ԴԱՆԻԵԼ 2:1-49

ԴԱՆԻԵԼ 2:1-49 ՆՎԱԱ

Նաբուգոդոնոսորի թագավորության երկրորդ տարում Նաբուգոդոնոսորը երազներ տեսավ. խռովվեց նրա հոգին, և չէր կարող քնել։ Թագավորը հրամայեց, որ կանչեն մոգերին, հմայողներին, կախարդներին ու քաղդեաներին, որ թագավորին ասեն նրա երազները։ Նրանք եկան ու կանգնեցին թագավորի առաջ։ Եվ թագավորն ասաց նրանց. «Ես մի երազ տեսա, և իմ հոգին խռովվեց, որպեսզի իմանամ այդ երազը»։ Եվ քաղդեաները արամեերենով ասացին թագավորին. «Թագավո՛ր, հավիտյա՛ն ապրիր, քո ծառաներին պատմի՛ր երազը, և մենք կասենք մեկնությունը»։ Թագավորը պատասխանեց և ասաց քաղդեաներին. «Վստահաբար եմ ասում, եթե ինձ չիմացնեք երազը և նրա մեկնությունը, ձեր մարմնի անդամները պիտի հոշոտվեն, և ձեր տներն աղբակույտ պիտի դառնան։ Իսկ եթե ասեք երազն ու նրա մեկնությունը, ինձնից պարգևներ, վարձատրություններ և մեծ պատիվ կստանաք։ Ուրեմն ասացե՛ք ինձ երազն ու նրա մեկնությունը»։ Նրանք կրկին պատասխանեցին և ասացին. «Թագավորը երազը թող ասի իր ծառաներին, և մենք կիմացնենք նրա մեկնությունը»։ Թագավորը պատասխանեց և ասաց. «Ես ճշմարիտ գիտեմ, որ դուք ուզում եք ժամանակ շահել, որովհետև ինձնից դուրս եկած խոսքը հաստատ է, որ եթե ինձ չիմացնեք երազը, ձեզ համար մեկ դատավճիռ կա. դուք որոշել եք սուտ և զեղծ բան խոսել իմ առաջ, մինչև որ ժամանակը փոխվի. ուրեմն ասացե՛ք ինձ երազը, և կիմանամ, որ դուք ինձ նրա մեկնությունը ևս կասեք»։ Քաղդեաները պատասխանեցին թագավորին և ասացին. «Երկրի վրա մարդ չկա, որ կարողանա թագավորի պահանջած բանն անել, և դրա համար էլ ոչ մի թագավոր՝ մեծամեծ ու տիրակալ, սրա նման մի բան չի պահանջել ոչ մի մոգից, հմայողից և քաղդեայից։ Ինչ որ պահանջում է թագավորը, դժվար է, և չկա մեկ ուրիշը, որ թագավորին ասի այն, բացի աստվածներից, որոնք մարմնի մեջ չեն բնակվում»։ Այս պատճառով թագավորը բարկացավ ու սրդողեց և հրամայեց ոչնչացնել Բաբելոնի բոլոր իմաստուններին։ Իմաստուններին սպանելու հրամանն արձակվեց։ Որոնեցին նաև Դանիելին ու նրա ընկերներին, որպեսզի սպանեն նրանց։ Այդ ժամանակ Դանիելը խոհեմությամբ ու դատողությամբ խոսեց թագավորի դահճապետ Արիովքի հետ, որը դուրս էր եկել Բաբելոնի իմաստուններին սպանելու։ Թագավորի պաշտոնյա Արիովքին ասաց. «Թագավորի այս խիստ հրամանն ինչի՞ համար է»։ Այդ ժամանակ Արիովքը Դանիելին իմացրեց եղելությունը։ Դանիելը մտավ և խնդրեց թագավորին, որ իրեն ժամանակ տրվի, որ նա մեկնությունն ասի թագավորին։ Այն ժամանակ Դանիելը գնաց տուն և եղելությունն իմացրեց իր ընկերներին՝ Անանիային, Միսայելին և Ազարիային, որպեսզի գթություն խնդրեն երկնքի Աստծուց այս գաղտնիքի մասին, որ Դանիելն ու նրա ընկերները