ԱՄՈՎՍ 7
7
Մորեխների տեսիլքը
1Տեր Աստված ինձ այսպես ցույց տվեց. ահա վերջին խոտի բուսնելու սկզբում մորեխներ ստեղծեց, և ահա վերջին խոտը թագավորի հունձից հետո էր։ 2Եվ երբ որ երկրի խոտն ամբողջովին կերան, այն ժամանակ ես ասացի. «Ո՛վ Տեր Աստված, աղաչում եմ, ների՛ր. Հակոբն ինչպե՞ս կանգնի, քանի որ փոքր է»։ 3Տերը զղջաց սրա համար։ «Չի լինելու»,- ասաց Տերը։
Կրակի տեսիլքը
4Տեր Աստված ինձ այսպես ցույց տվեց. և ահա Տեր Աստված կանչում էր, որ կրակով դատի. և այն լափեց Մեծ անդունդը և ուտում էր տարածքը։ 5Եվ ես ասացի. «Ո՛վ Տեր Աստված, դադարեցրո՛ւ. Հակոբն ինչպե՞ս կանգնի, քանի որ փոքր է»։ 6Տերը զղջաց սրա համար։ «Սա ևս չի լինելու»,- ասաց Տեր Աստված։
Կապարալարի տեսիլքը
7Եվ ինձ այսպես ցույց տվեց. Տերն ահա կանգնել էր կապարալարով կառուցված պատի վրա, ձեռքին՝ մի կապարալար։ 8Եվ Տերն ինձ ասաց. «Ամո՛վս, ի՞նչ ես տեսնում», և ես ասացի. «Մի կապարալար»։ Եվ Տերն ասաց. «Ահա ես կապարալար եմ դնում իմ Իսրայել ժողովրդի մեջ, այլևս նրան չեմ խնայելու։ 9Եվ ավերակ պիտի դառնան Իսահակի Բարձր տեղերը, և պիտի քանդվեն Իսրայելի սրբարանները, և ես սրով Հերոբովամի տան դեմ պիտի կանգնեմ»։
Ամովս և Ամասիա
10Ապա Բեթելի քահանա Ամասիան լուր ուղարկեց Իսրայելի Հերոբովամ թագավորին՝ ասելով. «Իսրայելի տան մեջ Ամովսը դավադրում է քո դեմ, երկիրը չի կարող տանել նրա բոլոր խոսքերը։ 11Որովհետև Ամովսն այսպես է ասում. “Հերոբովամը սրով պիտի մեռնի, և Իսրայելն իր երկրից անպատճառ գերի պիտի տարագրվի”»։
12Եվ Ամասիան ասաց Ամովսին. «Ո՛վ տեսանող, գնա՛, փախի՛ր Հուդայի երկիրը և այնտե՛ղ հաց կեր ու այնտե՛ղ մարգարեացիր։ 13Եվ Բեթելում այլևս չշարունակես մարգարեանալը, որովհետև այն թագավորի սրբարանն է և թագավորության տաճարն է»։
14Ամովսը պատասխանեց և ասաց Ամասիային. «Ես մարգարե չեմ և ոչ էլ մարգարեի որդի, այլ հովիվ եմ ես և մոլաթուզ քաղող։ 15Բայց Տերն ինձ վերցրեց հոտերի հետևից և Տերն ինձ ասաց. “Գնա՛, մարգարեացի՛ր Իսրայելի իմ ժողովրդին”։ 16Իսկ հիմա Տիրոջ խո՛սքը լսիր. “Դու ասում ես՝ Իսրայելի մասին մի՛ մարգարեացիր և մի՛ քարոզիր Իսահակի տան դեմ”։ 17Ուստի Տերն այսպես է ասում. “Քո կինը քաղաքի մեջ պիտի պոռնկանա, քո որդիներն ու դուստրերը սրով պիտի ընկնեն, և քո երկիրը լարով պիտի բաժանվի, դու անմաքուր հողի վրա պիտի մեռնես, և Իսրայելն էլ իր երկրից անպատճառ գերի պիտի տարագրվի”»։
Արդեն Ընտրված.
ԱՄՈՎՍ 7: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018