Այդ ժամանակ Դանիելը տարվեց թագավորի առաջ։ Թագավորն ասաց Դանիելին. «Դո՞ւ ես Դանիելն այն տարագիրներից, որոնց իմ հայրը բերեց Հուդայից։ Քո մասին ես լսել եմ, որ աստվածների հոգի կա քեզանում, և լուսավորություն, ըմբռնողություն և գերազանց իմաստություն կա քո մեջ։ Հիմա իմ առաջ բերվեցին իմաստունները և հմայողները, որպեսզի այս գրվածքը կարդային և նրա մեկնությունն ինձ իմացնեին, բայց չկարողացան իմացնել այս խոսքի մեկնությունը։ Ես լսեցի քո մասին, որ կարող ես մեկնություն անել և կնճիռներ լուծել. արդ եթե կարող ես կարդալ գրվածքը և նրա մեկնությունն ինձ իմացնել, ծիրանի կհագնես, ոսկյա մանյակ կլինի քո պարանոցին, և թագավորության մեջ երրորդ իշխանավորը կլինես»։
Այդ ժամանակ Դանիելը թագավորի առաջ պատասխանեց. «Պարգևներդ քեզ լինեն, իսկ ընծաներդ ուրիշի՛ տուր. ես թագավորի համար կկարդամ գրվածքը և մեկնությունը կիմացնեմ նրան։ Ո՛վ թագավոր, Բարձրյալ Աստված թագավորություն և մեծություն, պատիվ ու փառք պարգևեց քո հորը՝ Նաբուգոդոնոսորին։ Եվ նրան տրված այն մեծության պատճառով բոլոր ժողովուրդները, ազգերն ու լեզուները դողում ու վախենում էին նրանից։ Ում ուզում էր, սպանում էր, և ում ուզում էր, ապրեցնում էր, և ում ուզում էր, բարձրացնում էր, և ում ուզում էր, ցածրացնում էր։ Բայց երբ նրա սիրտը գոռոզացավ, և նրա հոգին խստացավ ամբարտավանությամբ, նա ընկավ իր թագավորական աթոռից, նրա պատիվն առնվեց նրանից։ Եվ արտաքսվեց մարդկանց որդիների միջից, և նրա միտքը անասունների պես եղավ, նրա բնակությունը վայրի էշերի հետ էր, նրան արջառների պես խոտ էին ուտեցնում, և երկնքի ցողով էր թրջվում նրա մարմինը, մինչև իմացավ, որ Բարձրյալ Աստվածն է տիրում մարդկանց թագավորության վրա. ում ուզում է, դնում է նրա վրա։ Եվ դու՝ նրա որդին, Բաղդասա՛ր, չխոնարհեցրիր քո սիրտը, թեև այս ամենը գիտեիր։ Այլ քեզ բարձրացրիր երկնքի Տիրոջ դեմ, և նրա տան անոթները բերվեցին քո առաջ, և դու, քո մեծամեծները և քո կանայք ու քո հարճերը գինի խմեցիք նրանցով։ Եվ գովաբանեցիր արծաթե ու ոսկե, պղնձե, երկաթե, փայտե և քարե աստվածներին, որոնք ո՛չ տեսնում են, ո՛չ լսում, ո՛չ էլ իմանում։ Բայց չփառավորեցիր այն Աստծուն, որի ձեռքում է քո շունչը, որինն են քո բոլոր ճանապարհները։ Ուստի այն ձեռքն ուղարկվեց նրա կողմից, և այս գրվածքը գրվեց։ Եվ այս է գրված այն գրությունը՝ ՄԵՆԵ, ՄԵՆԵ, ԹԵԿԵԼ ՈՒ ՓԱՐՍԻՆ։ Այս է խոսքի մեկնությունը. Մենե՝ Աստված հաշվեց քո թագավորության օրերը և այն վերջացրեց. Թեկել՝ կշեռքով կշռվեցիր և պակաս գտնվեցիր. Փարես՝ բաժանվեց քո թագավորությունը և տրվեց մարերին ու պարսիկներին»։
Այն ժամանակ Բաղդասարը հրամայեց, և Դանիելին ծիրանի հագցրին ու ոսկյա մանյակ գցեցին նրա պարանոցին և մունետիկ կանչել տվեցին նրա մասին, որ երրորդ իշխանն է լինելու թագավորության մեջ։
Նույն գիշերը քաղդեացիների Բաղդասար թագավորը սպանվեց։ Եվ մարերի Դարեհ թագավորը վերցրեց թագավորությունը, երբ վաթսուներկու տարեկան էր։