թե մոռանաք ձեզ հետ ձեր Տեր Աստծու արած ուխտը և ձեզ համար կերտեք մի կուռք՝ ինչ-որ արարածի կերպարանք ունեցող մի բան, որը քո Տեր Աստվածն արգելել է քեզ. 24որովհետև քո Տեր Աստվածը լափող կրակ է. նա նախանձոտ Աստված է։
25Եթե դուք որդիներ, որդիների որդիներ ծնեք ու այդ երկրում բնակվեք և անօրինություն անեք՝ որևէ արարածի կերպարանքով մի կուռք կերտելով, ձեր Տեր Աստծու առաջ այդպիսի չար գործ կատարեք՝ զայրացնելու համար նրան, 26ապա այսօր երկինքն ու երկիրը ձեր դեմ վկա եմ կանչում, որ դուք անպատճառ շուտով կբնաջնջվեք այն երկրից, որը ժառանգելու եք՝ Հորդանան գետն անցնելով։ Այնտեղ ձեր կյանքի օրերը երկար չեն լինի, ամբողջովին կկոտորվեք։ 27Տերը ձեզ կցրի ազգերի մեջ, և դուք սակավաթիվ կմնաք այն ժողովուրդների մեջ, ուր Տերը կքշի ձեզ։ 28Այնտեղ կպաշտեք աստվածների, որոնք մարդու ձեռքի գործեր են՝ քար և փայտ, և որոնք ո՛չ տեսնում են, ո՛չ լսում, ո՛չ ուտում և ո՛չ էլ հոտառություն ունեն։ 29Այնտեղից դու կորոնես քո Տեր Աստծուն և կգտնես, եթե քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով փնտրես նրան։ 30Երբ նեղության մեջ գտնվես, և այս բոլոր բաները պատահեն քեզ վերջին օրերին, այն ժամանակ դու կդառնաս քո Տեր Աստծուն և կհնազանդվես նրա ձայնին, 31որովհետև քո Տեր Աստվածը ողորմած Աստված է. նա քեզ չի թողնի, քեզ չի կործանի և չի մոռանա քո հայրերին երդումով արած ուխտը։
32Ուրեմն քննի՛ր քեզանից առաջ եղած առաջին օրերի մասին, այսինքն՝ սկսած այն օրից, երբ Աստված ստեղծեց մարդուն, թե երկրի մի ծայրից մինչև մյուս ծայրը արդյոք այսպիսի մի մեծ բան երբևէ կատարվե՞լ է, կամ այսպիսի մի բան լսվե՞լ է, 33արդյոք որևէ ազգ լսե՞լ է՝ Աստծու ձայնը խոսի կրակի միջից, ինչպես որ դու լսեցիր, և ողջ մնացած լինի. 34կամ մի Աստված փորձե՞լ է գալ և մի ազգի միջից իր համար ժողովուրդ ընտրել զարմանահրաշ գործերով, նշաններով, հրաշքներով, պատերազմով, հզոր ձեռքով, բարձր բազկով, մեծամեծ սարսափներով, ինչպես որ ձեր Տեր Աստվածը ձեզ համար Եգիպտոսում արեց այս բոլոր բաները ձեր աչքի առաջ։ 35Սա ցույց տրվեց քեզ, որ իմանաս, թե Տերն է Աստված, և չկա մի ուրիշը, բացի նրանից։ 36Նա երկնքից լսել տվեց քեզ իր ձայնը, որպեսզի խրատի քեզ, և երկրի վրա քեզ ցույց տվեց իր մեծ կրակը, և դու կրակի միջից լսեցիր նրա խոսքերը։ 37Քո հայրերին սիրելու համար նրանցից հետո ընտրեց նրանց սերունդը և ինքն անձամբ իր մեծ զորությամբ հանեց քեզ Եգիպտոսից, 38որպեսզի քեզանից մեծ և հզոր ազգերին քշի քո առաջից և քեզ տանի ու իբրև ժառանգություն քեզ տա նրանց երկիրը, ինչպես որ այսօր է։ 39Արդ, իմացի՛ր այսօր և սրտիդ մեջ դի՛ր, որ Տերն է Աստված վերևում՝ երկնքում, և ներքևում՝ երկրի վրա, և որ ուրիշը չկա։ 40Պահի՛ր նրա կանոններն ու պատվիրանները, որոնք այսօր ես պատվիրում եմ քեզ, որպեսզի քեզ համար և քեզանից հետո քո որդիների համար լավ լինի, և որպեսզի քո օրերը երկար լինեն այն երկրի վրա, որ քո Տեր Աստվածը ընդմիշտ տալիս է քեզ»։
Հորդանան գետի արևելքում գտնվող ապաստանի քաղաքները
41Այն ժամանակ Մովսեսը երեք քաղաք ընտրեց Հորդանանի այս կողմում՝ արևելյան մասում, 42որպեսզի այնտեղ փախչի այն մարդասպանը, որն անգիտությամբ սպանել է իր մերձավորին՝ առանց նախապես նրա դեմ ատելություն ունենալու, որպեսզի այդ քաղաքներից մեկնումեկը փախչելով՝ ողջ մնա։ 43Դրանք են՝ դաշտային երկրում՝ անապատի մեջ գտնվող Բոսոր քաղաքը Ռուբենի որդիների համար, Գաղաադում գտնվող Ռամոթ քաղաքը Գադի որդիների համար և Բասանում գտնվող Գողանը Մանասեի որդիների համար։
Նախապատրաստություն Աստծու օրենքները ստանալու համար
44Սա է այն օրենքը, որ Մովսեսը ներկայացրեց Իսրայելի որդիներին։ 45Սրանք են այն վկայությունները, կանոնները և հրամանները, որ Մովսեսը հայտնեց Իսրայելի որդիներին, երբ նրանք դուրս էին գալիս Եգիպտոսից, 46Հորդանանի այս կողմում՝ Բեթփեգորի դիմացի հովտում, Եսեբոնում բնակվող ամորհացիների Սեհոն թագավորի երկրում, որին Մովսեսն ու Իսրայելի որդիները հարվածեցին, երբ դուրս էին գալիս Եգիպտոսից։ 47Նրանք գրավեցին նրա երկիրը, ինչպես նաև Բասանի Օգ թագավորի երկիրը, այսինքն՝ ամորհացիների երկու թագավորների երկրները, որոնք գտնվում էին Հորդանանի այս կողմում՝ արևելքում, 48Առնոնի ձորի եզերքին գտնվող Արոերից սկսած մինչև Սիոն լեռը, այսինքն՝ Հերմոնը, 49Հորդանանի արևելյան կողմում եղած ամբողջ անապատը մինչև Մեռյալ ծովը և Փասգա լեռան ստորոտը։
Արդեն Ընտրված.
Բ ՕՐԵՆՔ 4: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018