Բ ՕՐԵՆՔ 19
19
Ապաստանի քաղաքներ
1«Երբ քո Տեր Աստվածը բնաջնջի այն ազգերին, որոնց երկիրը քո Տեր Աստվածը տալու է քեզ, երբ դու քշես նրանց և բնակվես նրանց քաղաքներում ու տներում, 2քեզ համար երեք քաղաք կառանձնացնես քո երկրում, որը քո Տեր Աստվածը կտա քեզ իբրև ժառանգություն։ 3Քեզ համար ճանապարհ կպատրաստես և երեքի կբաժանես քո Տեր Աստծու քեզ տված ժառանգության երկիրը, որտեղ մեկական քաղաք լինի, որպեսզի ամեն մարդասպան այնտեղ փախչի։
4Այս է ողջ մնալու համար այնտեղ փախչող մարդասպանի մասին օրենքը. նա, ով զարկի և ակամա սպանի իր մերձավորին՝ առանց նախապես թշնամություն ունենալու նրա նկատմամբ. 5մեկը, որ իր մերձավորի հետ անտառ գնա փայտ կտրելու, և կացնով փայտ կտրելու համար իր ձեռքը բարձրացնելիս կացինը, կոթից պոկվելով, դուրս թռչի և դիպչի մերձավորին, և նա մեռնի, նա թող փախչի և ընկնի այդ քաղաքներից մեկնումեկը, որ ապրի, 6որպեսզի արյան վրեժխնդիր եղողը, որի սիրտը այրվել է, մարդասպանի ետևից չընկնի և ճանապարհի հեռու լինելու պատճառով նրան հասնի և սպանի նրան, թեպետ նա արժանի չլինի մահվան, քանի որ նախապես թշնամություն չուներ նրա նկատմամբ։ 7Դրա համար էլ ես քեզ պատվիրում և ասում եմ, որ երեք քաղաք առանձնացնես քեզ համար։
8Եթե քո Տեր Աստվածն ընդարձակի քո սահմանները, ինչպես երդվել էր քո հայրերին, և քեզ տա այդ ամբողջ երկիրը, որ խոստացել էր տալ քո հայրերին, 9և եթե դու պահես այն բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատվիրում եմ քեզ, որ սիրես քո Տեր Աստծուն և միշտ ընթանաս նրա ճանապարհներով, ապա այդ երեք քաղաքներին կավելացնես ուրիշ երեք քաղաքներ ևս, 10որպեսզի անմեղ արյուն չթափվի քո Տեր Աստծու քեզ ժառանգություն տված երկրում, և որ դու արյունապարտ չլինես։
11Բայց եթե մի մարդ ոխ ունենա իր մերձավորի հանդեպ, դարանամուտ լինի և վեր կենա նրա դեմ և հարվածելով սպանի նրան ու փախչի այդ քաղաքներից մեկնումեկը, 12ապա նրա քաղաքի ծերերը թող մարդ ուղարկեն, և սրանք վերցնեն նրան այնտեղից ու հանձնեն արյան վրեժխնդիր եղողի ձեռքը, որ նա մեռնի։ 13Դու նրան չպետք է խնայես. Իսրայելի միջից պիտի վերացնես անմեղ արյան թափվելը, որպեսզի լավ լինի քեզ համար։
Հին կալվածքի սահմաններ
14Քո մերձավորի սահմանը, որ հաստատել են քո նախնիները, չպետք է խախտես քո կալվածքում, որը դու ժառանգելու ես քո Տեր Աստծու կողմից իբրև սեփականություն քեզ տրված երկրում։
Վկաների մասին
15Որևէ անօրենության և մեղքի համար միայն մեկ վկա չպետք է կանգնի մի մարդու դեմ, ինչպիսին էլ լինի նրա գործած մեղքը. այլ երկու կամ երեք վկաների բերանով պետք է հաստատվի այդ բանը։
16Եթե մի սուտ վկա վեր կենա մի մարդու դեմ և նրա մասին վկայություն տա նրա անօրենության համար, 17ապա այդ երկու մարդիկ, որոնց մեջ հակառակություն կա, պետք է կանգնեն Տիրոջ առաջ, այդ օրվա քահանաների և դատավորների առաջ, 18և դատավորները պետք է լավ քննեն. եթե տեսնեն, որ այդ վկան սուտ վկա է և սուտ վկայություն է տվել իր եղբոր դեմ, 19այն ժամանակ նրա հետ կվարվեք այնպես, ինչպես նա մտադիր էր վարվել իր եղբոր հետ։ Այդպիսով չարությունը կվերացնես քո միջից։ 20Մյուսները կլսեն ու կվախենան, և այլևս այդպիսի չար բան չի կատարվի ձեր մեջ։ 21Չխնայես նրան. անձի դիմաց՝ անձ, աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ, ձեռքի դիմաց՝ ձեռք, ոտքի դիմաց՝ ոտք»։
Արդեն Ընտրված.
Բ ՕՐԵՆՔ 19: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018