չոչնչացվեն Բաբելոնի մնացած իմաստունների հետ։ Այն ժամանակ գիշերվա տեսիլքի մեջ Դանիելին հայտնվեց այն գաղտնիքը, և Դանիելն օրհնեց երկնքի Աստծուն։ Դանիելը խոսեց և ասաց. «Օրհնյալ լինի Աստծու անունը հավիտյանս հավիտենից, որովհետև նրանն են իմաստությունն ու զորությունը։ Նա է եղանակներն ու ժամանակները փոխողը, թագավորներ իջեցնողը և թագավորներ կարգողը, նա է իմաստություն տալիս իմաստուններին և գիտություն՝ հանճարեղներին։ Նա է խոր և ծածուկ բաներ հայտնողը, գիտի մթի մեջ եղածը, և լույսը նրա մոտ է բնակվում։ Քեզ, ո՛վ իմ հայրերի Աստված, օրհնաբանում և փառաբանում եմ ես, որ իմաստություն և զորություն տվեցիր ինձ և հիմա ինձ իմացրիր, ինչ որ մենք խնդրել էինք քեզնից, որ թագավորի պահանջածը մեզ իմացրիր»։ Սրանից հետո Դանիելը մտավ Արիովքի մոտ, որին թագավորը նշանակել էր Բաբելոնի իմաստուններին ոչնչացնելու համար։ Գնաց և այսպես ասաց նրան. «Մի՛ ոչնչացրու Բաբելոնի իմաստուններին. ինձ թագավորի մո՛տ տար, և ես թագավորին կասեմ մեկնությունը»։ Այդ ժամանակ Արիովքը Դանիելին շտապ թագավորի մոտ տարավ և նրան այսպես ասաց. «Մի մարդ եմ գտել Հուդայի գերիներից, որը թագավորին կիմացնի մեկնությունը»։ Թագավորը պատասխանեց և ասաց Դանիելին, որ Բաղդասասար էր կոչվել. «Կարո՞ղ ես արդյոք ինձ իմացնել իմ տեսած երազը և նրա մեկնությունը»։ Դանիելը պատասխանեց թագավորին և ասաց. «Այդ գաղտնիքը, որ թագավորը պահանջում է, իմաստունները, հմայողները, մոգերը և գուշակները չեն կարող ասել թագավորին։ Բայց գաղտնիքներ հայտնող մի Աստված կա երկնքում, և նա Նաբուգոդոնոսոր թագավորին իմացրել է, ինչ որ պիտի լինի հետագա օրերում։ Սա է քո երազը և գլխիդ տեսիլքը՝ անկողնուդ մեջ. դու, ո՛վ թագավոր, քո անկողնու մեջ մտածում էիր այն մասին, թե այսուհետ ինչ պիտի լինի, և գաղտնիքներ հայտնողը քեզ իմացրեց։ Եվ ինձ հայտնեց այս գաղտնիքը ոչ թե բոլոր ապրողներից ավելի իմաստություն ունենալուս համար, այլ մեկնությունը թագավորին իմացնելու համար, և որ իմանաս քո մտքի խորհուրդները։ Դու, ո՛վ թագավոր, տեսնում էիր ահա մի մեծ արձան։ Այդ արձանը հսկայական էր և իր գերազանց պայծառությամբ կանգնած քո առաջ։ Նրա տեսքն ահավոր էր։ Այս արձանի գլուխը մաքուր ոսկուց էր, նրա կուրծքն ու բազուկները՝ արծաթից, նրա մեջքն ու ազդրերը՝ պղնձից, սրունքները՝ երկաթից, նրա ոտքերը՝ մի մասը երկաթից, մյուս մասը՝ կավից։ Մինչ նայում էիր, մի քար պոկվեց՝ առանց մարդկանց ձեռքի դիպչելու, և հարվածեց արձանի ոտքերին, որ երկաթից ու կավից էին, և փշրեց դրանք։ Այն ժամանակ միասին փշրվեցին երկաթը, կավը, պղինձը, արծաթն ու ոսկին և ամառվա կալերի մղեղի պես եղան։ Եվ քամին քշեց դրանք, և դրանց հետքը