ԴԱՆԻԵԼ 1:1-21

ԴԱՆԻԵԼ 1:1-21 ՆՎԱԱ

Հուդայի թագավոր Հովակիմի թագավորության երրորդ տարում Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը եկավ Երուսաղեմ և պաշարեց այն։ Տերը Հուդայի Հովակիմ թագավորին և նրա հետ Աստծու տան անոթների մի մասը նրա ձեռքը մատնեց։ Նա դրանք տարավ Սենաար երկիրը՝ իր աստծու մեհյանը, և այդ անոթները դրեց իր աստծու գանձարանում։ Եվ թագավորն իր ներքինապետ Ասփանեզին ասաց, որ բերի Իսրայելի որդիներից, թագավորական սերնդից և իշխանազուններից ֆիզիկական արատ բնավ չունեցող և գեղեցկադեմ, ամեն իմաստության հմուտ ու գիտության տեղյակ և հանճարեղ, թագավորական պալատի մեջ պաշտոնավարելու կարողություն ունեցող պատանիների և նրանց սովորեցնի քաղդեացիների գիրն ու լեզուն։ Եվ թագավորը նրանց համար արքայական կերակուրից և իր խմած գինուց օրական բաժին որոշեց, որպեսզի նրանց երեք տարի դաստիարակեն, որ հետո նրանք պաշտոնավարեն թագավորի առջև։ Նրանց մեջ էին Հուդայի որդիներից Դանիելը, Անանիան, Միսայելը և Ազարիան։ Եվ ներքինապետը նրանց անուններ դրեց. Դանիելին՝ Բաղդասասար, Անանիային՝ Սեդրաք, Միսայելին՝ Միսաք, Ազարիային՝ Աբեդնագով։ Դանիելն իր սրտում որոշեց, որ իրեն չպղծի թագավորի կերակուրով և նրա խմած գինով, և ներքինապետին խնդրեց, որ թույլ տա՝ դրանցով իրեն չպղծի։ Եվ Աստված ներքինապետի առաջ Դանիելին շնորհք ու ողորմություն տվեց։ Եվ ներքինապետը Դանիելին ասաց. «Ես վախենում եմ իմ տեր թագավորից, որ սահմանել է ձեր ուտելիքն ու խմելիքը. ինչո՞ւ նա ձեր դեմքը գունատ տեսնի ձեր հասակակից տղաների դեմքերից, և թագավորի առաջ իմ գլուխը վտանգեք»։ Եվ Դանիելն ասաց վերահսկիչին, որին ներքինապետը նշանակել էր Դանիելի, Անանիայի, Միսայելի և Ազարիայի վրա. «Աղաչում եմ, մի տասը օր փորձի՛ր ծառաներիդ, և թող մեզ ուտելու համար բանջարեղեն և խմելու համար ջուր տան։ Եվ թող քո առաջ երևան մեր դեմքերը և դեմքերն այն տղաների, որոնք ուտում են թագավորի կերակուրից, և ըստ քո տեսածի՛ վարվիր ծառաներիդ հետ»։ Նա համաձայնվեց նրանց հետ և նրանց տասը օր փորձեց։ Եվ տասն օր հետո նրանց դեմքերն ավելի վայելուչ էին, մարմնով գեր էին, քան թե այն բոլոր տղաները, որոնք ուտում էին թագավորի կերակուրից։ Եվ վերահսկիչը վերցնում էր նրանց թագավորական կերակուրն ու նրանց խմելու գինին և նրանց բանջարեղեն էր տալիս։ Եվ Աստված այս չորս տղաներին գիտություն և հանճար տվեց ամեն դպրության և իմաստության մեջ, և Դանիելը հասկանում էր ամեն տեսիլք ու երազ։ Երբ լրացան այն օրերը, որոնցից հետո թագավորը հրամայել էր նրանց բերել, ներքինապետը նրանց Նաբուգոդոնոսորի առաջ տարավ։ Եվ թագավորը խոսեց նրանց հետ, և նրանց մեջ չգտնվեց Դանիելի, Անանիայի, Միսայելի և Ազարիայի նման մեկը, ուստի նրանք թագավորի պաշտոնյաներ դարձան։ Իմաստության և իմացությանը վերաբերող ամեն բանի մեջ, որ թագավորը հարցնում էր նրանց, թագավորը նրանց իր ամբողջ թագավորության մեջ եղող մոգերից ու հմայողներից տասնապատիկ գերազանց տեսավ։ Եվ Դանիելը մնաց այնտեղ մինչև Կյուրոս թագավորի առաջին տարին։