ԴԱՆԻԵԼ 3:22-30

ԴԱՆԻԵԼ 3:22-30 ՆՎԱԱ

Քանի որ թագավորի հրամանը խիստ էր, հնոցն էլ չափազանց տաքացված էր, Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին վերցրած մարդկանց կրակի բոցը սպանեց։ Եվ այս երեք մարդիկ՝ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը, կապված ընկան կրակով բորբոքված հնոցի մեջ։ Այդ ժամանակ Նաբուգոդոնոսոր թագավորն ապշած և շտապելով վեր կացավ և խոսեց՝ իր խորհրդականներին ասելով. «Մի՞թե մենք կապված երեք մարդ չգցեցինք կրակի մեջ»։ Նրանք պատասխանեցին թագավորին և ասացին. «Ստույգ է, ո՛վ թագավոր»։ Նա էլ ասաց. «Ահա ես չորս արձակ մարդու եմ տեսնում, որ շրջում են կրակի մեջ, և նրանց վնաս չի լինում. չորրորդի կերպարանքն էլ աստվածների որդու է նման»։ Այդ ժամանակ Նաբուգոդոնոսորը մոտեցավ կրակի հնոցի դռանը և ասաց. «Ո՛վ Սեդրաք, Միսաք, Աբեդնագով, Ամենաբարձրյալ Աստծու ծառանե՛ր, դո՛ւրս ելեք, եկե՛ք»։ Այդ ժամանակ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը դուրս եկան կրակի միջից։ Եվ հավաքվեցին սատրապները, կուսակալները, կառավարիչները, թագավորի խորհրդականները, տեսան այդ մարդկանց, որոնց մարմնի վրա կրակը չէր տիրել, ու նրանց գլխի մազը չէր այրվել, նրանց անդրավարտիքները չէին այլափոխվել, և կրակի հոտ չկար նրանց վրա։ Նաբուգոդոնոսորն ասաց. «Օրհնյալ է Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի Աստվածը, որ ուղարկեց իր հրեշտակին և ազատեց իր ծառաներին, որոնք, նրան ապավինելով, թագավորի խոսքն անարգեցին. իրենց մարմինները տվեցին, որպեսզի չպաշտեն ու չերկրպագեն ոչ մի աստծու, բացի իրենց Աստծուց։ Արդ հրամայում եմ, որ ամեն ժողովուրդ, ազգ և լեզու, որ սխալ բան կասի Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի Աստծու դեմ, նրա մարմնի անդամները պիտի հոշոտվեն, և նրա տունը աղբակույտ պիտի դառնա, որովհետև չկա մի ուրիշ Աստված, որ կկարողանա այսպես ազատել»։ Այն ժամանակ թագավորը Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին ավելի բարձրացրեց Բաբելոնի գավառում։

ԴԱՆԻԵԼ 3:22-30 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր