ԴԱՆԻԵԼ 10:10-21

ԴԱՆԻԵԼ 10:10-21 ՆՎԱԱ

Եվ ահա մի ձեռք դիպավ ինձ և ինձ դողալով կանգնեցրեց ծնկներիս ու ձեռքերիս ափերի վրա։ Եվ ինձ ասաց. «Ո՛վ Դանիել, սիրելի՛ մարդ, հասկացի՛ր այն խոսքերը, որ ասում եմ քեզ, և կանգնի՛ր տեղումդ, որովհետև հիմա քեզ մոտ եմ ուղարկվել»։ Եվ երբ նա այս խոսքն ասաց ինձ, ես կանգնեցի դողալով։ Եվ նա ինձ ասաց. «Մի՛ վախեցիր, ո՛վ Դանիել, որովհետև այն առաջին օրից, երբ մտադրվեցիր ըմբռնել և քո անձը քո Աստծու առաջ խոնարհեցրիր, քո խոսքերը լսվել են, և ես եկել եմ քո խոսքերի պատճառով։ Եվ պարսիկների թագավորության իշխանը քսանմեկ օր դիմադրեց ինձ, և ահա Միքայելը՝ առաջին իշխանավորներից մեկը, եկավ ինձ օգնելու։ Եվ ես մնացի այնտեղ՝ պարսից թագավորների մոտ։ Եվ ես եկա քեզ հասկացնելու, թե վերջին օրերին ի՛նչ պիտի պատահի քո ժողովրդին, որովհետև տեսիլքը գալիք օրերի համար է»։ Եվ երբ նա այս խոսքերն ասաց ինձ, ես երեսս դեպի գետինը հակեցի և համր մնացի։ Եվ ահա մարդու որդիների նման մեկը դիպավ շրթունքներիս. ես բերանս բացեցի, խոսեցի և ասացի իմ առջև կանգնածին. «Ո՛վ տեր իմ, այս տեսիլքի պատճառով ինձ պատել են ցավերը, և ես այլևս ուժ չունեմ։ Իմ տիրոջ այս ծառան ինչպե՞ս պիտի կարողանա խոսել իմ տիրոջ հետ, քանի որ այժմվանից իմ մեջ ուժ չկա, և իմ մեջ շունչ չմնաց»։ Եվ մարդու կերպարանք ունեցողը կրկին դիպավ ինձ և ինձ զորացրեց։ Եվ ասաց. «Մի՛ վախեցիր, ո՛վ սիրելի մարդ, խաղաղությո՛ւն քեզ, զորացի՛ր, քաջասի՛րտ եղիր»։ Եվ երբ նա խոսեց ինձ հետ, ես զորացա և ասացի. «Թող տերս խոսի, որովհետև ինձ զորացրել ես»։ Եվ նա ասաց. «Գիտե՞ս, թե ինչո՛ւ եկա քեզ մոտ։ Հիմա հետ պիտի դառնամ պարսիկների իշխանի հետ պատերազմելու։ Եվ երբ ես գնամ, հույների իշխանը պիտի գա։ Չկա մեկը, որն ինձ զորակցի սրանց դեմ, բացի քո իշխան Միքայելից։ Սակայն ես քեզ պիտի տեղեկացնեմ ճշմարտության գրքում գրվածը»։