Բ ՕՐԵՆՔ 28:1-15

Բ ՕՐԵՆՔ 28:1-15 ՆՎԱԱ

«Եթե ուշադրությամբ հնազանդվես քո Տեր Աստծու ձայնին, որպեսզի զգուշությամբ կատարես նրա բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատվիրում եմ քեզ, ապա քո Տեր Աստվածն էլ քեզ երկրի բոլոր ազգերից բարձր կդասի։ Այս բոլոր օրհնությունները քեզ վրա կգան ու կհասնեն քեզ, եթե հնազանդվես քո Տեր Աստծու ձայնին։ Դու օրհնյալ կլինես քաղաքում և օրհնյալ՝ դաշտում։ Օրհնյալ կլինեն քո որովայնի պտուղը, քո երկրի պտուղը, քո անասունների պտուղը, քո կովերի ծնունդը և քո ոչխարների հոտերը։ Օրհնյալ կլինեն քո կողովը և քո խմորի տաշտը։ Օրհնյալ կլինես դու մտնելիս և օրհնյալ կլինես դուրս ելնելիս։ Տերը քո առջև կոտորել կտա քեզ վրա հարձակվող քո թշնամիներին. նրանք դուրս կգան քո դեմ մեկ ճանապարհով, բայց յոթ ճանապարհով կփախչեն քո առաջից։ Տերն օրհնությունը կուղարկի քեզ քո շտեմարաններում և քո բոլոր ձեռնարկումներում։ Նա քեզ կօրհնի քո Տեր Աստծու՝ քեզ տված երկրում։ Եթե քո Տեր Աստծու հրամանները պահես և գնաս նրա ճանապարհներով, Տերը քեզ իր համար սուրբ ժողովուրդ կհաստատի, ինչպես որ երդվել է քեզ։ Եվ երկրի բոլոր ժողովուրդները կտեսնեն, որ Տիրոջ անունը կոչված է քեզ վրա, ու կվախենան քեզանից։ Տերն առատություն կտա քեզ քո բարության համար՝ բազմացնելով քո որովայնի պտուղը, քո անասունների պտուղը և քո հողի պտուղն այն երկրում, որ Տերը երդվել է քո հայրերին՝ քեզ տալու համար։ Տերն իր բարության գանձը, այսինքն՝ երկինքը կբացի քեզ համար, որպեսզի իր ժամանակին անձրև տա քո երկրին և օրհնի քո ձեռքի բոլոր գործերը. դու փոխ կտաս շատ ազգերի, բայց ինքդ փոխ չես առնի։ Տերը քեզ կդարձնի գլուխ և ոչ թե պոչ. դու միշտ վերևում կլինես և ներքևում չես լինի, եթե հնազանդվես քո Տեր Աստծու պատվիրաններին, որոնք ես այսօր պատվիրում եմ քեզ, որ պահես ու կատարես և աջ կամ ձախ չշեղվես այն բոլոր խոսքերից, որոնք այսօր պատվիրում եմ քեզ, չգնաս օտար աստվածների ետևից՝ ծառայելու համար նրանց։ Բայց եթե չհնազանդվես քո Տեր Աստծու խոսքին և չպահես ու չկատարես նրա բոլոր պատվիրաններն ու կանոնները, որոնք ես այսօր պատվիրում եմ քեզ, ապա այս բոլոր անեծքները կգան քեզ վրա, կհասնեն քեզ։

Բ ՕՐԵՆՔ 28:1-15 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր