Ասուերոսի որդի Դարեհի առաջին տարում, որ մարերի սերնդից էր և թագավոր կարգվեց քաղդեացիների թագավորության վրա, ես՝ Դանիելս, նրա թագավորության առաջին տարում Գրքերից հասկացա այն տարիների թիվը, որոնց համար Տիրոջ խոսքն էր հասել Երեմիա մարգարեին, թե յոթանասուն տարուց պիտի ավարտեր Երուսաղեմի ավերումները։
Եվ ես իմ երեսը դեպի Տեր Աստված դարձրի, որպեսզի ծոմապահությամբ, քուրձով ու մոխիրով աղոթք ու աղաչանք մատուցեմ։ Ես աղոթեցի Տիրոջը՝ իմ Աստծուն, խոստովանեցի և ասացի. «Օ՜հ, Տե՜ր, մեծ և ահարկո՛ւ Աստված, որ ուխտ և ողորմություն ես պահում քեզ սիրողների և հրամաններդ պահողների համար։ Մենք մեղանչեցինք և անօրենություն գործեցինք, ամբարիշտ եղանք ու ըմբոստացանք և խոտորեցինք քո հրամաններից և պատվիրաններից. չլսեցինք քո ծառաներին՝ մարգարեներին, որոնք քո անունից խոսեցին մեր թագավորների, մեր իշխանավորների և մեր հայրերի հետ և երկրի ամբողջ ժողովրդի հետ։ Ո՜վ Տեր, քոնն է արդարությունը, իսկ մերը՝ երեսի ամոթը, ինչպես որ այսօր է, Հուդայի մարդկանց և Երուսաղեմի բնակիչներին, բոլոր իսրայելացիներին մերձավոր ու հեռավոր այն բոլոր երկրներում, ուր նրանց աքսորել ես այն անհավատարմության համար, որ գործեցին քո դեմ։ Տե՛ր, մերն է երեսի ամոթը, մեր թագավորներինը, մեր իշանավորներինը և մեր հայրերինը, որովհետև մեղանչեցինք քո դեմ։ Մեր Տեր Աստծունն են ողորմությունը և ներողամտությունը, որովհետև մենք ապստամբեցինք նրա դեմ և չլսեցինք մեր Տեր Աստծու ձայնը, որպեսզի գնայինք նրա օրենքներով, որոնք նա մեր առաջ դրեց իր ծառաների՝ մարգարեների միջոցով։ Ամբողջ Իսրայելը անտեսեց քո օրենքը և խոտորեց՝ մերժելով հնազանդվել քո ձայնին։ Եվ մեզ վրա թափվեցին անեծքն ու երդումը, որոնք գրված են Աստծու ծառա Մովսեսի օրենքի մեջ, քանի որ մենք նրա դեմ մեղանչեցինք։ Եվ նա հաստատեց իր խոսքերը, որ խոսել էր մեր դեմ և մեզ դատող մեր դատավորների դեմ՝ մեզ վրա մեծ չարիք բերելով. այնպես որ երկնքի տակ նման բան չի եղել, ինչպես որ եղավ Երուսաղեմին։ Մովսեսի օրենքի մեջ գրվածի պես այս ամբողջ չարիքը եկավ մեզ վրա, սակայն մենք Տիրոջը՝ մեր Աստծուն, չպաղատեցինք, որպեսզի հետ դառնալով մեր անօրենությունից՝ իմաստուն լինեինք քո ճշմարտությանն անսալով։ Ուստի Տերն այս չարիքը մտադրեց ու մեզ վրա բերեց այն, որովհետև Տերը՝ մեր Աստվածը, արդար է իր կատարած բոլոր գործերի մեջ, բայց մենք չհնազանդվեցինք նրա ձայնին։
Եվ արդ, ո՛վ մեր Տեր Աստված, որ հզոր ձեռքով Եգիպտոսի երկրից դուրս բերեցիր քո ժողովրդին և քեզ համար անուն վաստակեցիր, ինչպես որ այսօր է. մենք մեղանչեցինք ու անօրենություն գործեցինք։ Ո՛վ Տեր, աղաչում ենք, ըստ քո բոլոր արդար արարքների, թող քո բարկությունն ու զայրույթը հեռանան քո Երուսաղեմ քաղաքից, քո սուրբ սարից։ Մեր մեղքերի և մեր հայրերի անօրենությունների համար Երուսաղեմն ու քո ժողովուրդը նախատինք են դարձել բոլոր մեզ շրջապատողների համար։ Եվ արդ, ո՛վ մեր Աստված, լսի՛ր քո ծառայի աղոթքն ու նրա աղաչանքը և հանուն քեզ, ո՛վ Տեր, հաճոյաբա՛ր նայիր քո ամայացած սրբարանին։ Խոնարհեցրո՛ւ քո ականջը, ո՛վ իմ Աստված, և լսի՛ր. բա՛ց աչքերդ և տե՛ս մեր ավերակները և այն քաղաքը, որը քո անունն է կրում։ Որովհետև մեր աղերսանքը քո առաջ ոչ թե ըստ մեր արդարությունների է, այլ քո մեծ ողորմության։ Ո՛վ Տեր, լսի՛ր. ո՛վ Տեր, ների՛ր. ո՛վ Տեր, ակա՛նջ դիր և կատարի՛ր. հանուն քեզ. մի՛ հապաղիր, ո՛վ իմ Աստված, որովհետև քո անունով են կոչվում քո քաղաքն ու քո ժողովուրդը»։
Մինչ ես տակավին խոսում էի և աղոթում և խոստովանում էի իմ մեղքը և իմ ժողովրդի՝ Իսրայելի մեղքը և իմ Աստծու սուրբ լեռան համար Տիրոջ՝ իմ Աստծու առաջ իմ աղերսանքն էի մատուցում. և մինչ ես աղոթում էի, երբ այդ մարդը՝ Գաբրիելը, որին տեսել էի առաջին տեսիլքի մեջ՝ սրընթաց թռիչքով, երեկոյան զոհի ժամանակ հասավ ինձ։ Եկավ և հասկացրեց ինձ՝ ասելով. «Ո՛վ Դանիել, հիմա եկա, որպեսզի քեզ խելամտություն և հասկացողություն պարգևեմ։ Քո աղաչանքի սկզբում մի պատասխան եղավ, և ես եկա այն ասելու, որ դու սիրելի ես. ուրեմն հասկացի՛ր պատգամը և իմացի՛ր տեսիլքը։