Մովսեսը գնաց և այս խոսքերը խոսեց Իսրայելի որդիներին ու նրանց ասաց. «Ես այսօր հարյուր քսան տարեկան եմ, այլևս դուրս ելնելու և ներս մտնելու կարողություն չունեմ։ Տերն ինձ ասաց. “Դու այս Հորդանան գետը չես անցնի”։ Քո Տեր Աստվածն ինքը կանցնի քո առաջ, կորստյան կմատնի քո առջևից այս ազգերին, և դու կտիրես նրանց։ Հեսո՛ւն կանցնի քո առաջ, ինչպես ասել է Տերը։ Տերն այնպես կվարվի նրանց հետ, ինչպես վարվեց ամորհացիների Սեհոն և Օգ թագավորների ու նրանց երկրի հետ, որոնց բնաջինջ արեց։ Տերը նրանց կհանձնի ձեր ձեռքը, և դուք նրանց հետ կվարվեք ըստ այն պատվիրանների, որ ես պատվիրել եմ ձեզ։ Զորացե՛ք և քա՛ջ եղեք, մի՛ վախեցեք և մի՛ զարհուրեք նրանցից, որովհետև ձեր Տեր Աստվածն ինքն է գնում ձեզ հետ. նա ձեզ չի թողնի և ձեզ չի լքի»։
Մովսեսը կանչեց Հեսուին ու բոլոր իսրայելացիների առջև ասաց նրան. «Զորացի՛ր և քա՛ջ եղիր, որովհետև դու այս ժողովրդին տանելու ես այն երկիրը, որ Տերը երդվեց նրանց հայրերին, որ կտա նրանց. և դո՛ւ ես նրանց ժառանգություն տալու։ Քո առջևից գնացողը նույն ինքը Տերն է. նա քեզ հետ է լինելու, նա քեզ չի թողնի և քեզ չի լքի. մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր»։
Մովսեսը գրեց այս օրենքը և տվեց Ղևիի որդի այն քահանաներին, որ Տիրոջ ուխտի տապանակը վեր են առնում, ինչպես նաև Իսրայելի բոլոր ծերերին։ Մովսեսը նրանց պատվիրեց՝ ասելով. «Ամեն յոթերորդ տարում՝ թողության տարում, Տաղավարահարաց տոնին, երբ որ ամբողջ Իսրայելը կգա երևալու քո Տեր Աստծու առաջ, նրա ընտրած վայրում, դու կկարդաս այս օրենքը ամբողջ Իսրայելի առջև, որպեսզի լսեն։ Հավաքի՛ր ժողովրդին՝ տղամարդկանց, կանանց, երեխաներին և քո քաղաքներում գտնվող օտարականներին, որպեսզի լսեն, սովորեն ձեր Տեր Աստծուց վախենալ և պահեն ու կատարեն այս օրենքի բոլոր խոսքերը։ Նրանց զավակները, որոնք դեռ չգիտեն, կլսեն ու կսովորեն ձեր Տեր Աստծուց վախենալ այն բոլոր օրերին, որ կապրեք այն երկրում, որ Հորդանանով անցնում եք այնտեղ՝ այն ժառանգելու»։
Տերն ասաց Մովսեսին. «Ահա մոտեցել են քո մահվան օրերը։ Կանչի՛ր Հեսուին, և եկեք ներկայացե՛ք ժողովի վրանում, որպեսզի պատվեր տամ նրան»։ Մովսեսն ու Հեսուն գնացին ներկայացան ժողովի վրանում։ Տերն ամպի սյունով երևաց վրանում, և ամպի սյունը կանգնեց վրանի դռանը։ Տերն ասաց Մովսեսին. «Ահա դու կննջես քո հայրերի հետ, և այս ժողովուրդը պիտի ելնի և շնություն անի օտար աստվածների հետևից այն երկրում, ուր նա գնում է. նա պիտի լքի ինձ և պիտի բեկանի իր հետ արած իմ ուխտը։ Այդ օրը իմ բարկությունը պիտի բորբոքվի նրանց վրա, և ես պիտի լքեմ նրանց ու երեսս ծածկեմ նրանցից. պիտի բնաջնջվեն, բազում չարիքների և նեղությունների պիտի հանդիպեն ու այդ օրը պիտի ասեն. “Մի՞թե մեր Աստվածը մեր մեջ չլինելու պատճառով չէ, որ այս չարիքները հանդիպեցին մեզ”։ Ես այդ օրն իմ երեսն ամբողջովին պիտի ծածկեմ նրանց արած բոլոր չարությունների համար, որովհետև դեպի ուրիշ աստվածները դարձան։