Բ ՕՐԵՆՔ 22
22
1«Երբ տեսնես, որ հայրենակից քո եղբոր եզը կամ ոչխարը մոլորված է, անտես չանես դրան, կվերադարձնես քո եղբոր մոտ։ 2Բայց եթե քո եղբայրը քեզ մոտիկ չի ապրում, կամ նրան չես ճանաչում, ապա դրան կբերես քո տունը, և այն քեզ մոտ կմնա, մինչև որ քո եղբայրը փնտրի նրան. հետո այն կվերադարձնես նրան։ 3Այդպես կվարվես նաև նրա էշի հետ, այդպես կվարվես նրա զգեստների հետ, այդպես կվարվես նաև քո եղբոր կորցրած ամեն ինչի հետ, որ դու կգտնես. նրանց չես կարող անտեսել։
4Երբ եղբորդ էշը կամ եզը ճանապարհի վրա ընկած տեսնես, չանտեսես դրան. անպատճառ նրա հետ ոտքի՛ կանգնեցրու։
5Կինը տղամարդու հագուստ չպետք է հագնի, ոչ էլ տղամարդը՝ կնոջ հագուստ, որովհետև քո Տեր Աստծու առջև պիղծ է նա, ով այդ բաներն անի։
6Եթե ճանապարհին քո առջև մի ծառի կամ գետնի վրա ձագերով կամ ձվերով թռչունի բույն պատահի քեզ, և մայրը նստած լինի ձագերի կամ ձվերի վրա, ապա մորը չվերցնես իր ձագերի հետ. 7ազատ կարձակես մորը, իսկ ձագերին կվերցնես քեզ համար, որպեսզի բարի լինի քեզ համար, և երկար կյանք ունենաս։
8Եթե նոր տուն կառուցես, բազրի՛ք շինիր քո տանիքի շուրջը, որպեսզի երբ մեկն այնտեղից վայր ընկնի, քո տան վրա արյուն չբերես։ 9Այգուդ մեջ տարբեր սերմեր չցանես, որպեսզի նզովված չանես քո ցանած սերմի արդյունքը և այգուդ բերքը։ 10Վար անելիս էշն ու եզը միասին չլծես։
11Բրդից և վուշից գործված այլախառն հագուստ չհագնես։
12Քո հագած զգեստի չորս ծայրերին ծոպեր կդնես։
Օրենքներ սեռական կյանքի մաքրության մասին
13Եթե մի տղամարդ ամուսնանա մի կնոջ հետ, մերձենա նրան, բայց հետո ատի նրան, 14զրպարտչական խոսքեր ասի նրա մասին և վարկաբեկի նրա անունը՝ ասելով. “Ես այս կնոջն առա, բայց երբ մերձեցա նրան, կույս չգտա”, 15այն ժամանակ աղջկա հայրն ու մայրը իրենց աղջկա կուսության նշանը թող առնեն և դուրս տանեն քաղաքի ծերերի առաջ, հրապարակ՝ դռան մոտ։ 16Աղջկա հայրը կասի ծերերին. “Իմ աղջկան կնության տվեցի այս մարդուն, բայց նա ատում է նրան. 17ահա զրպարտչական խոսքեր է բարդում նրա վրա՝ ասելով, թե՝ "Քո աղջկան կույս չգտա"։ Ահա՛ իմ աղջկա կուսության նշանը”։ Եվ հագուստը կփռեն քաղաքի ծերերի առաջ։ 18Այդ քաղաքի ծերերը կվերցնեն և կհանդիմանեն այդ մարդուն, 19նրա վրա տուգանք կդնեն հարյուր սիկղ արծաթ և կտան աղջկա հորը, որովհետև նա վարկաբեկել է իսրայելացի կույսի անունը։ Նա թող մնա նրա կինը, և իր ամբողջ կյանքի ընթացքում նա չի կարող արձակել նրան։ 20Իսկ եթե այդ բանն ստույգ լինի, և աղջկա կուսությունը չհաստատվի, 21այն ժամանակ աղջկան թող դուրս բերեն իր հոր տան դուռը, և քաղաքի մարդիկ քարկոծեն նրան, որ մեռնի, որովհետև Իսրայելում նա անզգամություն է արել՝ պոռնկանալով իր հոր տանը։ Այսպիսով չարությունը կվերացնես քո միջից։
22Եթե մեկը ամուսին ունեցող մի կնոջ հետ պառկած գտնվի, ապա երկուսն էլ՝ այդ կնոջ հետ պառկող մարդը և այդ կինը, պետք է սպանվեն։ Դրանով դուք չարությունը կվերացնեք Իսրայելի միջից։
23Եթե մի կույս աղջիկ նշանված լինի մի մարդու հետ, և քաղաքում մի տղամարդ հանդիպի նրան ու պառկի նրա հետ, 24այն ժամանակ երկուսին էլ դուրս կբերեք այդ քաղաքի դուռը և քարկոծելով կսպանեք նրանց. աղջկան՝ նրա համար, որ չաղաղակեց քաղաքում, իսկ տղամարդուն՝ նրա համար, որ լլկել է իր մերձավորի նշանածին։ Եվ չարությունը կվերացնես քո միջից։
25Բայց եթե մի տղամարդ դաշտում հանդիպի նշանված մի աղջկա և բռնություն գործադրելով նրա վրա՝ պառկի նրա հետ, ապա մահվամբ պետք է պատժվի միայն նրա հետ պառկող մարդը։ 26Աղջկան ոչինչ չանես. աղջիկը մահվան արժանի ոչ մի հանցանք չի գործել. որովհետև սա նման է այն դեպքին, երբ մի մարդ հարձակվում է իր մերձավորի վրա և սպանում նրան։ 27Որովհետև դաշտում է հանդիպել նրան, նշանված աղջիկը աղաղակել է, բայց ոչ ոք չի եղել նրան ազատելու համար։
28Եթե մի տղամարդ չնշանված մի կույս աղջկա հանդիպի ու բռնություն գործադրելով պառկի նրա հետ, և նրանք բռնվեն, 29ապա աղջկա հետ պառկող մարդը աղջկա հորը պետք է տա հիսուն սիկղ արծաթ. և քանի որ նա լլկել է աղջկան, պետք է ամուսնանա նրա հետ և իր ամբողջ կյանքի ընթացքում չի կարող արձակել նրան։
30Ոչ ոք չպետք է ամուսնանա իր հոր կնոջ հետ և չպետք է բանա իր հոր քղանցքը»։
Արդեն Ընտրված.
Բ ՕՐԵՆՔ 22: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018