բոլորովին չգտնվեց։ Իսկ այն քարը, որ հարվածեց արձանին, մեծ սար դարձավ և լցրեց ամբողջ երկիրը։ Սա է երազը, և նրա մեկնությունն ասենք թագավորին։ Ո՛վ թագավոր, թագավորների՛ թագավոր, որին երկնքի Աստվածը թագավորություն, կարողություն, զորություն և պատիվ է տվել։ Եվ որի ձեռքն է հանձնել մարդկանց որդիներին, երկրի գազաններին ու երկնքի թռչուններին իրենց բնակության բոլոր վայրերում և քեզ իշխան է կարգել նրանց բոլորի վրա. դու ես այդ ոսկե գլուխը։ Եվ քեզնից հետո մի ուրիշ թագավորություն պիտի բարձրանա՝ քեզնից ցածր, և մի երրորդ թագավորություն՝ պղնձից, որը կտիրի ամբողջ աշխարհին։ Իսկ չորրորդ թագավորությունը երկաթի նման պինդ կլինի. ինչպես որ երկաթը փշրում ու ջարդում է ամեն բան, սա ևս ամեն ինչ ջարդող երկաթի նման կփշրի ու կկոտրի։ Եվ ոտքերն ու մատները, որ տեսար, մի մասը՝ բրուտի կավից, իսկ մյուս մասը՝ երկաթից. մի բաժանված թագավորություն է լինելու, բայց երկաթի ամրության բաժին է ունենալու, որովհետև երկաթը տղմոտ կավի հետ խառնված տեսար։ Եվ ոտքերի մատները՝ մի մասը երկաթից, մյուս մասը՝ կավից. այդ թագավորությունը մասամբ է ամուր լինելու, իսկ մյուս մասը դյուրաբեկ է լինելու։ Եվ որ տեսար երկաթը՝ խառնված տղմոտ կավի հետ, այսինքն՝ նրանք խառնվելու են մարդկանց սերնդի հետ, բայց միմյանց չպիտի կպչեն. ահա ինչպես երկաթը չի խառնվում կավի հետ։ Եվ այն թագավորների օրերին երկնքի Աստվածը մի թագավորություն է բարձրացնելու, որ հավիտյան չի ավերվելու, և նրա տերությունն ուրիշ ժողովրդի չի տրվելու. նա պիտի կործանի և ոչնչացնի այս բոլոր թագավորությունները, իսկ ինքը կմնա հավիտյան։ Ինչպես դու տեսար, որ սարից մի քար պոկվեց՝ առանց ձեռք դիպչելու, և փշրեց երկաթը, պղինձը, կավը, արծաթը և ոսկին. մեծ Աստվածը թագավորին իմացրեց, թե այսուհետ ի՛նչ է լինելու. երազը հաստատ է, իսկ մեկնությունը՝ ստույգ»։ Այդ ժամանակ Նաբուգոդոնոսոր թագավորն ընկավ երեսի վրա և Դանիելին երկրպագություն արեց ու հրամայեց, որ ընծաներ ու անուշահոտ բաներ մատուցեն նրան։ Թագավորը պատասխանեց Դանիելին և ասաց. «Ճշմարտապես ձեր Աստվածն է աստվածների Աստվածը և թագավորների տերը և գաղտնիքներ հայտնողը, որովհետև դու կարողացար հայտնել այս գաղտնիքը»։ Այդ ժամանակ թագավորը մեծարեց Դանիելին և բազմաթիվ մեծ պարգևներ տվեց նրան և նրան կառավարիչ կարգեց Բաբելոնի ամբողջ գավառի վրա և գլխավոր՝ Բաբելոնի բոլոր իմաստունների վրա։ Բայց Դանիելը թագավորին խնդրեց, և Բաբելոնի գավառը կառավարելու համար նշանակեց Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին, իսկ ինքը՝ Դանիելը, թագավորի դռանն էր լինում։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում